ТОП просматриваемых книг сайта:
Թ Ու Խ Ճ Ա Յ Ը (Պատմվածք. Մանրաքանդակներ. Երկու վիպակ). ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн.Название Թ Ու Խ Ճ Ա Յ Ը (Պատմվածք. Մանրաքանդակներ. Երկու վիպակ)
Год выпуска 2018
isbn
Автор произведения ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Жанр Афоризмы и цитаты
Издательство ЛитРес: Самиздат
Անցածն անցավ, անդարձ անցավ, ինչ որ պիտի վաղը լինի՝ թող որ լինի, ո՞վ կասի, թե վաղվա օրն ինչ կլինի, ունեցածով մխիթարվենք ու չընկճվենք որպես մի զոհ. չունևորի մորմոքումով՝ ունևորը հրճվում է գոհ:
Օրը մթնում, անց է կենում, մութ գիշերվան՝ վաղվա լույսն է հաջորդելու, բախտդ թե սև՝ մի վհատվիր, սևից հետո ճերմակ կգա։ Ամենացուրտ ձմռանն անգամ գարնան օրն է դիմավորում, ո՞վ է տեսել, որ ձմեռը հարատևի…
Փոփոխական այս աշխարհում անցավոր է ամեն բան. սանդուղքն ի վեր, սանդուղքն ի վար՝ անց է կենում կյանքը մեր …
ՈՒՇ Է…
Հուշե՜ր, հուշե՜ր, գիշեր ու շեր, շենշող հուշե՜ր, հին հուշերի մշուշներում նվաղ հնչյուն՝ ու՜շ է, ու՜շ է…
Կարծես երկար կյանք էր տրված՝ վայելելու իմ դիցանույշ գեղեցկուհու սերը վսեմ՝ բայց կյանքն ասես մի ակնթարթ՝ թռավ-անցավ, չհասկացա՝ ինչպե՞ս եկավ, ինչպե՞ս անցավ…
Հուշե՜ր, հուշե՜ր, ու հուշերի մշուշներում լուսաշղարշ մի լույս պատկեր կանչում է ինձ սև աչքերի մեղմ դյութանքով, որպեսզի ես նորից հառնեմ մոռացումից, գգվեմ նրան ինքնամոռաց, բույրը առնեմ ես կաթնահունց պարանոցի, հրափափուկ շուրթիկների համը զգամ ու վերստին տաք շշունջը լսեմ նրա՝ հավերժական սիրո մասին…
Հուշե՜ր, հուշե՜ր, գիշեր ու տիվ հուշեր անթիվ, անծայր հուշեր, նվաղուն ձայն երկնի ծերից՝ արդեն ու՜շ է, ու՜շ է…
ԱՆՑԱՎ
Անցա՜վ, անցա՜վ, կյանքն իմ ացավ՝ ինչպես երազ, ինչպես մուրազ, ինչպես մի հուշ անվերադարձ, ու ես ոչինչ չհասկացա, ասես կողքից եկավ անցավ։
Տրտմած է հոգիս հիմա , որ կյանքը իմ եղավ ունայն, սուտ ու կեղծին հավատընծա՝ ապրեցի ես հեզ ու խաբված։
Մեռնելու չափ տրտմած է, ախ, սիրտը իմ. ի՜նչ շահեցի աշխարհ գալով՝ ոչի՜նչ – ոչինչ, միայն ցավեր, միայն դավեր, խինդը սակավ, շառն՝ անսպառ։
Գթա ինձ, Տեր, գթա ինձ, Տեր, ու ողորմիր, կյանքն իմ անցավ ինչպես երազ, ինչպես կարճ օր, ու ես, իրոք, չհասկացա, ա՜խ, ես ոչինչ չհասկացա՝ ինչպես եկավ, ինչպես անցավ։
Գթա, Տեր իմ, քանզի բազում արհավիրքներ կրեցի ես ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում, ախ, զուր հույսեր, իզուր հույսեր, մորմոք ու ցավ, կյանքն իմ, իրավ, այդպես անցավ, չեղավ մի օր՝ լիներ անցավ։
ԿՌՈՒՆԿՆԵՐ
Կռունկներ իմ, կռունկնե՛ր, անկյունաշար չվերթով ու՞ր եք այդպես թևածում անծայրածիր երկնքով…
Կուռլու-կուռլու… թախծագորով կանչերով գնում եք տաք երկրներ: Ես էլ հավք եմ թևահատ՝ ետ մնացած երամից, ինձ էլ տարեք, ախ, ձեզ հետ, չմնամ այս ցրտերում:
Սիրտս երկիրն է ուզում մեր, ուր մեղմ հով կա շնկշնկան, կակաչազարդ հանդ ու սար, ջինջ գետակներ քչքչան, անտառները թավախիտ իրենց բույրն են ամբրոսում, լորն է կանչում քաղցրալուր դեղնագունած արտերում…
Կուռլու-կուռլու, կռունկներ, սիրուն հավքեր երկնային, իմ տարաբախտ սիրտն առած՝ հեռանում է ձայնը ձեր, իմ կարոտը գեթ տարեք, թե որ ձեր չուն մեղմ տաղով՝ Ղարաբաղով անց կենա …
ՆԶՈՎՔ
Աստված ստեղծեց երկինք ու երկիր, անծայրածիր էր երկիրն, ամայի, և սև խավարն էր պատած ամենուր, և Աստծու ոգին լուռ թափառում էր ջրերի վրա:
Եվ Աստված ասաց՝ թող որ լույս լինի, և լույսը եղավ, և նա գտավ, որ լույսը բարի է ու տարանջատեց լույսը