ТОП просматриваемых книг сайта:
Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Читать онлайн.Название Անցյալից
Год выпуска 0
isbn 9781772467406
Автор произведения Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Жанр История
Издательство Автор
Եզոպոսյան լեզուն ավելի ակնարկներով էր կռահել տալիս, թե ովքեր են այդ Ասլանները, Կարոները, Սագոները եւ այլն։ Դրանք, բացատրում էր հեղինակը, այսօրվա մարդիկ չեն, այսօր դեռ չկան, գոյություն չունեն, բայց վաղը, մյուս օրը կլինեն, դուրս կգան գործելու։ Պետք է խոստովանել, որ Րաֆֆու տաղանդի ամենախոշոր հատկությունն այն էր, որ նա ըմբռնում էր օրվա տրամադրությունները, դրանք վերարտադրում գեղարվեստական պատկերների մեջ, որոնց միջոցով դնում էր հասարակական մտքի առաջ ոչ միայն տիպեր, այլեւ ամբողջ ծրագրեր։ Այսպիսով Րաֆֆին ոչ միայն տաղանդավոր վիպագրող էր, սնված գլխավորապես Էժեն Սյուի եւ նրա նման ուրիշ բուլվարային ռոմանտիկներից, որոնք ավելի հեքիաթ էին տալիս, քան թե կյանք, այլեւ հանդիսանում էր ռազմագետ-հրամանատար, որ ծրագրում էր մի ամբողջ ժողովրդական պատերազմ. մի պատերազմ, որ տասնյակ տարիների ընթացքում պիտի մղեր փոքրիկ, թույլ, ստրկության մեջ դարերով ընդարմացած հայ ժողովուրդը օսմանյան ահեղ բռնակալության դեմ։
Այս ռազմավարության համար նրա վիպած միջոցները, տակտիկան անխախտ մնացին, եւ ոչ ոք` թե՛ անհատներ եւ թե՛ ամբողջ բազմամարդ կազմակերպություններ, չկարողացան, ընդունակություն չունեցան մի նշանակալի փոփոխություն, մի արմատական նոր շեշտ մտցնել րաֆֆիական ռազմավարական հատակագծի մեջ։ Հազիվ թե կարելի լինի հավատալ, թե Րաֆֆին ճիշտ որ այդքան անսխալական համարեր իրեն։ Իր կենդանության ժամանակ նա տեսավ միայն Էրզրումի «Պաշտպան Հայրենյաց» թույլ ու խեղճ կազմակերպությունը, որ նախքան կկարողանար մի որեւէ հեղափոխական գործ սկսել, ընկավ թուրք կառավարության ձեռքը եւ ոչնչացավ դատաստանական պատիժների միջոցով։
«Կայծերից» հետո Րաֆֆին ծրագիր-վեպեր չտվեց։ Միակ թույլատրված միջավայրը, ուր նա կարող էր ծավալել իր ազգասիրական երեւակայությունները, մնում էր պատմությունը։ Եվ նա իր «Սամվել» մեծ վեպի վրա էր աշխատում, երբ մեռավ 1888-ին։ Սակայն նա ամուր հիմք էր դրել, հիմնել էր դպրոց։ Եվ 80-ական թվականների հայդուկային գրականությունը միայն կերպարանափոխվում էր գրաքննական խարազանների ազդեցության տակ` չկորցնելով իր ներքին բովանդակությունը։ Նա տեղափոխվեց Թիֆլիսից Պետերբուրգ, ուր գրաքննական պայմանները մի քիչ ավելի նպաստավոր էին։ Պետերբուրգի հայ ուսանողական կազմակերպությունն էր, որ էժանագին փոքրիկ ժողովրդական բրոշյուրների մի երկար շարքի հրատարակություն սկսեց։ Այդ հրատարակություններն իրենց թեթեւությամբ եւ դյուրագնությամբ (2, 3, 5 կոպեկ) թափանցում էին հայ ժողովրդի խորքերը մեծ քանակությամբ։ Նրանք գրեթե բացառապես թարգմանական էին, եւ նրանց մեծագույն մասը վերաբերում էր բուլղարների հայդուկային հեղափոխությանը։ Ո՞վ չի հիշում այդ բրոշյուրները։