Аннотация

Եթե փորձենք մի երկու բառով ամփոփել այս գրքի հիմնական միտքը, ապա այն հստակ է. 1915-ի աղետի մեղավորը հեղինակը համարում է մի կողմից ռոմանտիկական հեղափոխականությունը՝ ազգայնականությունը եւ իմպերիալիզմը՝ մյուս կողմից: Ինչ-որ տեղ մենք բոլորս կհամաձայնվենք դրա հետ: Լեոյի ինքնատիպությունը դա չէ: Ազգայնական սխեման մեզ համարյա նույն է ասում. հայ ժողովուրդը հերոսական պայքար է մղել, իսկ եվրոպական տերությունները սուտ խոստումներ են տվել եւ ապա դավաճանել նրա ազատագրության գործին: Այս սխեմայում ազգայնականությունը եւ իմպերիալիզմը ինչ-որ հակադիր երեւույթներ են: Լեոն համոզիչ կերպով ցույց է տալիս, որ առաջինը՝ ազգայնականությունը բոլորովին էլ անկախ երեւույթ չէ եւ գաղափարապես սնվում է երկրորդից՝ իմպերիալիզմի գաղափարախոսությունից: Ժամանակ առ ժամանակ հայկական ազգայնականությունը կողմնորոշված է եղել դեպի բրիտանական իմպերիալիզմը, ժամանակ առ ժամանակ դեպի ռուսական իմպերիալիզմը եւ եղել է նրանց կույր գործիքը կամ ավելի պարզ ասած հայկական ազգայնականությունը միշտ ծառայել է կայսրությունների շահերին : Գիրքը պատրաստվել է եւ հրատարակվել է Մոսկվայի Արեւմտահայերի Հայրենակցական Միության ֆինանսական աջակցության շնորհիվ