ТОП просматриваемых книг сайта:
Мое время, или Осенний дневник (на армянском языке). Григор Енокович Маркосян
Читать онлайн.Название Мое время, или Осенний дневник (на армянском языке)
Год выпуска 2017
isbn
Автор произведения Григор Енокович Маркосян
Издательство Автор
Կյանքը, որպես կանոն, նման բաներ չի հանդուրժում:
Աշխարհում կապիտալիզմ էր, բանկեր կային, իսկ նրանք իրենց փողերն ու գանձերը պահում էին գետնի տակ ու պատերի մեջ և ժամանակ առ ժամանակ փռում չորացնում էին, որ բորբոսը չուտի:
Այդպես առաջացավ ինչ-որ տեղ պահված, կորած ու մոռացված գանձերի լեգենդը:
Մոռացվում էին անուններն ու գործերը, իսկ պահված գանձը՝ ոչ:
Խոսում էին ինչ-որ երկաթե սնդուկի ու կորած բանալիների մասին, հանկարծամահ եղած ինչ-որ տատիկի մասին, որն իր հետ գերեզման էր տարել թաքցրած գանձի գաղտնիքը: Ավելի հաճախ հիշում էին մեծ ու տափակ քարը Ներսի գոմի այն տեղում, ուր միշտ կապում էին Կիրակոս աղայի ազնվացեղ ձին, բոլորը ենթադրում էին, որ գանձը այդ քարի տակ պիտի լինի: Բայց քարի տեղը ոչ ոք չգիտեր, գոմերը քանդված էին, քարերը՝ հողի տակ:
Կորած գանձի մասին այդ խորհրդավոր պատմություններն անսպառ սնունդ էին մեր ազգության մի քանի սերունդների երևակայության համար: Ոմանք իրարից թաքուն այս ու այնտեղ փորում էին, ոմանք էլ իրենց գիշերային ցնորքների մեջ գտնում էին և տնօրինում ամենագայթակղիչ ձևերով:
Սնանկացումն ավելի հաճախ կապում էին Վանո Տացուի անվան հետ, թեև բոլորը հասկանում էին, որ նա ընդամենը այդ տարօրինակ տրագիկոմեդիայի վերջին գործողության մասնակիցն էր միայն: Պարզապես այդպես ավելի հասկանալի ու հարմար էր իբրև հավիտենական նախատինք վկայակոչել նրա խմելն ու վատնելը և ամեն ինչ դրանցով բացատրել:
Վանո Տացուի կերպարը մանկուց հրապուրել է ինձ իր խորհրդավորությամբ, իր հակասականությամբ ու դրամայով և ընդմիշտ մնացել ինձ հետ ձմեռային այն հեռավոր երեկոների խաղաղ զրույցների, օջախի մարմրող կրակների պատկերներից անբաժան: Մեր մեջ անտեսանելի հոգևոր կապ կա, ճակատագրական մի ընդհանրություն մեր անկումների ու սխալների միջև, ես դա զգում եմ բնազդորեն, երբ որ կորած գանձի նման ապարդյուն կերպով բարոյական նեցուկ եմ փնտրում ու չեմ գտնում ոչ ինքս ինձ մոտ, ոչ էլ ուրիշի:
Նրա կյանքի մեջ շատ անհայտ էջեր կան, շատ մութ կետեր, որ երբեք չեն լուսավորվի:
Նա իմ Մարկոս պապի ավագ եղբայրն էր և Բարսամ աղայի թոռը:
Մեր գյուղի քահանա Տեր Մելքումի խորհրդով Բարսամ աղան նրան կրթության էր տվել: Ութ տարի նա սովորել էր Գորիի թեմական դպրոցում՝ ապրելով հորաքրոջ տանը: Ուսումն ավարտելուց հետո նա տուն է վերադառնում եվրոպական հագուստով և մի սայլ լիքը գրքերով, գյուղում աշխատելու և գործելու զանազան լուսավորական ծրագրերով, սակայն ճակատագիրը նրա համար այլ ապագա էր նախատեսել:
Սովոր լինելով քաղաքային կյանքին, նա սկսում է ձանձրանալ գյուղում: Շուտով նրա անվան շուրջ սկսում են զանազան հակասական, երբեմն զավեշտական պատմություններ հյուսել: Պատմում էին ամենուրեք, թե այնքան գրագետ է, որ ոտքի մատներով է գրում, այն էլ ռուսերեն… Թե Գորիում ինչ-որ հեղափոխական գաղտնի խմբակի անդամ է եղել, նույնիսկ ձերբակալվել ու Թիֆլիս է տարվել, թե Ախալքալաքի սրճարաններում աղմկոտ քեֆեր է անում, շրջում է քաղաքում՝ առանձին կառքեր վարձելով նվագախմբի, յափունջիի ու փափախի համար… Ի վերջո, ըստ լուրերի, մի քանի տարի անց նրա պարտքերի դիմաց Բարսամ աղայից մի ամբողջ հոտ ոչխար են տանում հովիվների ու շների հետ միասին…
Սնանկացումից