Скачать книгу

տունը երբեք մի՛ լքեք, դա երկարատև ինքնասպանություն է:

      * * *

      Հիշողությունը լավացնելու համար դեղեր կան, զանազան թուրմեր, խոտ ու ծաղիկ, իսկ մոռանալու համար բան չկա՞: Ի՞նչ անի մարդը, եթե ուզում է ոչ թե հիշել, այլ մոռանալ, երբ սև մտքերը գիշերային սև թռչունների պես սիրտն են քրքրում:

      Չարքերի նման այդպիսի մտքերը խավար են սիրում:

      Մեր տառապյալ թագավորը ցանկանում էր երկնքի աստղերը կողոպտել՝ վարձատրելու համար այն մարդուն, ով մոռացնել կտար անցյալը:

      Պատ են քաշել չինացիները, անհաղթահարելի հաստ պարիսպ, որ հրոսակներ չգան հյուսիսից:

      Ինչպե՞ս պատ քաշել հիշողության առաջ, ինչպե՞ս անել, որ անցյալը չներխուժի իր հորդաներով, որ թաքուն չգա անպատեհ ժամին դավադրաբար, որ չկողոպտի, որ չհրկիզի ու մոխիր թողնի:

      Իսկ չէ՞ր լինի, որ էլեկտրական հոսանքի նման անջատվեր մարդու հիշողությունը ավելորդ բեռից: Ով որ հնարել է անցյալն ու հիշողությունը, չէ՞ր կարող այդքան գթասիրտ լինել:

      Իսկ գուցե հիշողության կորուստը հենց ա՞յդ է նշանակում:

      Երբ մարդը չի դիմանում անցյալին, ինչպես էլեկտրական սարքը՝ հոսանքի լարվածությանը, հիշողությունն անջատվում է, որ հրդեհ չընկնի ներսը, չէ՞ որ մարդն էլ մի սարք է, ներքին այրման մի շարժիչ:

      Եթե այդպես է, ուրեմն իսկապես կատարյալ շինվածք է մարդը:

      * * *

      Գյուղիս այդ կարճ ու հասարակ անունը՝ Փոգա, հանկարծ փափագելի եղավ… Նրա բլուրներն ու սարերը մերկ, հողը քարքարոտ ու խեղճ, ինքը մշտապես ամպերի ու ձյուների մեջ, բայց Ավետյաց երկրի նման ցանկալի դարձավ նրանց համար, ովքեր բաժանվեցին, հեռացան նրանից:

      Սակայն ուր էլ գնան նրանք, որտեղ էլ ապրեն փափուկ ու տաք, իրենց անտուն պիտի զգան առանց նրան:

      Նա հին է, ինչպես որ հին է Ջավախքը: Հայաստանից անջատվելուց հետո Ջավախքում շատ տերեր են փոխվել, փոխվել կամ աղավաղվել են և տեղանունները: Նրա կարճ ու հասարակ այդ անվան ստուգաբանությունն էլ հայտնի չէ, ոմանք այն կապում են հռոմեական զորավար Ֆոկասի անվան հետ, բայց կարծեմ դա միայն ենթադրություն է, ապացույց չկա:

      Ուզում եմ մի քանի էջ այսպես հանպատրաստից գրել մեր գյուղի անցյալի մասին՝ հույս ունենալով, որ ինչ-որ մեկը կգրի նրա պատմությունը, քանի ուշ չէ:

      Մեր գյուղի պատմության մշտական ականատեսն ու վկան կիկլոպյան հնագույն ամրոցն է նրա արևմտյան կողմում, գետափի բարձունքին: Նրա ավերակների մամռոտ քարերը լեռների հայացքի առաջ անքուն հսկում են նրան՝ միշտ առաջինը դիմավորելով նրա լուսաբացները:

      Շատ բան են տեսել այդ քարերը՝ Արգիշտի Առաջինի զինվորներին, որ Ջավախքը Հայաստանին միացրեց, Տիգրան Մեծին ու Պոմպեոսին, Նադիր Շահին ու Լենկ Թեմուրին իրենց հրոսակներով, տեսել են ոտաբոբիկ Նունեին հռիփսիմյան կույսերից, որ գալիս էր Քրիստոսի հավատը տարածելու:

      Նրանք բոլորը եկել ու անցել են, իսկ քարերը կան և գետի անվախճան երգի ուղեկցությամբ շարունակում են որպես լուռ հանդիսատես ու վկա հետևել կյանքի այն դրամային, որ խաղացվում է հնամենի գյուղում:

      Այդ ավերակների մեջ, այդ մամռոտ քարերի հետ բազմաթիվ սերունդների մանկություններ են անցել խաղերով, ճիչ ու աղմուկով: Մանկական վառվռուն երևակայությունը բազմիցս դրանք կառուցել ու ավերել է, պաշարել ու նվաճել է հնագույն ամրոցը, անթիվ բարբարոս թուրքեր ու գերմանացիներ փռել այդ քարերի տակ:

      Շատ

Скачать книгу