ТОП просматриваемых книг сайта:
Мое время, или Осенний дневник (на армянском языке). Григор Енокович Маркосян
Читать онлайн.Название Мое время, или Осенний дневник (на армянском языке)
Год выпуска 2017
isbn
Автор произведения Григор Енокович Маркосян
Издательство Автор
Ծիծեռնակի նման բնազդական շարժմամբ ես հայացքս ուղղում եմ հորիզոնին, ուր որ իմ լեռները պիտի լինեն և զգում եմ բացակա սրտիս ցավը…
Եղել է հին աշխարհում մի փիլիսոփա, որ մարդկանց մերժումին վարժվելու համար արձաններից է ողորմություն խնդրել, իսկ ի՞նչ անեմ ես, որ այս տափակ երկրում լեռների բացակայությանը վարժվեմ:
* * *
Մեր Մենձ ձորից մինչև Փարվանա լիճը փռված հովիտը իմ մանկության դաշտն էր, այսինքն ոչ թե Միջագետքում կամ Հնդկաստանում, այլ այդտեղ էր գտնվում Դրախտը…
Այդ հովտում, որ Մենձ Չայիր էինք կոչում, երկու մեծ քարակույտեր, մանր ու խոշոր քարերի երկու բուրգեր կային, որոնք վկայում էին, որ այդտեղ իրենց զինվորներին են հաշվել հռոմեացի զորավարները։ Մեր պատմության ուսուցիչն էր այդպես ասում, իսկ մենք ուզում էինք, որ Տիգրան Մեծը կամ գոնե Վարդան Մամիկոնյանը եղած լինեին:
Մենձ ձորից իջնում էր գետակը, ոլորվում էր հովտում, անցնում էր հին ճանապարհի կամրջի տակով ու ծաղիկների միջով գնում դեպի լիճը:
Կամրջի մոտ ջուրը խորն էր և պտույտ էր տալիս: Դա Անհատակն էր, այնտեղ ոչ ոք չէր լողանում: Անհատակից ոչ հեռու, ճանապարհի եզրին, իմ մանկության աղբյուրն էր, ասում են, թե նա հիմա ցամաքել է…
Երբ ավարտեցինք դպրոցը, մեր դասարանի տղաները որոշեցին ձուկ բռնել գետակից և խնջույքով նշել մեր ավարտելը:
Հունիսի կեսերին Կաչխան կոչված ձկները, որ հիմա նույնպես չկան, մեծ վտառներով գետակով բարձրանում էին դեպի ձորի տաք ջրերը ձկնկիթ դնելու և լուսադեմին ետ էին դառնում դեպի լիճը: Մեր գյուղացիներն ամեն տարի այդ օրերին քթոցներով կամ ցանցերով փակում էին նրանց վերադարձի ճանապարհը և որսում էին մեծ քանակությամբ: Դա նշանավոր Ձկան խաղն էր:
Մենք էլ գնացինք, գինի տարանք, որ խմենք, քեֆ անենք ձուկը բռնելուց հետո: Գինին խմեցինք ձուկը բռնելուց առաջ և ամեն ինչ մոռացած քնեցինք գետափի Անմոռուկների մեջ…
Գիշերը անձրև եկավ: Հորդացած ջրերն անցան, ձկներն անցան անարգել, իսկ մենք, առաջին անգամ հարբած, քնած մնացինք մինչև առավոտ:
Երբ արթնացանք, արևն արդեն ծագել էր, թռչունները երգում էին:
Գիշերային անձրևից հետո Դրախտի հովիտը լցված էր թարմության բույրերով:
Մենձ ձորից կաթնագույն մշուշը քաշվում էր դեպի վեր, դեպի Քարախաչի կապույտ լեռները, հովիվների կանչերից թնդում էր ձորը, ձիերի մի փոքրիկ երամակ, ձորից դուրս գալով, մշուշների ետևից սլանում էր բլուրներն ի վեր:
Մենք թրջված էինք գիշերվա անձրևով ու լուսաբացի ցողով, բայց երջանիկ էինք, առջևում կյանքն էր՝ հրապուրիչ ու անվախճան:
* * *
Մեր մեծ տան տարբեր անկյուններից միշտ կարելի էր լսել զանազան ընթերցումներ և արտասանություններ, միշտ որևէ հաստ գիրք էր կարդում հայրս իր մշտական տեղը նստած, բարձրաձայն դաս էին սերտում իմ քույրերն ու եղբայրները: Նրանք կարդում ու արտասանում էին ձեն ձենի տված: Ինչու՞ էին բարձրաձայն կարդում, չգիտեմ, երևի նրա համար, որ հետո ձայներն անվերջ հնչեն