Скачать книгу

կարիք չկա: Պարզապես հանգիստ պառկիր ու փակիր աչքերդ: Հաշվիր մինչև տասը: Ա՜յ, ապրես…»: Եվ Ջուլյան ընկղմվեց խոր քնի մեջ: Նա ահավոր արագությամբ սլանում էր դեպի անդունդը: Նրան ներս էր քաշում վիթխարի ձագարափոսը ինչ-որ տեղ՝ հեռավոր խորքում: Եվ երբ թվաց, թե իրեն կոչնչացնեն մրրկային պտտահողմերը, մեկը բռնեց ու դուրս քաշեց իրեն:

      Այդ պահին զնգաց զարթուցիչը: Ժամը չորսն անց կես էր: Ջուլյան ինքն իրեն կարգի բերեց, ձեռք տվեց սենսորներին, հաղորդիչները գործի ընկան, դուռը բացվեց, և աղջիկը մտավ միջանցք: Նա դժվարությամբ էր հաղթահարում ամեն մի քայլը: «Քունդ չես առել: Ոչինչ: Թռիչքը երկար է: Դեռ կհասցնես քնել»:

      Ջուլյան ուղղվեց դեպի Միջգալակտիկական թռիչքների դիսպետչերական (ՄԹԴ): Այստեղ աշխատանքը չէր ընդհատվում և ոչ մի րոպե: Նա մտավ թռիչքների սպասման մեկուսասրահ: Այնտեղ սկսել էին հավաքվել պրակտիկանտները: Ու գլխում միտք փայլատակեց. «Ինչպիսի հզոր համակարգ է ծառայում մոգության դպրոցին: Տարօրինակ է՝ ես այդ մասին առաջ չեմ մտածել»:

      Պահեստի շենքը շատ մոտ էր գտնվում: Ամեն մեկը գնաց իր մեկուսասենյակը, հանդերձանք ստացավ, զգեստավորվեց հատուկ կոստյումով: Ուղիղ ժամը վեցին բոլոր խմբերը պատրաստ էին ուղևորության: Ջուլյայի թռիչքը չվացուցակով վերջինն էր: ՄԹԴ-ի ապակյա պատի միջով նա հնարավորություն ուներ մեծ էկրանին հետևելու նավերի տեղաշարժին: Դյութիչ տեսարան էր:

      Հնչեց հրամանը՝ թռիչքին պատրաստվի Ջուլյան: Ջեկն արդեն ստուգել էր ամրակապերը, սարքերը, նավագնացության համակարգը: Եվս մեկ անգամ նայեց թռիչքի պարամետրերը, որ ծրարի մեջ նրան էին հանձնել անմիջապես տիեզերանավ նստելուց առաջ: Ամեն ինչ սովորականի պես էր: Միայն Ջուլյան էր անհանգիստ:

      Խոսակցությունները ձայնագրվում էին: Ջեկը միացրեց եթերում խոչընդոտներ առաջացնող համակարգը: Դա նրա սեփական մշակումն էր, որ ոչ մեկին հայտնի չէր:

      – Թուլացի՛ր, Ջուլյա՛: Ամեն ինչ լավ է: Փորձիր քնել: Երբ անհրաժեշտ լինի, ես քեզ կարթնացնեմ: Եվ միասին կհիանանք՝ դիտելով երկնքի գեղեցկությունները: Իսկ հիմա ես պետք է աշխատեմ:

      – Ի՞նչ է կատարվում ձեզ մոտ: Մենք ձեզ չենք լսում: Կապը կտրվեց:

      Ջեկը գրավեց իր տեղը, անջատեց խաթարումների սարքը և կապվեց Դիսպետչերականի հետ:

      «Դա էլ է ճիշտ. միևնույն է՝ այժմ չեմ կարող շփվել Ջեկի հետ», – մտածեց Ջուլյան: Եվ, վստահելով Ջեկին, նա հարմար տեղավորվեց բազկաթոռի մեջ, փակեց աչքերը և խորասուզվեց մոռացության մեջ:

      Դուրս լողալով գերտարածությունից՝ Ջեկը նայեց լուսանցույցի մեջ: Նա պաշտում էր երկինքը դիտելը, որտեղ սփռված էին պայծառ աստղերը, որոնք, թվում էր՝ շատ մոտ էին: Գեղեցիկը զննելուց առաջացած այդ զգացողությանը անհնար էր վարժվել: Բայց այսօր ինչ-որ բան նրան զգաստացնում էր: Նա մեկ անգամ նորից ստուգեց երթուղային առաջադրանքը: Ջեկը փորձառու օդաչու էր: Չէր կարող սխալվել: Դրանք ω-գալակտիկայի կոորդինատները չէին: «Ու՞ր ենք մենք թռչում»:

      – Ջուլյա՛, արթնացի՛ր, – հնչեց Ջեկի ձայնը:

      Մարզանքի երկարաձիգ տարիները զարգացրել էին ակնթարթային ռեակցիայի կարողություն: Եվ Ջուլյան անմիջապես բացեց աչքերը:

      – Մենք խնդիրներ ունենք, – երկար վարանումից հետո ասաց Ջեկը:

      – Ինչի՞ մասին ես խոսում, – նայելով Ջեկին՝ հարցրեց Ջուլյան:

      – Ոչինչ չեմ հասկանում, Ջուլյա՛:

Скачать книгу