ТОП просматриваемых книг сайта:
Անցյալից. Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Читать онлайн.Название Անցյալից
Год выпуска 0
isbn 9781772467406
Автор произведения Գրիգորի Բաբախանյան (Լեո)
Жанр История
Издательство Автор
Այս փաստաբանության ամենացայտուն օրինակը տալիս է «Թէ ինչ շահեցանք Պէրլինի դաշնագրէն»24 բրոշյուրը, որ նույն այդ միջոցին Կ.Պոլսում հրատարակեց Բեռլին գնացած պատվիրակության քարտուղար Մինաս Չերազը25։ Ես հիշում եմ, թե որպիսի մանկական ոգեւորությամբ էինք մենք կարդում այդ փոքրիկ տետրակն այն օրերին, երբ Հայոց հարցը դեռ խանձարուրի մեջ էր, երբ այդ գրությունն օրվա ամենախոշոր նորությունն էր։ Չերազն այդտեղ ամենափառավոր կերպով ապացուցում էր, որ մինչեւ Բեռլինի կոնգրեսը Հայոց հարցը գոյություն ուներ միայն երկու պետությունների` Ռուսաստանի եւ Թուրքիայի մեջ, իսկ Բեռլինի կոնգրեսում այն դարձավ եվրոպական միջազգային հարց, եւ հայերին պաշտպանողն այսուհետեւ մի հատ Ռուսաստանը չպիտի լինի, այլ ամբողջ հավաքական Եվրոպան։ Այս պատկերացումը թեւավոր էր, գնաց նվաճելու բոլոր մտքերը, բազմելու ամեն մեկի բերանում։ Ուռճանում էր ազգային գոռոզությունը, հայ ժողովուրդը բարձրացնում էր իր գլուխը` ինչպես վայել էր ամբողջ Եվրոպայի խնամակալության եւ քնքուշ հոգսերի առարկա դարձած մի ժողովրդի։
Այսօր Մինաս Չերազի բրոշյուրը մի հուշարձան է քաղաքական անգրագիտության, համբակային միամտության եւ անուղղելի ռոմանտիզմի։ Իսկությունը, որ այն ժամանակ էլ չէր կարող անհայտ մնալ պայծառ ու հեռատես մտքերին, պիտի, ընդհակառակը, մեծ դժբախտություն համարեր, որ հայությունը գցվում է միջազգային հարաբերությունների այն խառնարանը26, որի անունն էր Արեւելյան հարց։
Հայտնի էր շատերին, որ հենց այս ժամանակ էլ` ռուս-թուրքական պատերազմի հետ միասին, եվրոպական քաղաքականության մեջ վերջանում էր մի շրջան, որի հետ շատ խառն էր ռոմանտիզմը։ Գլադստոնն Անգլիայում եւ Գորչակովը Ռուսաստանում այդ տիպի դիվանագետների վերջին ներկայացուցիչներն էին։ Նոր սերունդն արդեն միմիայն իրական շահերն էր ճանաչում իբրեւ տեր եւ հրամանատար ազգերի փոխադարձ հարաբերությունների մեջ. բարոյական սկզբունքներ, արդարություն գոյություն չունեին նրա համար։ Եվրոպական կապիտալիզմն արդեն մտնում էր իր զարգացման այն շրջանի մեջ, որ կոչվում է իմպերիալիզմ։
Թուրքիան առաջվանից անհամեմատ ավելի մեծ չափերով էր դառնում այդ կապիտալիզմի հարստահարչական շահատակությունների ասպարեզ։ Մրցակցությունը կատաղի կերպարանք էր ստանում` կատարելապես անհնարին դարձնելով, որ մեծ կոչված պետությունների մեջ համաձայնություն կազմվի Թուրքիային վերաբերող որեւէ հարցի մեջ միաբան գործելու համար։ Այս մրցությունների մեջ հայ ժողովուրդն իր դառը տանջանքներով դառնում էր առուծախի առարկա։ Եթե մեկը հայերի պաշտպան էր հանդիսանում սուլթանին վախեցնելու եւ նրանից շահավետ ձեռնարկություններ կորզելու համար, ապա մյուսը գնում էր սուլթանին պաշտպանելու` ընդդեմ այդ հայասեր դիմակավորված ախոյանի` իր այդ պաշտպանությունը հնչուն դրամի վերածելու համար։ Սկսած Սան Ստեֆանոյի դաշնագրի գոյության առաջին իսկ օրից` թուրքահայ
23
Ներսես Վարժապետյան (1837-1884) – Կ.Պոլսի հայոց պատրիարք 1874-ից. Հայոց հարցի լուծման համար հույսը դրել էր Եվրոպայի եւ Ռուսաստանի վրա, սակայն կյանքի վերջում հիասթափվեց բոլորից։
24
Պետք է լինի «վեհաժողովէն»։ Թարգմանվել եւ զետեղվել է անգլիական պաշտոնական տեղեկագրում (հիմնականում արտաքին քաղաքականությանը վերաբերող)՝ «Կապույտ գրքում»։
25
Մինաս Չերազ (1852-1929) – Մ.Խրիմյանի, Ս.Փափազյանի եւ Խ.Գալֆայանի հետ եղել է Բեռլինի կոնգրեսին մեկնած հայոց պատվիրակության կազմում։ Վարժապետյանի, Իզմիրլյանի, Նուբարի հետ տարբեր տարիների հանդիպել է Գլադստոնին, Նիկոլայ Բ-ին, Ստոլիպինին եւ այլ առաջնորդների՝ Հայոց հարցի առնչությամբ։ Արդյունավետորեն զբաղվել է նաեւ ուսուցչությամբ, հայագիտությամբ, գրականությամբ, բարեգործությամբ։ Աճյունը Կոմիտասի աճյունի հետ բերվել է Երեւան, ամփոփվել Չերազի միջոցներով կառուցված՝ Նուբարաշենի դպրոցի բակում, սակայն խորհրդահայ բոլշեւիկ ճիվաղները հետագայում անհետացրել են այն (տե՛ս «ԱրմենիաՆաու», մարտի 30, 2007, Վահան Իշխանյանի «Կորսված աճյուն. կվերականգնվի՞ Մինաս Չերազի հիշատակը» հրապարակումը)։
26
20-րդ դարավերջին այս մտայնության լավագույն մերկացնողն ու դրան այլընտրանք առաջարկողը եղավ լուսահոգի պորֆեսոր Ռաֆայել Իշխանյանը. տե՛ս նրա «Երրորդ ուժի բացառման օրենքը» (Ե., 1991)։