Скачать книгу

էր հայրը և խրատում էր նրան նախանձոտ չլինել: Ամեն անգամ, երբ մենք գնում էինք որսորդի տունը, նա անսահման զվարճություն էր պարգևում մեզ: Ավոն տալիս էր մեզ իր որսած թռչուններից, որը դեռ կենդանի էր մնացած. մենք կապում էինք նրա ոտը թելով և օրերով խաղ էինք անում նրա հետ:

      – Ֆարհատ, – ասաց ինձ մի անգամ որսորդը, – դու շատ ես չարչարում թռչուններին, եթե այսպես կվարվես, ես մյուս անգամ քեզ ոչինչ չեմ տա –

      Ես, սկսյալ փոքր հասակիցս, խոսքի ետևից ման եկողներից չէի. իսկույն պատասխանեցի.

      – Ես խո չեմ սպանում, բայց դու սպանում ես թռչուններին ու ինձ ասում, թե ի՞նչու ես չարչարում:

      – Սպանելու և տանջելու մեջ մեծ զանազանություն կա, – ասաց նա ժպտելով, – վերջինը ավելի վատ է:

      Ամեն անգամ, երբ մեր թաղի մեջ ձայն էր տարածվում, թե Ավոյի ծուղակի մեջ գայլ, արջ կամ մի ուրիշ գազան է ընկել, ամբողջ թաղը թափվում էր այնտեղ տեսնելու: Նա իր ծուղակը կազմել էր քաղաքից դուրս, որ շատ հեռու չէր մեր բնակարանից: Դա մի բոլորակ վիրապ էր, բավական ճարտարությամբ գետնի մեջ փորած, և քսան արշինի չափ խորություն, հինգ արշինի չափ լայնություն ուներ: Երևակայեցեք ձեզ մի սամովար. որի ջուր լցնելու տեղը դատարկ է, իսկ կրակ լցնելու տեղը ամբողջ է. – վիրապը մի այսպիսի ձև ուներ: Վիրապի մեջտեղում, ուր մի հաստ սյունի նման պինդ գետին էր բարձրանում, նրա վրա ամեն գիշեր դրվում էր մի գեշ, իսկ սյունի չորս կողմի դատարկությունը ծածկվում էբ եղեգներով, այնքան թույլ կերպով, որ եթե մի հավ անցնելու լիներ ծածկոցի վրա, իր ծանրությամբ կարող էր իսկույն ցած գլորվել: Գազաններր գեշի հոտը առնելով, մոտենում էին նրան, բայց դեռ գեշին չհասած, ընկնում էին վիրապի մեջ:

      Վաղ – առավոտյան հայտնվում էր որսորդը Մըհեի հետ: Բազմությունը հետաքրքրությամբ սպասում էր, թե ինչպես պետք է դուրս բերեն գազանին, որը կատաղած, զայրացած և անհանգիստ կերպով պտտվում էր վիրապի մեջ, մռնչում էր, զարհուրելի ձայներ էր արձակում և փորձեր էր փորձում դուրս գալ, բայց չէր կարողանում: Այդ միջոցին վիթխարի Մըհեն, աջ ձեռքում մի ահագին երկաթե մահակ բռնած, իսկ ձախ ձեռքում բռնելով շղթաներով ամրացրած քալափչեն2, իջնում էր վիրապի մեջ: Բազմությունը սարսափում էր կիսախելագար որսորդի աներկյուղության վրա: Լիներ այնտեղ գայլ, արջ, վագր, ինծ, մի երկչոտ աղվես, – միևնույն էր Մըհեի համար. նա բոլոր գազանների վրա նայում էր, որպես ոչխարների վրա:

      Վիրապի մեջ սկսվում էր գազանի և Մըհեի ստորերկրյա կռիվը: Մենք ոչինչ չէինք տեսնում, միայն լսում էինք գազանի բարկացկոտ մռնչյունը, շղթայի ձայնը և երբեմն երկաթե մահակի ծանր հարվածները: Երբ գազանը հաղթված էր, Մըհեն մի առանձին փաղաքշական եղանակով ասում էր նրան. «հանգստացի՛ր, գառնուկս, ես քեզ երկար այստեղ չեմ թողնի»: Եվ իրավ, մի քանի րոպեից հետո հայտնվում էր Մըհեն, իր հետ դուրս քաշելով գազանին, որի գլուխը և բերանը կաշկանդված էին լինում քալափչեի մեջ, և այնքան ամուր կերպով, որ ոչ ոքին վնասել չէր կարող:

      Խիստ սակավ անգամ էր պատահում, որ Մըհեն դուրս գար վիրապից երեսը արյունաթաթախ, ծվատված կամ մարմնի մի այլ մասը վիրավորված: Բայց երբեք չէր պատահում, որ նա չկարողանար զսպել գազանին: Ես մինչև այսօր հիշում եմ, թե ո՛րպիսի անհոգությամբ այդ երկաթե մարդը ձեռքով սրբում էր իր երեսից արյունը, կարծես թե քրտինք էր սրբում:

      Ավոյի պարապմունքի մեջ Մըհեն օգնում

Скачать книгу