Скачать книгу

տեղերում հայերի մեջ կա այն սովորությունը, որ մի տղամարդ չէ պսակվում մինչև սուրբ Կարապետ գնացած չլինի, իսկ պսակվելուց հետո անզավակության դեպքում նա կրկին դիմում է սուրբ Կարապետի դուռը և երբ իր նպատակին հասնում է` յուր առջնեկին անուն է դնում Հովհաննու յոթն անուններից մինը:

      Աշուղները համարում են նրան իրենց քանքարի մուսան – նրանցից ոչ մինը համարձակություն չուներ սազ վեր առնել և «մեյդան» (հրապարակ, հանդես) դուրս գալ՝ մինչև գնացած չլիներ այդ վանքը, և երազի մեջ ստացած չլիներ սուրբ Կարապետի ձեռքից մի գավաթ էշխի (աշխույժի) ըմպելի, և մինչև նրա սազը օրհնած չլիներ վանքի վանահայրը: Նրա դուռը սիրով դիմում են իրենց արհեստը կատարելագործելու – լարախաղացներ, ըմբիշներ, և տեսակ-տեսակ նվագածուներ, ո՛չ միայն հայ, այլև թուրք և պարսիկներ: Կանանց արգելված է այդ վանքը գնալ, որովհետև սուրբ Հովհաննու գլխատման՝ մի տռփոտ կին էր պատճառ եղել, իսկ գնացողները չեն կարող գերեզմանի մատուռը մտնել և գերեզմանը համբուրել:

      Ամեն մարդ, որ ուխտել է սուրբ Կարապետ գնալու, պետք է յոթն տարի շարունակ, Հոգեգալստից սկսած մինչև Վարդավառ, յոթն շաբաթ պաս պահե, որ արժանանա նրա դուռն գնալուն: Նրանց ամեն մինի ուխտը ընդունելի էր, երբ Մուրատ գետի ափի մոտ քնելով այնպիսի մի երազ են տեսնում, որը որևէ առնչություն ունի իրենց ուխտյալ նպատակի հետ: Թերևս այդիսկ պատճառով հիշյալ գետը (որ Եփրատի ճյուղերից մինն է), ստացել է «Մուրատ» խորհրդական անունը, որովհետև, նրան հասած` ուխտավորները սուրբ Կարապետից առնում էին իրանց մուրատները:

      Վարպետ Պետրոսը և նրա կին տիկին Թարլանը, հասնելով իրանց կյանքի միջասահմանին` դեռ զավակ չունեին, որ իրանց մահից հետո թող չտար, որ տան ճրագը մարի և տան ծուխը կտրվի: Այդ հոգեմաշ տրտմությունը պղտորել էր նրանց պարզ և խաղաղ օրերը, նրանց կյանքի ամենապատվական ժամերը: Առավել ևս այնպիսի մի երկրում, ուր հրեական հետևողականությամբ ամլությունը աստուծո առանձին պատիժ էր համարվում, և այդ նախատինքը տանջում էր խղճալիներին:

      Վարպետ Պետրոսը հարուստ չէր, բայց յուր արհեստով ոչ միայն երջանիկ պահպանում էր յուր փոքրիկ ընտանիքը, այլև յուր համար փառավոր տուն-տեղ հաստատելուց հետո` տեր եղավ մի մեծ այգիի, որ կարող էր մի գյուղացիի տան ապրուստի բոլոր պիտույքները հոգալ: Նրա կինը, տիկին Թարլանը ո՛չ կարդացել էր և ո՛չ էլ համարում ուներ դեպի կարդալը կամ ուսում կոչված բաները. նրա կարծիքով բոլոր «կարդացվոր» մարդիկ չարագործ և մեղավորներ են, նրանք դասվում են սատանաների կարգում:

      Կամենալով շարժել աստուծո և նրա սուրբերի գութը, նրանք բաշխում էին աղքատներին իրենց ցանքի և այգիի բերքի արդյունքի մի որոշյալ մասը: Տոն օրերին մատաղներ էին զոհում, այցելում էին հրաշագործ ուխտատեղիներ, և ամեն կյուրակեմտի երեկո, լուսավորում էին իրենց գյուղի եկեղեցին բազմաթիվ մոմերով, որպեսզի աստուծո «սիրտը քաղցրանա» նրանց վրա և բախտավորե նրանց ծերությունը – մի զավակ բաշխելով:

      Արդեն յոթներորդ տարին լրանում էր, վարպետ Պետրոսը և յուր կին տիկին Թարլանը սրբությամբ պահում էին սուրբ Կարապետի պասը: Վարդավառից մի ամիս առաջ ուղևորվեց բազմաթիվ ուխտավորների քարավանը դեպի Մուշ: Նույն ժամանակ վարպետ Պետրոսը յուր կնոջ հետ ընկերակցելով տեր-Առաքելենց մահտեսի Ավետիսին, որ յուր մտերիմ բարեկամն էր՝ ուխտավորների հետ ճանապարհ ընկան:

Скачать книгу