Скачать книгу

դրան հավատալը դժվար է, որովհետև դպրոցի ոչ մի պատուհանից Կուճուճայենց տունը չէր կարող երևալ, ըստ երևույթին, ինչ-որ մեկը դա հնարել էր կատակի համար, ինչպես որ բազմաթիվ այլ պատմություններ էին հնարել զվարճասեր Վայրո քեռուս մասին:

      Իսկ գեղեցկուհի Ալթունը ամուսնացել էր անասնաբույժ և բանաստեղծ Ենոք Շաշիկյանի հետ ու ընդմիշտ հեռացել գյուղից, որովհետև վերջինիս հալածում էին որպես տրոցկիստի: Շաշիկյանն ամբողջ կյանքը ապրեց Աբխազիայում ու երբեք հայրենի սարերը չտեսավ, դրա համար էլ գրում էր իր երգերում.

      Ջավախեթցի խեղճ Ենոքիս դարդերը ծով են:

      Դպրոցը յոթնամյա էր: Կարտիկամցի Ընկեր Արշակն էր նրա տնօրենը: Նա միաժամանակ կոլխոզի կոմունիստների ղեկավարն էր: Կաշվե կարճ բաճկոն էր հագնում ու երկարաճիտ կոշիկներ: Նա զանազան օպորտունիստներ ու տրոցկիստներ էր որսում կոլխոզում, դաշնակների դեմ էր պայքարում, մտրակը ձեռքին մասնակցում էր խռովարարների ծեծին գրասենյակում և նույն մտրակով դպրոց էր մտնում՝ ահ ու սարսափ տարածելով շուրջը:

      Սկզբում մեր ուսուցիչները եկվորներ էին տարբեր գյուղերից, առավելապես Գանձայից: Հետո եկան առաջին ուսուցիչները մեր գյուղից, որոնք այստեղ-այնտեղ միջնակարգ կրթություն ստանալով, սովորել էին Թիֆլիսում, Բաքվում կամ Երևանում: Այդ առաջիններից էր Ալվանջյան Վաչագանը, որը մաթեմատիկա էր դասավանդում, բայց շատ շուտով հիվանդացավ ու մահացավ:

      Դպրոցը փոխեց մեր կյանքը և առաջին հերթին՝ մեր լեզուն: Մեր խոսվածքը մաքրվեց բազմաթիվ օտար բառերից: Դա կատարվում էր մեր աչքի առաջ այնպես արագ ու ակնհայտորեն, ինչպես այն տարիներին փոխվում էր կյանքը: Կային նաև մեր հարևան գյուղերի օրինակները. թուրքախոս Ասփարան դպրոցի շնորհիվ հայացավ: Նրանց առաջին ուսուցիչը մեր համագյուղացի Քլոյան Համբարձումն էր, որ Գանձայի դպրոցի շրջանավարտներից էր, իսկ Խուլգումոն այդպես էլ մնաց օտարախոս, որովհետև հայկական դպրոց չունեցավ:

      Մեր գյուղացիները միշտ հպարտանում էին, որ իրենց լեզուն մոտիկ է գրական հայերենին՝ ի տարբերություն Կարնո բարբառով խոսող մյուս գյուղերի, որոնց համար մշտական հոգս էր բաղաձայնների արտասանության ու գրության անհաղթահարելի խնդիրը, մասնավորապես ձայնեղների խլացումն ու խուլերի ձայնեղացումը: Մենք նման խնդիր չունենք:

      Ամեն տարի օգոստոսին դպրոցը նորոգում էին: Նստարանները հանում էին դուրս ու բուրգերի պես շարում իրար վրա, դպրոցի կալի մեջ, դա նշանակում էր, որ ամառը վերջացավ:

      Դպրոցը նորոգում էին հավաքարարուհիները, որոնք երբեք չէին փոխվում և ծերանում էին նրա հետ: Իսկ նորոգումն այն էր, որ հատակի լայն, չներկած տախտակները լվանում էին նավթով, պատերը սպիտակեցնում էին կրով ու ներկում յուղաներկով, և դպրոցը բուրում էր…

      Ուսումնական տարին սկսում էր Կալիպսե Ներսիսյանը. դեռ սեպտեմբերի մեկը չեկած անցնում էր տնից տուն ու հավաքագրում առաջին դասարանի աշակերտներին: Երբ գյուղը փոքր էր, դա հեշտ էր՝ մեկ դասարան, մեկ ուսուցչուհի, բայց երբ գյուղը մեծացավ և դպրոցն ունենում եր երկու, երեք, անգամ չորս առաջին դասարան, տարաձայնություններ էին առաջանում ուսուցչուհիների մեջ երեխաներին բաժանելիս, բոլորն ուզում էին լավ աշակերտներ ունենալ: Ներսիսյանը գիտեր բոլորի ծագումնաբանությունը, քանի որ գրաճանաչություն էր սովորեցրել նրանց ծնողներին, պապերին ու տատերին, ուստի անսխալ ջոկում էր լավերին: Ճիշտ է,

Скачать книгу