Скачать книгу

այնպիսի քաղցրաբույր կերակուր եփել: Բայց քույրս նորերից չէ, նա կարծում եմ, որ լավ տնարար պիտի լինի և համոզված եմ, որ քեզ այսօր անփոխարինելի պատվական տժվժիկ կերցրած է. խո սխալված չե՞մ: Հը՞, լավն էր, չէ՞, – ասաց ժամի զավթում կանգնելով Նիկողոս-աղան, աչքերն ուղղելով Ներսես-ախպոր երեսին:

      – Ի՞նչպես չէ, ի՞նչպես չէ, հրաշալի էր, – ասաց Ներսես-ախպարը և շտապեց եկեղեցի: Բայց եկեղեցում փոխանակ աղոթելու, փոխանակ փառաբանելու, սկսեց գանգատվել իր տիրոջից, թե բավական չէր, որ նրան այդ վիճակի մեջ էր գցել, բավական չէր, որ այդքան զրկանքների և անարգանքների էր մատնվել, այժմ էլ տանջվում էր Նիկողոսի` նման մի փառասերի ճանկում:

      Հետևյալ առավոտ բազար էր գնացել Ներսես-ախպարը: Սիրտը մի ֆինջան սուրճ խմել ուզեց ու մտավ սրճարան: Կային այնպիսի բարի հոգիներ, որոնք նրա անցկացրած փառքի օրերից քաջ տեղյակ լինելով, առանց նկատելու, միայն մի ակնթարթով ղայֆաջուն իմացնում էին, որ մի ֆինջան սուրճ տա Ներսես-ախպորը: Այնպես որ, առանց մարդ իմանալու, առանց մեկի մյուսի գիտենալու, սա, նա մի-մի ֆինջան սուրճով պատվում էին տնանկին և նա, որպես իր գրպանից վճարելով, պատվավոր կերպով հեռանում էր սրճարանից: Սովորականի համաձայն, երբ սկսեց սուրճը խմել, Նիկողոս-աղան մտավ սրճարան և անմռունչ բարևելով նստավ Ներսես-ախպոր դիմաց: Ներսեսի սուրճը քթից եկավ: Նա զգաց, որ Նիկողոսը անպատճառ իր բարերարության խոսքը բանալու է, այն էլ հրապարակով: Եվ իսկապես, սուրճի ֆինջանը ձեռքին, չիբուխի ծխախոտը ծխելով՝ ասաց Նիկողոս-աղան.

      – Հը, ինչպե՞ս ես, Ներսես-ախպար, երեկ լավ ախորժակով վայելեցի՞ք տժվժիկը, համո՛վ էր, հը՞: Մարդու քեֆը կգա, երբ սրտի ուզածին պես պատրաստեն կերակուրները:

      – Ինչպե՞ս չէ, ինչպե՞ս չէ, – կմկմաց Ներսես-ախպարը, հուսալով, որ Նիկողոս-աղան իր պատվից կամաչե և չի պարզի թոքի պատմությունը, թեև սիրտը բորբոքումից արդեն սկսել էր արագ-արագ թրթռալ:

      – Այդ ի՞նչ տժվժիկ է, – մեջ ընկավ սրճարանի հյուրերից մեկը:

      – Ոչինչ, – ասաց Նիկողոս-աղան, ծանրացնելով խոսքը, – երեկ մեր մսագործի մոտ մի լավ թոքը տեսա. սիրտս ուզեց, առա, որ տուն ուղարկեմ, բայց ափսոսացի, որովհետև մեր տնեցին կարգին չի կարող ուզածս տժվժիկը եփել: Այդ մտմտուքի մեջ էի, որ պատահեց Ներսես-ախպարը, իսկույն տվի նրան: Ասի, մեկ չէ՞ մեր տուն ղրկած, ձեր տուն ղրկած: Փառք աստծու, մենք դրացիներ ենք, ջոկողություն երբեք դրել չենք իրար մեջ, «իմ ու քո» ե՞րբ է մտել մեր մեջ, ո՞վ է փնտրել: Մենակ քեֆս եկավ, ես հավատացած եմ, որ քույրս չէր փչացնի այն պատվական թոքր, կարգին բան կեփեր: Իմ ուզածն էլ այն է, որ բանը տեղն առնե ու լազաթ ունենա: Մեր տուն որ ղրկեի՝ զահրումար էր դառնալու, ո՞վ կարող էր թիքա ուտել: Լավ բանը սիրում եմ, գիտեմ, որ քույրս այնպես տապակած կլիներ, որ Ներսես-ախպարը համից, հոտից հարբած` մատներն էլ խածոտած կլիներ տժվժիկի պատառների հետ: Դեհ, այժմ շարունակությունը դու պատմե, Ներսես–ախպար, ես իմս պրծա:

      – Էհ, ինչ պատմեմ, շնորհակալ եմ, եփեցինք, կերանք, պրծանք գնաց, – ասաց Ներսեսը կարմրելով:

      – Անուշ լինի, խոսքս դրա մասին չէր: Ուզում էի իմանալ, թե կարգի՞ն էր տապակած տժվժիկը, Համո՞վ էր:

      – Շատ համեղ, շատ ախորժելի, – ասաց սիրտը մորմոքելով Ներսես-ախպարը` ողջ անձով քրտնած, թրջված:

      – Այդ հասկանում եմ, մարդ ուզածը գտնե, տեղովը, տեղակի:

      Ներսես-ախպարը դուրս եկավ այլևս կիրքը չկարողանալով զսպել, բայց Նիկողոսին էլ

Скачать книгу