Скачать книгу

էին զատկի և ծննդյան տոների ժամանակ, յուրաքանչյուր տոնին մի-մի շաբաթ: Երբ տոներից հետո աշակերտները կրկին հավաքվում էին դպրոցը, մեր վարժապետը առանց խտրության աշակերտների ոտները դնում էր ֆալախկայի մեջ և բոլորին հավասարապես ծեծում էր: Ինչո՞ւ համար: – Այդ նրա համար էր, գուցե աշակերտները արձակուրդի ժամանակ իրանց տներում կամ դրսում որևիցե անկարգություն արած լինեին, իհարկե, այդ կարծեցյալ անկարգությունը ստուգել անհնարին էր, ուրեմն պետք էր, թե մեղավորին և թե անմեղին հավասարապես պատժել… Այս բարբարոսության մեջ մի ուրիշ միտք ևս կար: Ինչպես լավ ձիավորները ձիու վրա նստածին պես տալիս են նրան մի քանի մտրակի զարկ, որ թմրած անասունը զգաստանա, գրգռվի, – այնպես էլ մեր վարժապետը հանգստի օրերից հետո լարում էր մեր մտավոր ուժերը ճիպոտներով, որ սթափվինք, որ վայրենացած կյանքից կրկին ընտելանանք դպրոցական տաժանակիր կյանքին…

      Մեր վարժապետը չարասիրտ մարդ չէր, ընդհակառակն, նա շատ բարի էր: Այս բոլոր խստությունները, այս բոլոր անգթությունները առաջ էին գալիս նրա մանկավարժական հասկացողությունից: Նա համոզված էր, որ առանց ծեծի, առանց տանջանքի աշակերտը ոչինչ չի սովորի: Նա այնքան հավատում էր իր ֆալախկային, որքան հավատում էր իր թիլիսմաններին և կախարդական արարողություններին, որոնցով հրաշքներ էր գործում…

      Երբ պատմում էի մորս դպրոցում կրած իմ տանջանքները. նա էլ միևնույնն էր հաստատում և սովորաբար պատասխանում էր. – «Որդի, մինչև ծեծ չուտես, մինչև նեղություն չքաշես, բան չես սովորի»: Ապա ի՞նչու այնքան ծեծ էի ուտում, այնքան տանջվում էի, դարձյալ ոչինչ չէի կարողանում սովորել:

      Ես հիմար տղա չէի, ես շատ սրամիտ էի, երբ տատս մի հեքիաթ էր պատմում. ես միանգամից բոլորը սովորում էի. երբ մեր քաղաքում աշուղ էր գալիս, երգ էր երգում, վեպ էր պատմում, ես իսկույն սովորում էի: Իսկ դպրոցում ի՞նչու այնքան բթամտացա, ո՞րտեղ կորավ իմ սրամտությունը…

      Տատիս հեքիաթը, աշուղի երգը ես հասկանում էի, դրա համար շուտ էի սովորում, բայց վարժապետիս դաս տված բաներից ոչինչ չէի հասկանում. ինձ երևում էր, որպես թե նրանք հայերեն չլինեին: Գիշեր ու ցերեկ դասս սերտում էի ու սերտում, գլխումս մի բան չէր մտնում. հենց որ վարժապետիս աչքը ընկնում էր աչքիս, ես սարսափում էի, միտքս շփոթվում էր, գիտցածս մոռանում էի…

      Ես մինչև այն աստիճան ընկած էի թե մտքով և թե հոգով, մինչև այն աստիճան սպանված էին իմ մեջ մանկական ուժերը, որ բոլորովին հավատում էի, երբ վարժապետս բարկանալով ասում էր. – «Սատանայի լակոտ, քեզանից մի օրինավոր բան չի դուրս գա»…

      Առաջին անգամ վարժապետս ինձ տվեց սովորել այբբենարանը: Կարծես, այս րոպեիս էլ իմ աչքի առջևն է այն փոքրիկ տետրակը, տպած խոշոր տառերով: Նրա ճակատին նկարած էր մի մեծ խաչ, որի ներքև կային այս խոսքերը – «Խաչ, օգնյա՛ ինձ»: Մի քանի ամբողջ ամիսներ, երեսս խաչակնքելով կրկնում էի այդ երեք բառերը: Վարժապետս ասում էր, եթե ամեն դասի սկզբում խաչից օգնություն չխնդրես, ոչինչ չես կարող սովորել: Բայց երևում էր, որ խաչն էլ խռովել էր իմ գլխին, նա ինձ խելք ու միտք տալու նպատակ չուներ…

      Ես մինչև այսօր չեմ կարող հեռացնել այն ծանր և անախորժ տպավորությունը, որ թողել է իմ վրա այբ-բենը… նրա ամեն մի տառը, կարծես թե, ուզում էր վիշապի նման ինձ կուլ տալ… գիշերներն անգամ հանգիստ քուն չունեի… երազների մեջ նույնքան տանջվում էի, որքան

Скачать книгу