Скачать книгу

Թեեւ այդ միջամտության հետեւանքով Թուրքաhայաստանը սպանդանոցի էր փոխարկվել եւ ամայացել. բայց եւ այնպես, հայ հեղափոխականները պատրաստ էին դեռ ուրիշ մնացորդներ էլ զոհել եվրոպական սկսված միջամտությունը կայուն եւ գործուն դրության մեջ պահելու համար։

Զ

1895-ի նոյեմբերին, այն ժամանակ, երբ հայկական կոտորածները նոր էին սկսում ընդհանրանալ վեց դժբախտ վիլայեթներում, բախտն ինձ հաջողեցնում էր ազատվել Բաքվի դժոխք մթնոլորտից, որի մեջ ես ապրել էի երկու եւ կես տարի` իբրեւ խորթ ու օտար մի մարդ, իբրեւ ակամա պանդուխտ` երկնքի այցելության սպասող։ Ոչինչ չէի կարողանում անել այդ չար ու անհոգի երկրում, ոչինչ այնպիսի բան, որ բավարարություն տար իմ հոգեկան պահանջներին։ Գրական աշխատանքը մի կողմ էի նետել, օր ու գիշեր նվիրված էի «Արոր» տպարանին, որ դարձել էր մի խոշոր հիմնարկություն իմ «խոզեինների» համար։ Աշխատանք անելու պահանջով մտրակված` ես կազմում էի օրացույցներ, որոնք սկսել էին արդեն լույս տեսնել եւ լավ տարածում էին գտնում։

Այսպիսի դրության մեջ ինձ համար երկնքի իսկական «այցելություն» էր «Մշակ» լրագրի հրատարակիչ, պրոֆեսոր Անդրեաս Արծրունու108 նամակը, որն առաջարկում էր ինձ մշտական աշխատակցի, խմբագրական քարտուղարի եւ էքսպեդիտորի109 պաշտոն` 1000 ռուբլի տարեկան ռոճիկով։ Իմ «խոզեինները» դրանից մի քիչ ավել էին տալիս, բայց ես թողեցի ամեն ինչ, շտապեցի Թիֆլիս, ուր ոչ միայն գրական կյանքն էր խտացած, այլեւ, եթե կարելի է այսպես ասել, կերտվում էր հայոց ժամանակակից պատմությունը։ Ես մտա այն ժամանակվա գործող երիտասարդության շրջանները, ծանոթացա քաղաքական եւ հեղափոխական տրամադրություններին։

Պետք է ասեմ, որ «Մշակի» խմբագրատան մեջ ես գտա բավական զգաստ եւ լրջմիտ վերաբերմունք դեպի կատարվող սարսափելի դեպքերը։ Խմբագրության գլխավոր ղեկավարն էր Խաչատուր Մալումյանը, որ վերջը դարձավ դաշնակցական գլխավոր շեֆերից մեկը` Է. Ակնունի110 կեղծանվամբ. 1895-ին նա դեռ գունավորված դաշնակցական չէր եւ իր համակրանքներով ավելի դեպի հնչակականությանն էր թեքված, թեեւ «Մշակի» խմբագրությանն ավելի մոտ էին կանգնած Դաշնակցության գլխավորները եւ ամենից շատ` Քրիստափոր Միքայելյանը, որ այն ժամանակ «Новое обозрение»111 թերթի սրբագրիչն էր եւ շատ հաճախ (գրեթե ամեն օր) գալիս էր մեզ մոտ։ Շատ անգամ էին մեր խմբագրատանը վիճաբանություններ սկսվում Թուրքահայաստանի դրության մասին։ Մալումյանը միշտ վրդովված էր, երբ հեղափոխականներից լսում էր, թե Սասունի եւ այլ տեղերի կոտորածները հարկավոր էին, որպեսզի Եվրոպան ճանաչի հայ ժողովրդին, տեղեկանա նրա դատին…

– Կոտորել տալ 100, 200 եւ ավելի հազար մարդ` լոկ մեր փոքրիկ ժողովուրդը ճանաչեցնել տալու համա՞ր, – բացականչում էր Մալումյանը տաքացած, – այս ի՞նչ աշխարհայեցողություն է, ասացե՛ք` խնդրեմ…

Միեւնույն հայացքին էին եւ խմբագիրը` Ալեքսանդր Քալանթարը112 եւ մյուս գլխավոր աշխատակիցը` Հովհ. Տեր-Մարկոսյանը։

Այսօր մեկիկ-մեկիկ վեր հանելով այն ծանր, մղձավանջային օրերի բոլոր անցուդարձերը, ես համակվում եմ այն խոր համոզմունքով, որ երբեք Անգլիան իր բացարձակ հակահայկական արարքներով այնքան ահավոր վնասներ չի պատճառել հայ ժողովրդին, որքան պատճառել է 1895-ի իր ջերմ

Скачать книгу

108

Անդրեաս Արծրունի (1847-1898) – Գրիգոր Արծրունու եղբայրը, քիմիայի դոկտոր, նշանավոր երկրաբան, բազում գյուտերի հեղինակ, եվրոպական մի շարք համալսարանների պրոֆեսոր, Պետերբուրգի, Թուրինի, Բավարիայի ակադեմիաների թղթակից անդամ, նրա անունով է կոչվում «Արծրունիտ» միներալը։ Զբաղվել է նաեւ հայագիտությամբ, ազգագրությամբ, հովանավորել է եղբոր «Մշակ» թերթը նաեւ նրա մահից հետո։

109

Բաժանմունքի վարիչ ցարական ժամանակների հիմնարկներում։

110

Ակնունի (Խաչատուր Մալումյան) (1860-1915) – Հրապարակախոս, թարգմանիչ, ծնունդով մեղրեցի։ Սպանվել է Հարություն Ճանկյուլյանի, Ռուբեն Զարդարյանի, Խաժակի եւ այլոց հետ։

111

Ռուսերեն՝ «Նոր հայեցում (տեսություն, հանդես)»։

112

Ալեքսանդր Քալանթար (1855-1913) – Հարավային Կովկասում անասնաբուծական գիտության հիմնադիրը, նաեւ՝ գրող, թարգմանիչ, գրականագետ, թատերագետ, Կադետական կուսակցության անդամ, 1893-ից մինչեւ կյանքի վերջը խմբագրել է «Մշակը», գլխավորել է Հայ հրատարակչական ընկերությունը, նշանավոր թատերական գործիչ Լեւոն Քալանթարի հայրը եւ պրոֆեսոր, աշխատանքային հերոս Ավետիս Քալանթարի եղբայրը։