ТОП просматриваемых книг сайта:
Զահրումար. Րաֆֆի
Читать онлайн.Название Զահրումար
Год выпуска 0
isbn 9781772466911
Автор произведения Րաֆֆի
Жанр Зарубежная классика
Издательство Автор
Մթին ու խոնավ սենյակներ, անզարդ և համարյա աղքատիկ կարասիք, անկանոն տնային կառավարություն, անկիրթ և կեղտոտ սպասավորներ և այլ զանազան անհարմարություններ առաջին օրից անտանելի եղան օրիորդին: Դպրոցում կյանքի գաղափարական վայելչություններով միշտ հրապուրված կույսը որոնում էր արձակ կյանք, զվարճություն և ցանկանում էր իրան շրջապատել այն ճոխություններով, որոնց երազներով միշտ հրապուրված էր նրա երևակայությունը:
Բայց գիտենալով հոր խստասրտությունը, խղճալի օրիորդը չէր համարձակվում հայտնել յուր ցանկությունները, և այդպես տրտմությամբ անց էր կացնում յուր օրերը, մինչև մի անգամ մայրը, գտնելով նրան միայնակ յուր սենյակում, ընկղմված խորին տխրության մեջ, հարցրեց.
– Սոֆի, դու օրեցօր մաշվում ես, քո դեմքը միշտ տխուր է, ասա, սիրեկան, չլինի՞ հիվանդ ես դու:
– Ես հիվանդ չեմ, մայրիկ, – պատասխանեց օրիորդը հոգվոց հանելով:
– Ապա ի՞նչ է քո սրտի դարդը:
– Ոչինչ… – տխրությամբ պատասխանեց օրիորդը:
– Մի բան կա, ասա՛, սիրեկան:
Եվ մայրը սկսեց նրան փայփայել:
Իսկ օրիորդ Սոֆին պատասխանեց նրան բավական զգայի եղանակով.
– Ինչը՞ կտրող է ինձ ուրախացնել, որ չլինիմ տխուր. ես շրջապատված եմ այնպիսի անհարմարություններով, որ ամաչում եմ մինչև անգամ տեսնվել ընկերուհիներիս հետ:
– Ի՞նչպես, – հարցրեց մայրը զարմանալով:
– Այնպես, որ ինձ ևս վերջապես պետք է ծանոթանալ արտաքին աշխարհի հետ և ըստ այնմ հարկավոր է բարեկարգել իմ դրությունը, ինչ որ պահանջում են հասարակական կյանքի հարաբերությունները:
Մայրը համարյա ոչինչ չհասկացավ այդ խոսքերից. նա կարծեց, թե յուր աղջիկը ամուսնական ցանկություն ունի յուր սրտում: Այդ պատճառով ասաց.
– Այն, որ դու ես ցանկանում, դեռ շուտ է, դրա համար քի՛չ մտածիր, միայն դու միշտ ի նկատի ունեցիր, որ քո մայրը բոլորովին անհոգ չէ քո մասին:
– Մայրիկ, դու բոլորովին չհասկացար ինձ, – նրա խոսքը կտրեց կարմրելով օրիորդը: – Ես կամեցա քեզ հայտնել բոլորովին այլ բան:
– Ի՞նչ բան:
– Այն, որ դու ինքդ էլ նկատում ես, թե մեր սենյակները որքան անհարմար են իմ կացության համար. դու գիտես, որ ես այսուհետև երթևեկներ շատ կունենամ: Իսկ այսպիսի կեղտոտ տեղում չէ կարելի ընդունել մի օրինավոր մարդու: Բացի սորանից, ես տակավին պատշաճավոր հագուստ ևս չունիմ, որ կարողանամ առանց ամաչելու հասարակության մեջ երևալ: Պետք չէ՞ դրանց համար մտածել:
– Անպատճառ, իմ սիրելիս, – ասաց նրան մայրը՝ գգվելով: – Այդ բոլորը ինչ որ ցանկանում ես, գրե՛ մի թղթի վրա, որ չմոռանամ, երեկոյան հայրդ երբ փողոցից վերադառնա, ես կխոսեմ նրա հետ և բոլորը կկարգադրեմ:
Ուրախացած մոր հուսադրելով, օրիորդը վեր առավ մի թղթի կտոր և սկսավ գրել յուր ցանկացած իրերի ցուցակը: Նա գրեց և գրեց, թղթի երեսը լքցրեց: Եվ սկսավ կարդալ: «Առաջին անգամ այս շատ կլինի, հարկավոր չէ հորս իսկույն վախեցնել», – ասաց նա յուր մտքի մեջ և սկսավ տեղ – տեղ ջնջել ցուցակից ամբողջ տողեր: Վերջապես նրանից արտագրեց փոքրիկ թերթի վրա հետևյալները.
1. Տեղափոխել մեր բնակությունը