Скачать книгу

էր, շատ հարկավոր էր, բայց հայ ժողովուրդը բոլորովին հարկավոր չէր։ Այսպես էր մի բռնակալի կամ նրա ստրուկ պնակալեզի քմահաճույքը, որից ամբողջ ժողովուրդներ էին ոչնչանում, անհետ կորչում։

      Ազատական (լիբերալ) Անգլիան էր հայերի անկեղծ բարեկամը համարվում։ Բայց այս բնագավառում էլ երեւան էին գալիս նշաններ, որոնք ցույց էին տալիս, թե, անշուշտ, ցնորամիտներ են նրանք, ովքեր կարծում են, թե քաղաքագիտության մեջ բացի կոպիտ եւ եսամոլ հաշիվներից կա ուրիշ որեւէ սրբություն։ Լորդ Ռոզբերին, քանի դեռ հարցը թղթե պահանջներ անելուն էր վերաբերում, համաձայն էր Գլադստոնի հետ, բայց երբ բանը եկավ հասավ այն աստիճանին, որ պետք էր հարկադրել սուլթանին, որ նա կատարի այդ թղթե պահանջները, Ռոզբերին հրաժարվեց Գլադստոնի առաջարկած ստիպողական միջոցները գործադրելուց ու մի ճառ արտասանեց պառլամենտում, որով ոչնչացրեց իր գործադրած բոլոր հայանպաստ ջանքերը։ Նա, իհարկե, նույնքան իրավացի էր իր տեսակետի մեջ (թե այլ է թուղթը եւ այլ է ստիպմունքը), որքան [որ] իրավացի էր Գլադստոնը 1880 թվին` ճիշտ նույնանման հանգամանքների մեջ։ Բայց անգլիական հայասիրությունն ուրիշ հրաշք էլ ուներ իր մեջ։ Ռոզբերիի կառավարությունը հեռացավ գործերից, նրա տեղը բռնեց Սոլսբերիի կառավարությունը։ Եվ ո՜վ սքանչելիք. Սոլսբերին, որ Կիպրոսի դաշնագիր էր հնարել Բեռլինում, Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածն էր այլանդակել, որ ջնջել էր Հայաստան անունը եւ այն փոխարինել Քուրդիստան անունով, այժմ հանդես էր գալիս իբրեւ ջերմ պաշտպան Հայոց հարցի…

      Սա շատ պարզ ցույց էր տալիս, որ արտաքին հրահասուն ջերմության տակ իբրեւ իրական հիմք փռված էր վաճառականի որոշ հաշիվների սառցակույտը։ Թե՛ 1880-ին` Գլադստոնի ժամանակ, եւ թե՛ 15 տարի անցած՝ Ռոզբերիի ու Սոլսբերիի ժամանակ Անգլիայի ցավն ու հոգսն ասիական Թուրքիայի խորքերում տանջանքների մեջ գալարվող մի բուռ ժողովուրդը չէր, այլ միշտ միեւնույն, կյանքի եւ մահվան նշանակություն ունեցող հարցը` Անգլիայի տիրապետությունը Եգիպտոսում։ Ինչպես 15 տարի առաջ, այնպես էլ այժմ, Հայոց հարցը անգլիական ազատամիտների եւ պահպանողականների ձեռքով շահագործվում էր իբրեւ միջոց սուլթանին ստիպելու, վախեցնելու եւ այդպիսով նրանից նոր զիջումներ ստանալու Եգիպտոսի վերաբերմամբ։ Տարբերվում էին միայն շահագործման միջոցները։ 1880թ. հայ ժողովուրդը դեռ ապրում էր, թեեւ տանջանքներով։ Իսկ 1894-1895-ին նա այլեւս ապրող ժողովուրդ չէր, այլ մորթվող։ Եվ նրա լճացած արյունն էր, որ չափով-կշռով կանոնավորապես վաճառվում էր Կ.Պոլսում, Պետերբուրգում, Բեռլինում, Լոնդոնում ու Փարիզում։

      Իսկ հայ երազասուն հեղափոխությունն այդ միջոցին կրկնապատկում էր իր անարժեք եռանդը։ 1895-ի ամբողջ ամառն անցավ անհայտության մեջ։ Չգիտեին` պիտի ընդունի՞ սուլթանը Մայիսյան ռեֆորմները, թե՞ ոչ։ Գրագրությունները դեսպանների եւ թուրքաց կառավարության միջեւ դեռ չէին վերջացել։ Եվ ահա Հնչակյան կուսակցությունը կորցնում է իր համբերությունը։ Նա չափազանց անթույլատրելի գտավ սուլթանի դանդաղկոտությունը եւ որոշեց ստիպել նրան, որ շուտ ստորագրի ռեֆորմները։ Չէր մոռացվել անցյալի փառքը. հինգ տարի առաջ Գում-Գափուի ցույցն էր, այժմ` 1890-ի հուլիսյան օրերին մի ուրիշ ցույց պիտի լիներ։ Հիշում եմ տարիներ հետո տեղի ունեցած մի լրագրական վեճ` թուրքահայ հայտնի գրող Լեւոն Բաշալյանի եւ հնչակյան հին հեղափոխական Ռ[ուբեն] Խանազատի103

Скачать книгу


<p>103</p>

Տեքստում գրված է Խանազադյան, որ ուղղել ենք. խոսքը «Հնչակ» թերթի համահիմնադիրներից Խանազատի (Ռուբեն, Նշան Կարապետյան) (1862-1929) մասին է, ով իրոք եղել է Գում-Գափուի կազմակերպիչներից։