Скачать книгу

էին Միքայել: Նա փոխված էր դրսից միայն, բայց սրտով մնացել էր դարձյալ նույն ուրախ և միամիտ Կալոն իր գյուղական կոշտության մեջ, որպես մի անտաշ քար, որ հմուտ արհեստագետի ձեռքի տակ կարող էր գեղեցիկ փայլ ստանալ:

      Զատկի տոների հետ անցան և նրա ուրախ օրերը:

      Ավետ ապորը թեև խոստացել էին խանութում պահել փոքրիկ Կալոյին, առևտուր սովորեցնել և «մարդ շինել», բայց այդ խոստմունքները անկատար մնացին հենց սկզբից: Նրան պահեցին տանը ծառայելու համար: Փոքրիկ ծառայությունների մեջ նա շատ անշնորհք էր. ամեն մի առարկա նրա ձեռքից թռչում էր, ընկնում էր, կոտրվում էր և ամեն բանի դիպչելիս ցած էր գցում: Օրինակ, մի բաժակ թեյ նա չէր կարող առանց վիթելու տեղ հասցնել, բայց եթե տայիր նրան մի փոքրիկ տակառ լիքը ջրով, կտաներ, և որտեղ ասես, կհասցներ: Նա մանր բաների համար գլուխ չուներ, կարծես ստեղծված էր խոշոր գործերի համար:

      Միքայելի – մենք էլ այսպես պիտի կոչենք այսուհետև – այս տեսակ անընդունակությունները սակավ ցավեր չպատճառեցին նրան: Ամեն մի բան կոտրելիս, ամեն մի բան վիթելիս, խիստ հազիվ էր պատահում, որ մի ամբողջ օրով քաղցած չթողնեին: Սկսյալ աղայից, մինչև վերջին աղախինը, բոլորը նրան հանդիմանում էին, անդադար կրկնելով, – «արջի քոթոթ», – «էշ գյուղացի» և այլն: Եվ այսպես, օր չէր անցնում, որ նա մի լավ «շնաթակ» չուտեր: Բայց Մասիսյանի ընտանիքի մեջ նա ուներ մի պաշտպան միայն, դա էր տիկին Մարիամը, որ ներում էր նրան որպես մի անփորձ երեխայի և պատվիրում էր նրա անմեղ հանցանքները չհայտնել աղային, որ չծեծվի:

      Միքայելը, որպես մեզ հայտնի է, լավ ձայն ուներ, քաղցր երգում էր, երբ դեռ գյուղումն էր, բայց այդ ուրախ թռչնիկը իսպառ լռեց, երբ մի չար բախտով ընկավ երկաթի վանդակի մեջ: Մի քանի անգամ այն աստիճան հուսահատվեցավ նա, որ փորձ փորձեց փախչել և կրկին գյուղ գնալ. – գնալ իր սիրելի ընկերների և տատի մոտ, այնտեղ ոչ ոք չէր ծեծում նրան: Բայց տիկին Մարիամը կես ճանապարհից ետ բերել տվեց, մխիթարեց և կրկին համոզեց մնալ:

      Մասիսյանի ընտանիքի մնացյալ անդամներից Գայանեն նույնպես լավ էր Միքայելի հետ, թեև երբեմն ծաղրում էր, բայց պատահած ժամանակ իր ստացած մրգեղենից նրան բաժին էր հանում: Իսկ Հռիփսիմեին բոլորովի՜ն անտանելի էր նա. այդ գեղեցիկ և հպարտ արարածը մի առանձին ատելություն ուներ դեպի գյուղացի տղան, որին ստիպում էր երբեմն գանգատով դիմել տիկին Մարիամին: Ստեփանը, աղայի որդին, իր եղբոր պես սիրում էր նրան. նա գնեց Միքայելի համար մի ընթերցարան և պարապ ժամերում դաս էր տալիս, բայց մի օր այդ նկատեց աղան և գիրքը առնելով տղայի ձեռքից, մի կողմ ձգեց և դառնալով դեպի որդին, ասաց. «Ուզում ես դրան էլ փչացնես քեզ նման…»:

      Միքայելի մեծ մխիթարությունը նրանումն էր, որ երբեմն բազարում տեսնում էր իրանց գյուղացիներից մի քանիսին, երբ քաղաքը բան էին բերում ծախելու: Մի անգամ մեյդանի միջով անցնում էր նա, հանկարծ տեսավ իր ընկերներից մեկին:

      – Ա՛ Թո՜ւն, ա՛ Թո՜ւն, – կոչեց նա, իր վաղեմի ընկերի մոտ վազելով:

      Ընկերը չճանաչեց: Միքայելը քարշ ընկավ նրա վզից և սկսեց համբուրել:

      – Խաչը վկա, չճանաչեցի, – խոսեց գյուղացին: – Էդ ի՞նչ ես դառել, Կալո, դրուստ որ, «չամչի խաթունի» նման ես…

      – Ի՞նչ անեմ, Թուն ջան, քաղաքումը էդպես են հագցնում, – պատասխանեց Միքայելը, – անունս էլ փոխեցին… էլ Կալո չեն կանչում… Դու էն ասա՛, Թունի ջան, մեր տունը գնո՞ւմ էիր, տատս ո՞նց է, ի՞նչ էին անում երեխեքը, Կիճին

Скачать книгу