ТОП просматриваемых книг сайта:
Սալբի. Րաֆֆի
Читать онлайн.Название Սալբի
Год выпуска 0
isbn 9781772467017
Автор произведения Րաֆֆի
Жанр Зарубежная классика
Издательство Автор
Երբ վարպետ Պետրոսը ավարտել էր յուր երազի պատմությունը, զարդարած արևելյան գեղեցկախոսության պաճուճանքով, մահտեսի Ավետիսի կնճռոտ երեսը պարզվեց. նա փաթաթվեց վարպետ Պետրոսի վզով, գրկախառնվեց նրա հետ, ասելով.
– Ախ, իմ սիրելի բարեկամ, միթե չդիտեք թե ո՛վ է եղել այն երկնային ալևորը – սուրբ Կարապետը, իմ բարեկամ, փառք տվեք աստծուն, մեր ուխտը ընդունելի է եղել երկնքում…: Տերը սուրբ Կարապետի բարեխոսությամբ կկատարե մեր փափագները…: Ապա ի՞նչ են նշանակում այն երկու անունները – երկու խընձորների վրա:
Վարպետ Պետրոսը տեսավ, որ յուր բարեկամի ասածնեը հեռու չէին ճշմարտությունից, և իրոք նրա սրտում տպավորվեց այն միտքը, թե յուր երազը մի այլ խորհուրդ չուներ, քան թե յուր լսածները մահտեսի Ավետիսից:
– Ճիշտ է ձեր խոսքը, Մահտեսի, – կրկնեց վարպետ Պետրոսը. – ճշմարիտ, դուք մի կատարյալ երազահան եք: Եղբայր, ես մտաբերում եմ երեխայությանս ժամանակ լսած հեքիաթները իմ պառավ տատիցս, որպիսին են Թըհարի և Զոհրայի, շահ-Սմայելի և այլ սիրավեպերը: Նրանց ծնողները, որ անժառանգ եղբայրներ են եղել, երազում տեսնում են մի դերվիշ, որ նրանց տվել է խնձոր և դրանով նրանք ծնել են զավակներ` առաջուց ուխտելով ամուսնացնել միմյանց հետ ծնվածները, եթե նրանք երկսեռ լինեին,
– Ա՛խ, եղբայր, այդ ուխտը մենք ևս անենք, – նրա խոսքը կտրեց մահտեսի Ավետիսը:
– Շատ բարի, շատ լավ, – ուրախանալով պատասխանեց վարպետ Պետրոսը մեր հավատարիմ բարեկամությունը թող լինի խնամություն:
– Խնձորների վրա գրված «Հովհաննես», «Սալբի» անունները նույնպես ցույց են տալիս, թե ծնվածները տղա և աղջիկ են լինելու…:
– Անտարակույս…անտարակույս…
Աստուծո լույսը բացվեց:
Վանքի զանգակների խուլ և ձգական ձայնը լսելի եղավ թփապատ բլուրների մեջ: Ժամհարները սկսեցին հրավիրական կոչ կարդալ ուխտավորների իջևանների առջև, որ աղոթքի գան:
Երկու բարեկամները լի բախտավոր հույսերով գնացին վանք: Միաբաններից մի սրբակրոն վարդապետի (որ այն օր պատարագիչ էր տիրոջ սեղանի վրա) առաջարկեցին առատ «հիշոց» – մի քանի աշրաֆի8, որ նրանց ուխտադրության հաստատության համար աղոթեր պատարագի միջոցին: Այն օր նրանք մատաղ մորթեցին, բաժանեցին աղքատներին և հրավիրեցին պատարագիչ վարդապետին ճաշելու իրանց վրանում: Վարդապետը ճաշից հետո օրհնելով մի կտոր հաց տվեց մահտեսի Ավետիսի և վարպետ Պետրոսի ձեռքը, նրանք կտրեցին հացը, կերան, գոհացան՝ կրկին ուխտելով իրանց խնամության մասին:
Արդարև՝ տուն դառնալուց հետո՝ մի որոշյալ ժամանակից հետո վարպետ Պետրոսին ծնվում է մի աղջիկ, որի անունը դնում են Սալբի, իսկ մահտեսի Ավետիսին ծնվում է մի արու զավակ,