Скачать книгу

եկեղեցիներից մեկը՝ քաղաքի կենտրոնական մասում, որը շուրջ երկու տարի տանկով-բանով քանդում էին, ասում են, ու չէին կարողանում քանդել: Ուզեիր Հաջիբեկովի անվան պետական կոնսերվատորիայի խաչաձև շենքը, դա, երևի, դու էլ գիտես, էդ հիմնապատերի վրա է կանգնեցված: Եթե մեզ մի օգնող ձեռք էր լինելու, Լեո, փետրվարյան հեղափոխության շնորհիվ էր լինելու միայն, բայց բոլշևիկյան հեղաշրջումը կործանեց ամեն ինչ: Ես քեզ ասեմ, բոլշևիկները մեզ վնաս շատ տվին: Շա¯տ: Ավետիք Իսահակյանը հո զուր տեղը չի ասել, թե ո՛չ իթթիհատը, ո՛չ ցարիզմը, ո՛չ Գերմանիան ու Անտանտն ավելի հիմքով չկործանեցին մեր տունը, ինչքան բոլշևիզմը՝ այդ գազանական շարժումը, որ մուկ դարձած թուրքերին հասցրեց մինչև Բաքու… – Արմենը դադար տվեց, որոշ ժամանակ լուռ քայլում էր: – Քո գլխավոր խմբագրի հետ խոսեցի, – անսպասելիորեն փոխելով խոսակցության թեման, շարունակեց նա, – ոնց որ թե վատ տղա չէ, հ՞ը, Լեո, էդ Վլադիմիր Աբրահամյանը… Հասկացավ ինձ, բայց ասաց, որ քեզ հետ խոսեմ: Դե, ես էլ, ահա, եկա մոտդ: Սպանության հարց կա մեջը, Լեո ջան:

      Զարմացած ետ շրջվեցի, նայեցի նրան՝ «ի՞նչ»:

      – Խանդի հողի վրա է, – հանգիստ ավելացրեց Արմենը: – Մի խոսքով, ի՞նչ թաքցնեմ, մեր Վարդենիսի շրջկոմի քարտուղարը կնոջս վրա աչք էր դրել: Նրա մոտ էր աշխատում… ինձ հաղորդեցին… Դե, ես էլ որոշեցի նրա վերջը տամ: Սա է պրոբլեմը: Միլիցիան, դատախազությունը գլխի ընկան, պարզ է, միլիցիա-բան՝ սաղ իրա մարդիկ են: Կարճ՝ հերս ու մերս ընկան ոտքերս՝ աղաչանք, պաղատանք, որ չանեմ էդ բանը, ուղարկեցին էստեղ, բարեկամների մոտ, որ շառից հեռու մնամ:

      – Իսկ կի՞նդ:

      – Կինս… – Արմենը հոնքերն իրար բերեց, ծանր օրորեց գլուխը: – Ի՞նչ ասեմ քեզ, Լեո, գեղեցիկ է անիրավը, շա¯տ է գեղեցիկ:

      Նա խորը հառաչեց, կրկին օրորեց գլուխը:

      – Ա¯խ, Շողիկ, Շողիկ… Տարա Երևան, Մասիսում է՝ ծնողների մոտ: Բա, ախպեր ջան, էդպիսի բաներ… Առնվազն մի յոթ-ութ ամիս կմնամ էստեղ, ու էդ արանքում ուզում եմ գիրք հրատարակել, բանաստեղծությունների թեկուզ մի փոքրիկ գրքույկ: Էդքան բան, ու էդ գործում, Լեո ջան, պիտի որ օգնես ինձ: Հասկանո՞ւմ ես, ինձ բարոյական աջակցություն է պետք, որպեսզի գիրքը ձեռքիս գնամ Երևան… Մասիս: Դե, ռադիոյով-բանով էլ կհաղորդես, դա, կարծում եմ, դժվար չի լինի, հ՞ը:

      – Եթե բանաստեղծությունները լավն են՝ պրոբլեմ չկա:

      – Կարդա՞մ:

      – Կարդա:

      – Ղարաբաղյան է: Այսպես ասած՝ հայրենասիրական, – ասաց Արմենը և բուռն ոգևորությամբ սկսեց.

      Ինչքան մենակ բուսնում է նա

      լեռան ետև, մեն մի ձորում,

      Ինչքան հեռու իր մոր աչքից,

      այնքան բուռն է ուժը լարում,

      Այնքան ավել ճյուղը փռում,

      արմատները խորն է խրում

      Կյանքի հյութով ու սաղարթով

      այնքան թանձր է հայոց բարդին:

      Ինչքան նրա դեմը փակում,

      խորն է ծածկում լեռը նրան,

      Ինչքան կոծում, կողն են ծեծում

      շանթ ու անձրև, ամպ ու մռայլ,

      Այնքան շանթին ճակատ տալիս,

      կանաչում է շատ ու շռայլ,

      Այնքան համառ ձգվում է վեր,

      այնքան բարձր է հայոց բարդին.

      Ձգվում է վեր, որ բարձրանա,

      որ գլուխը մի կերպ հանի

      Քար

Скачать книгу