ТОП просматриваемых книг сайта:
Мое время, или Осенний дневник (на армянском языке). Григор Енокович Маркосян
Читать онлайн.Название Мое время, или Осенний дневник (на армянском языке)
Год выпуска 2017
isbn
Автор произведения Григор Енокович Маркосян
Издательство Автор
Այնուհետև ինձ միշտ զբաղեցնում էր լեզուն, այսպես կոչված քերականական ժամանակը, որի ներկան կարծես թե մնայունություն ունի՝ խոսելու պահը, որը բաժանում է անցյալն ու ապառնին:
Փոխանակ ապրելու և օգտվելու ներկայից, ես մտածու՛մ էի նրա մասին և այդպիսով իզուր կորցնում ժամանակս: Հետո միայն հասկացա, որ ով ավելի շատ է մտածում ժամանակի մասին, ավելի շատ է կորցնում:
Հայոց լեզվի դասերին, ներկա ժամանակը բացատրելիս, երբ գրատախտակին որևէ օրինակ էի գրում, ինձ թվում էր, թե ահա մի աշակերտ կբարձրանա ու կասի.
– Բայց Ձեր ասած խոսելու պահն արդեն անցավ, ներկան անցյալ դարձավ…
Դա հիվանդություն է, ուրիշ ի՞նչ անուն տալ:
Մտածում էի, թե նրանց ինչպե՞ս բացատրեմ լեզվի պայմանականությունն ու իրական ներկայի տևողությունը, երբ ինքս կարգին չգիտեմ, թե դրանք ինչ են:
Ինձ միշտ հետաքրքրում էր, թե լեզվի ու մտածողության ի՞նչ նոր գույներ ու երանգներ կարելի է հայտնաբերել, եթե համեմատվեն աշխարհի լեզուների բայերն ու նրանց ժամանակները: Մի տեղ կարդացել եմ, օրինակ, թե չինարենում չկա «երբեք»-ը, այսինքն անդառնալիություն նշանակող հիերոգլիֆ չկա… Ասում են, թե եբրայերենում բայի անցյալ ժամանակը միաժամանակ ապառնի է նշանակում, թե հին պարսկերենում երազներ պատմելու համար մի հատուկ բայաձև է եղել, որ նշանակել է ներկա ու միաժամանակ ոչ ներկա, իրական և ոչ իրական մի ժամանակ:
Ծանոթանալով Երանելի Ավգուստինի որոշ գործերին, ես հանդիպեցի լեզվի ու մտածողության նույն խնդրին և հասկացա, որ նրանց միջև հակասությունը միշտ էլ եղել է, թեև նա այդ հակասությունը բացատրում է յուրովի․
– Երբ ասում ենք «մեռած» կամ «մեռել է», նշանակում է անցյալ, իսկ երբ ասում ենք «մեռնող», սա ի՞նչ է նշանակում, անցյա՞լ, թե՞ ներկա,– հարցնում է նա ու ինքն էլ պատասխանում, որ «մեռնող» բայաձևը նշանակում է, թե գոյություն ունի մի պահ անցյալի ու ներկայի միջև, և դա հավերժությունն է…
Նույն կերպ նա քնի օրինակն է բերում՝ դարձյալ հարցնելով, թե երբ քնում ես, բայց քնած չես, այդ անցման ակնթարթը արթնությունից քնին անցյա՞լ է, թե՞ ներկա: Եթե ներկա է, ապա ի՞նչ տևողություն ունի: Ուրեմն, ըստ նրա, այդ էլ է հավերժություն:
Իմ սրտին մոտիկ էր Վահան Տերյանը ժամանակի իր ընկալմամբ: Ինձ թվում էր, թե դա իմ գյուտն է, իմ գաղտնիքը, որովհետև այդ մասին ոչ մի տեղ գրված չէր: Գրում էին նրա հոռետեսության, հեղափոխական ոգևորության ու վերադարձի մասին, իսկ ժամանակը մոռանում կամ անտեսում էին:
Տերյանի մոտ, ինչպես ասում են, մինորն ու մաժորը, լույսն ու խավարը հաջորդում են իրար, նա ինչպես որ հոռետես է, այնպես էլ լավատես, ինչքան որ հուսահատ է, այնքան էլ ոգևորվող ու լուսավոր: Նույնն էլ ժամանակը, նա կարծես թե խույս է տալիս ժամանակի մասին հոգեմաշ մտքերից, նրա համար գոյություն ունի մի հատուկ ժամանակ, ուր միախառնված են ներկան, անցյալն ու ապագան:
Ահա մի քանի տող նրա տարբեր բանաստեղծություններից.
Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում անցյալն ու ներկան իրար է խառնում, ինձ համար չկա ժամ ու ժամանակ, ապագա