ТОП просматриваемых книг сайта:
Զահրումար. Րաֆֆի
Читать онлайн.Название Զահրումար
Год выпуска 0
isbn 9781772466911
Автор произведения Րաֆֆի
Жанр Зарубежная классика
Издательство Автор
Մայրը նույնպես գրկեց յուր դստերը, շնորհավորեց նրա հագուստը, «բարով մաշես» ասաց և մաղթեց նրա համար բախտավորություն:
Կար անող կինը հեռացավ:
Ժամը տասն էր:
Օրիորդ Սոֆին խնդրեց մորից՝ կառքով գնալ մի փոքր զբոսնելու:
Նա ցանկանում էր յուր նոր հագուստով այն օրը երևալ քաղաք հասարակությանը:
Քառորդ ժամից հետո փառավոր կառքը կանգնած էր դռանը:
Նրանք նստեցին: Կառքը սահեցավ:
Երկու անգամ նրանք պտույտ արին Գոլովինսկի պրոսպեկտով, հետո դիմեցին դեպի Մուշտայիդ:
– Այդ ի՞նչ ապրանք է, – հարցրեց յուր ընկերից ռուսերեն մի հայ երիտասարդ, բուլվարի վրայից ցույց տալով օրիորդ Սոֆիին,
– Ապրանքը արդեն հիանալի է… բոլորովին նոր և թարմ… բայց ափսոս որ վաճառողը հրեա է… – պատասխանեց մյուս երիտասարդը նույն լեզվով, մատներով իր նորաբույս ընչացքի հետ խաղալով:
– Ո՞վ է այդ:
– Հացի-Գելենց Ճանճուր Իվանիչը:
– Ափսո՜ս, – կրկնեց առաջինը: – Խանութն անմատչելի է:
– Այդ ոչինչ, – պատասխանեց երկրորդը: – Այդ աղջիկն ինքը՛ ճանապարհ կտա հաճախորդներին:
– Այո՛, – ասաց առաջինը՝ համոզվելով ընկերի խոսքերից. – դա ևս կընտելանա մեր աշխարհի պիտույքներին, թեև այժմ անհամբույր է նա իբրև վայրենի եղջերու:
Նրանք զբոսանքից դարձան տուն երկու ժամին: Ճանճուր Իվանիչի գնալուց հետո Հացի-Գելենց տանը զարմանալի փոփոխություններ եղան, որոնք խիստ ազդու ներգործություն ունեցան օրիորդ Սոֆիի ներկա և ապագա կյանքի վրա: Նրանց կացարանն ընդունեց կատարյալ գեղաճաշակ կերպարանք: Ճաշի և ընթրիքի սեղանը օրըստօրե ճոխանում էր եվրոպական խոհարարի նուրբ և համադամ խորտիկներով: Ծառաների թվին ավելացավ և մի մանկահասակ սպասավոր, կարճ ֆրակով, սպիտակ ձեռնոցներով և ճռճռան կոշիկներով, յուղած և կոկած գլխի մազերով և բավական ախորժելի դեմքով: Աղախինների թվին ավելացավ և մի մանուկ ռուսուհի օրիորդ, կլորիկ, սպիտակ, շիկահեր, մշտազվարճ դեմքով, Մաշա անունով: Ախոռատան բակում միշտ պատրաստ էր փառավոր տնային կառքը, զույգ կապուտիկ ձիաներով և մանկահասակ կառավարով, հաստլիկ ու կարմիր թշերով, սև մազերով և սև աչեքերով, մի բարձրահասակ տղամարդ, Կազանի թաթարներից:
Զբոսանքները թե՛ կառքով և թեոտքով ամեն օրվա սովորություններ եղան: Գիշերվա խնջույքները, որ նրանք տալիս էին նրբաճաշակ քաղցրավենիքներով և հազվագյուտ մրգեղեններով, հըռչակ ստացան բոլոր քաղաքում: Թատրոնում մի հատուկ լոժա օրիորդ Սոֆիի անվան նվիրական պատիվը ստացավ: Կար անող ֆրանսուհին և վարսահարդար եվրոպացի տիկիններր սկսան շուտ – շուտ երևալ այնտեղ: Միով բանիվ, Հացի-Գելենց ընտանեկան և տնտեսական կյանքի պարզ աղքատիկ բնավորությունն ընդունեց նրբության և շռայլության բոլոր կործանիչ ձևերը:
Բայց դրանցից և ոչ մեկը չէր բավականացնում օրիորդ Սոֆիի գաղտնի բաղձանքներին: Նրա սիրտը դրանցով դարձյալ գոհ չէր: Նա երբեք ուրախ չէր լինում: Նա, ասես թե, որոնում էր մի այլ բան: Բայց ի՞նչ բան: Նա ինքը որոշակի կերպով չէր կարողանում բացատրել իրան: Միայն հարաժամ թախծալի էր՝ անցկացնելով անքուն գիշերներ:
Նրա օրերը անցնում էին խիստ դատարկությամբ: Առավոտները շատ անգամ մինչև տասը կամ տասներկու ժամը նա չէր դուրս գալիս յուր ննջարանից: Երբ որ դուրս էր գալիս, նրա դեմքը լինում էր խիստ գունատ և դալկացած. նա տաղտկալի էր, և կարծես թե ծուլանում էր շարժվելուց:
Նա