Скачать книгу

հայերն այս վերին աստիճանի լուրջ կենսական հարցի մեջ։ Հայ-թուրքական հարաբերությունների մեջ առաջնակարգ եւ վճռական դեր էր հատկացվում քրդերին։ Թուրք պաշտոնյաներն անդադար պրոպագանդա էին մղում նրանց մեջ` գրգռելով նրանց կատաղի ատելությունը հայերի դեմ։ Հայկական հարցը բացատրվում էր նրանց այն մտքով, թե հայերն ուզում են իրենց համար թագավորություն ստեղծել ու ստրկացնել քրդերին, թե այս վտանգից ազատվելու մի ճանապարհ միայն ունեն քրդերը՝ կոտորել հայերին։

      Այս հանգամանքը թաքուն չէր մնում հայ ղեկավարող մտավորականությունից։ Տեսնում էին քրդության լեռնացող վտանգը` իբրեւ գործիք թուրք կառավարության ձեռքին, բայց ի՞նչ էին անում։ Երբեմն լսվում էին նրանց միջից ձայներ, թե հայերը կոպիտ, զինական կռիվ չպիտի մղեն քրդերի դեմ, այլ պիտի նրանց վրա ներգործեն կուլտուրական միջոցներով, պիտի դաստիարակեն նրանց, ուսում տարածեն նրանց մեջ։ Սա, իհարկե, ուժեղ եւ էական միջոցն էր քրդերին չեզոքացնելու համար։ Բայց ցավն այն էր, որ հայ ազգայնականները հայ-քրդական բարեկամությունն այն մտքով չէին հասկանում, թե երկու դարավոր դրացի ազգերը համահավասար անդամներ պիտի լինեն այդ մերձեցման մեջ, թե պիտի հարգվեն ազգային առանձնահատուկ արժեքները։

      Ո՛չ, քրդերին ուզում էին ենթարկել հայկական կուլտուրային՝ նրանց այս միջոցով ապազգայնացնելու, հայերի հետ ձուլելու համար։ Այս խոսքերը խոսք էլ մնացին։ Ոչինչ գործ չկազմակերպվեց։ Քրդությունը թուրք կառավարությանն էր պատկանում։ Իսկ հայերն այս ահեղ օյինի դեմ հանում էին միեւնույն խղճուկ միջոցները` դիմում Եվրոպային եւ հայդուկային կռիվ։ 1880-ին Վանի առաջնորդ Խրիմյան Մկրտիչ33 արքեպիսկոպոսն անգլիական հյուպատոսին ուղարկած իր նամակի մեջ ասում էր, թե այժմ այլեւս ոչ մի կասկած չկա, որ Հայկական հարցի հետ բարձրանում է քրդական հարցը, որ կառավարության խրախուսանքներով ձուլվում է մի քրդական ընդհանուր շարժում` ընդդեմ հայերի։

      Այս թուղթը` հուսահատական մի ճիչ, արժանանում էր միայն անգլիական «Կապույտ գրքի»34 մեջ տպվելու պատվին։ Մի հանգամանք, որն իհարկե չէր ազատում գավառական թշվառ եւ անզեն հայությանը մինչեւ ատամները զինված քրդության դեմ հանդիման կանգնած լինելու դժբախտությունից։

      Հայ ղեկավարող մտավորականությունն, այսպիսով, չէր կարող արդարանալ անգիտությամբ։ Ամեն ինչ կատարվել էր օրը ցերեկով, բացահայտորեն, նրա աչքերի առջեւ։ Թուրք մամուլի սպառնալիքները հայտնվում էին իբրեւ կառավարական հաղթանակող ծրագիր։ Ոչինչ խրատ չէր վերցվում այս խոշոր հանգամանքից, որ ապագա էր ցույց տալիս, զգաստություն էր հրահանգում։

      Ու բացվում էր մի այսպիսի հանդիսարան։ Քուրդիստանի եւ Հայաստանի լեռներից առաջ էին քաշվում, շարժման մեջ էին դրվում Քսենոփոնի35 ժամանակներից իրենց քաջությամբ, կռվարարությամբ ու գիշատիչ հակումներով քաջածանոթ կիսավայրենի ցեղեր` ոգեւորված թալանելու եւ կոտորելու կատարյալ ազատությամբ։ Իսկ նրանց դեմ հանդիման հյուսիսից ու արեւելքից գնում էին հատուկտոր մարդիկ, մեծագույն մասամբ պատանիներ` հաճախ ոչ միայն առանց զենքի, այլեւ առանց մի կտոր հացի իրենց մախաղում։

      Ովքեր էին դրանք։ «Խենթը» կարդացողներ, ամեն օր հանդիսավորապես «Ձեռքերս կապած, ոտքերս շղթա, Եվրոպան կասե`

Скачать книгу


<p>33</p>

Մկրտիչ Ա Վանեցի Խրիմյան Հայրիկ (1820-1907) – Ժողովրդի կողմից ամենասիրված Ամենայն հայոց կաթողիկոսը Հայ եկեղեցու ողջ պատմության ընթացքում, մեծարվել է «Հայրիկ» պատվանվամբ։ 1868-ին օծվել է եպիսկոպոս, 1869-73թթ. եղել է Կ.Պոլսի պատրիարքը, 1892/93-ից՝ Ամենայն հայոց կաթողիկոս։ Ղեկավարել է Բեռլինի կոնգրեսին մասնակցելու մեկնած հայկական պատվիրակությունը։ Հայտնի «թղթե շերեփ» արտահայտության հեղինակն է։ Հիասթափվելով քրիստոնյա երկրների խաղերից՝ փարել է ազգային-ազատագրական շարժման գաղափարին։ Ծավալել է նաեւ ուսուցչական, հրատարակչական, քարոզչական, բարեգործական բուռն գործունեություն։

<p>34</p>

Արտաքին աշխարհին վերաբերող անգլիական պաշտոնական տեղեկագիր-ժողովածու։ Ֆրանսիականը՝ «Դեղին գիրք», ռուսականը՝ «Նարնջագույն գիրք»։

<p>35</p>

Քսենոփոն Աթենացի (Ք.ա. 430-355) – Հին հույն պատմիչ եւ մտածող, նրա «Անաբասիս» եւ «Կյուրոպեդիա» աշխատություններում հարուստ տվյալներ կան հին հայերի, ինչպես նաեւ քրդերի մասին։