Скачать книгу

բոլորն էլ հոգվո ամենաուրախ տրամադրության մեջ էին, որովհետև նրանցից յուրաքանչյուրը յուր այցելությանց ժամանակ առնվազն մի հինգ բաժակ օղի վայելած էր: Կենաց ջրի այնպիսի մի քանակությունը բավական է արհեստավորին մոռացնելու տալու աշխարհի մեջ թշվառությունների գոյությունը:

      – Գրիգոր, քեզ համար մի նոր հյուր եմ բերել, – զվարթ ձայնով կանչեց նրա արհեստակիցներից մեկը:

      – Գլխիս վերա տեղ ունի, Կարո ջան, որքան շատ, այնքան լավ, – պատասխանեց Գրիգորը:

      – Գլխիդ վերա տեղ չկա, գլուխդ քեզ լինի, սենյակիդ մեջ տեղ տուր մեզ, – ծիծաղելով պատասխանեց Կարոն և ներկայացրավ նրան յուր բերած հյուրին:

      Գրիգորը սեղմեց երկուսի ձեռները:

      – Գրիգոր ճանաչո՞ւմ ես Կարոյի հյուրին, – մոտենալով հարցրավ նրան մի կարճահասակ և թխադեմ երիտասարդ:

      – Ի՞նչպես չէ, մեր կնքահորենց Ավետիքն է, ինչու՞ չճանաչեմ:

      – Տեսա՞ր, որ չճանաչեցիր:

      – Ի՞նչպես թե չճանաչեցի, աչքերս խո գրավ չեմ դրել,

      – Իհարկե չճանաչեցիր, խմբի միջից ձայն տվավ վարպետ Օհանեսը, որի գլուխը բավականին մեծ ծավալ էր բռնում յուր ուսերի վերա:

      – Եղբայրներ, եթե մեզանից մեկը հարբած է, այդ ես չեմ, դուք էլ գիտեք որ ես օղի չեմ խմում, – պատասխանեց Գրիգորը մի փոքր վրդովված:

      – Ինչ եք կռվում, – մեջ մտավ քթատ Համբարձումը, որին կարճ քիթ ունենալուն համար այդ անունով էին կոչում, – երեքդ էլ միմյանց չեք հասկանում: Եղբայր, – դարձավ նա դեպի Գրիգորը, հաշտեցուցիչ, համոզիչ ձայնով, – դու գիտես, որ մեր Կարոն լութերական է, էհ, Ավետիքն էլ սրա վարժապետն է: Հիմա սրանք որ հարցնում են, թե ճանաչո՞ւմ ես Կարոյի հյուրին, կամենում են ասել՝ գիտե՞ս, որ նա սրա վարժապետն է թե՛ չէ, ահա սրանց հարցի միտքը, այժմ հասկացա՞ր:

      – Իհարկե հասկացա դեհ այդպես խոսեցեք է, հերօրհնածներ:

      – Վահ, չպե՞տք է շնորհք ունենան այդպես խոսելու համար, – կրկնեց քթատ Համբարձումը ինքնաբավական ծիծաղով,

      – Խոսք չկա, շնորհքդ էլ այնքան մեծ է, որքան քիթդ, – կցեց վարպետ Օհաննեսը ծիծաղելով:

      – Իսկ քոնն էլ երևի այնքան է մեծ, որքան գլուխդ, – կրկնեց Համբարձումը, և ծիծաղը ընդհանրացավ խմբի մեջ:

      – Բավակա՛ն է, բարեկամներս, – ձայն տվավ Գրիգորը, – ճաշի ժամանակ է, ո՞ւր եք այդքան երկար կանգնում այդ ցրտի մեջ: Ներս հրամեցեք, սեղանը ձեզ է սպասում:

      – Այս ասելով նա առաջ անցավ, և հյուրերը հետևեցին նրան:

      Բավականին ընդարձակ սենյակը, որ պատրաստած էր հյուրերի համար, փայլում էր մաքրությամբ, երեք երկար գույնզգույն գորգեր, որոնք ծածկած էին սենյակի հատակը, երկու սեղաններ, մի քանի աթոռներ և մի հնատարազ հայելի լրացնում էին սենյակի պարզ զարդարանքը: Հյուրերի համար գորգերի վերա զուգահեռական դիրքով ձգված էին երկու երկար օթոցներ, որոնք ծառայում էին աթոռների փոխարեն և որոնց վերածալապատիկ շարվեցան մեր հյուրերը:

      Փոքր ժամանակից ետ Մանիշակը ներս մտավ յուր հոր աշակերտ Աշոտի հետ, յուրաքանչյուրի ձեռքը մի – մի սկուտեղ զանազան պնակներով: Նրանք միասին տարածեցին կապույտ ծաղկենկար սփռոցը հյուրերի առաջ, կարգավորեցին նախաճաշի պնակները, գինու շշերը և ապա հետզհետե ներս էին բերում կերակրի բաժինները: Արհեստավոր դասը առհասարակ ծառա չէ ունենում, նրա տանը հերթով օգնում են յուր արհեստի

Скачать книгу