Скачать книгу

դպրոցը բաղկացած էր մեկ դասատնից. նրա միջումն էին ավանդվում թե բարձր և թե տարրական գիտությունները, սկսյալ այբբենարանից, մինչև այն ահագին գիրքը, որ ես հազիվ էի կարողանում մինչև ժամատան խուցը տանել: Մեր դասատունը, թուրքի մեչիդի նման, բոլորովին մերկ էր. նստարան, աթոռ, սեղան կոչված բաները այնտեղ չկային: Աշակերտները ծալապատիկ նստում էին խոնավ հատակի վրա, առանց տախտակամածի, որ միայն պատած էր ճահճային բույսերից հյուսած հասիրներով: Վարժապետը միայն իր տակին փռած ուներ այծի մորթի, և մի քանի հարուստների որդիները նույնպես ունեին փոքրիկ օթոցներ, որ բերել էին իրենց տներից: Միակ առարկաները, որոնք հիշեցնում էին, թե այն մթին և գերեզմանի պես խոնավ սենյակը դպրոց էր, – էին` ֆալախկան և մի խուրձ դալար ճիպոտներ նրա մոտ դրած…

      Ա՜խ, քանի՜, քանի՜ անգամ մենք գողացանք, քանի՜ անգամ կոտրեցինք այն անիծված ֆալախկան, դարձյալ չկարողացանք ազատվել նրանից: Նա միշտ կար և կար… Նա միշտ անպակաս մնաց մեր դպրոցից… Երբ ես շատ ուշ, վերջին ժամանակներում, կարդացի ինկվիզիցիայի հնարած գործիքների նկարագրությունը և նրանց տեսակները, զարմացա, թե ի՞նչպես էր պատահել, որ կաթոլիկ եկեղեցու հանճարը, որ այնքան զորավոր էր տանջանքի մեքենաներ ստեղծելու մեջ, բոլորովին ի նկատի չէր առել ֆալախկան – այդ, աշակերտի հոգին մարմինը մաշող գործիքը… Աշակերտի մերկ ոտները դնել այդ պատժական մեքենայի մեջ, պտտեցնելով վեր բարձրացնել, հետո դալար ճիպոտներով այնքան հարվածել, մինչև ողորմելի զոհը բոլորովին թուլանա, ուշաթափ լինի, – ահա այդ էր ֆալախկայի նշանակությունը: Ամենաանտանելին այն էր, որ պատժվող աշակերտին ծեծել էին տալիս նրա բարեկամի կամ ամենասիրելի ընկերի ձեռքով: Եթե այդ վերջինը հարվածները թուլացնում էր, կամ հրաժարվում էր ծեծելուց, նրան ևս ենթարկում էին միևնույն գանահարությանը:

      Վաղ առավոտյան սկսվում էր դասատվությունը: Վարժապետը մի անկյունում նստած էր լինում, որպես քուրմը իր խորին սրբազնության մեջ: Նրա առջև դրած էր փոքրիկ գրակալը, – այդ նրա ամբիոնն էր: Աշակերտները հերթով մոտենում էին, վարժապետի աջը համբուրում էին, չոքում էին նրա առջև և դասագրքերը դնելով գրակալի վրա, սկսում էին «համար տալ» (դասը ասել): Սովորաբար ամեն մի սխալի համար յուրաքանչյուրն ընդունում էր «խրատի» մի-մի սաստիկ զարկ իր ափի մեջ: Իսկ եթե դասը բոլորովին սերտած չէր, նրա համար պատրաստ էր անիծված ֆալախկան…

      Այդ «խրատ» կոչվածը աստծո մի առանձին պատիժն էր. նա շինված էր ամենաամուր փայտից և փոքրիկ թիակի ձև ուներ: Հին գրքերի մեջ գտնված բոլոր ասացվածքները որոնք վերաբերում էին ծեծելու, գանահարության, փորագրված էին նրա վրա: Օրինակ, այսպիսի խոսքեր. «Որ ոչ լուիցէ ունկամբ, լուիցէ թիկամբ», – «Ծառա, որ ոչ գիտիցէ զկամս տեառն եւ արժան ինչ գանի գործիցէ, արբցէ գան սակավ, իսկ որ գիտիցէ եւ մեղիցէ արբցէ գան բազում», – «Դառն է ծառ խրատու, իսկ պտուղ նորա քաղցր»… Խրատելու այդ գործիքն առանձնապես պատրաստվում էր վարժապետների համար, և տեր Թոդիկը` իր ունեցածը, որպես պատմում էր, ընծա էր ստացել իր վարժապետից, որպես հիշատակ և որպես նշան իր մեծաքայլ հառաջադիմության:

      Պատիժների մեջ մինչև այսօր չեմ մոռացել մեկը, որը որքան ծիծաղելի, այնքան էլ սարսափելի էր: Աշակերտին կանգնեցնում էին ոտքի վրա և երկու ձեռքով բռնել էին տալիս մի աղյուս կամ ահագին Այսմավուրքը: Նա ժամերով, հնդկական ֆակիրի նման, այդ ծանր գիրքը պետք է պահեր

Скачать книгу