Скачать книгу

լեռներ: Դրանց մեջ, իրենց բարձրությամբ, աչքի Էին ընկնում աջ կողմից Նալթեոքանը, իսկ ձախից՝ Կարմիր քարը` յուր երկար լեռնաշղթայով, ապա Համզասարը, Արտազըև այլն, որոնք հետզհետե իրար հաջորդելով հորիզոնը դարձնում Էին վեհ և գեղատեսիլ: Սակայն աջ ու ձախ տարածվող այդ տեսարանների գեղեցկությունը պսակում էր Աղստևի հինավուրց գետակը, որ շարունակ անծայր խճուղուն ընկերանալով, զվարճացնում էր նրա մշտական անցորդներին մերթ վճիտ ջրերի քաղցրկարկաչով, մերթ փոքրիկ ջրվեժների փափուկ շառաչով և հաճախ, յուր եզերքը ծածկող կամ յուր եղտյուրներում խմբովին ցոլացող ծառերի պուրակներով: Արևը, որ նոր էր յուր շողերը սփռում Աղստևի ձորի վրա, այդ տեսարաններին տվել էր մի դյութական պայծառություն, վառելով մշուշը լեռների չանչերում, կանաչը` ծառերի կատարին, դալարը` դաշտերի մեջ և ցողը` ծաղիկների վրա:

      – Օ՛հ, ի՞նչ գեղեցիկ և որքան հրաշալի է մեր երկիրը, – բացականչեց Կամսարյանը, հրապուրվելով բնության այդ սիրուն տեսարաններով և ապա ձեռքերն աջ ու ձախ տարածելով, կամենում էր կարծես հորիզոնը գրկել:

      – Ըստեղ հլա ի՞նչ գեղեցկութին կա – գեղեցկութին, գեղեցկութին Դիլիջանա դենն ա, Շամլուխի ձորումը, Մայմեխի լանջերին, հրես գնում ենք, կտեսնաս, – նկատեց տիրացու Մոսին:

      Կամսարյանը, որ դեռ քննական աչքով չէր նայել ուղեկցին, որովհետև գիշերանց էր ծանոթացել նրան, թավ ձայնով նրա դիտողությունը լսելուց, ետ նայեց մի վայրկյան և տեսավ, որ դա մի մարմնացյալ աններդաշնակություն էր նկատմամբ այն պոեզիայի, որ շրջապատում էր իրեն: Տիրացուի կարճ ու գիրուկ մարմինը, որ նստած լինելու պատճառով կորացել էր, նմանում էր մի տձև մսագնդի, որի վրա գլուխը շարժվում էր կարծես առանց պարանոցի: Նրա թուխ դեմքը, որ արևահարլինելուց ավելի էր սևացել, ծածկված էր խիտ և երբեք չսանրված մորուքով: Վերջինս թեպետ տարածվում էր մինչև նրա այտոսկրները, այսուամենայնիվ, չէր ծածկումտիրոջ մեծ բերանը, որ եզերված էր հաստ լրթագույն շրթունքներով: Խոր ընկած աչքերը, չնայելով իրենց սևության, թավալում էին նեղ կապիճներում առանց կրակի և արտահայտության. իսկ դրանց հովանավորող թավարծի հոնքերը տալիս էին նրա դեմքին մի առանձին գռեհկություն: Հաստ շալի կապան, կեղտոտ օձիքով արխալուղը և մորթե մեծ գդակը, որ նա խնամքով քաշել էր մինչև հաստ բլթակներով լոշի պես կախված ու փոշոտած ականջները, տիրացուին նմանեցնում էին անտառաբնակ խոզարածի, նրան պակասում էր մի մահակ` ձեռքին և մի պարկ` մեջքին:

      Պետրոսը ուշի ուշով նայելով ուղեկցի վրա, զգաց այնպիսի մի անհանգստություն, որ պաշարում է մարդուն` զզվանք զգալուց առաջ: Նա զարմացավ յուրանմտության վրա, որ մի առաջնորդ ունենալու պատճառով, նստեցրել էր կողքին այնպիսի մի գռեհկի, որից, մինչև անգամ, կեղտի ու քրտնքի հոտ էր փչում: Այս պատճառով երիտասարդն անզգալի կերպով քաշվեցավ մի կողմ և, որպեսզի տիրացուից ավելի անջատվի, առջևը դրած իրերից մինն առնելով, զետեղեց նրա և յուր մեջտեղը, ասելով.

      – Սրա մեջ կոտրելու բան կա, լավ է այստեղ դնենք:

      Բայց որովհետև Պետրոսին այնպես թվաց թե Մոսին հասկացավ յուր միտքը, ուստի սկսավ զբաղեցնել նրան:

      – Ասում ես թե այն կողմերն ավելի գեղեցիկ են, հա՞:

      – Գեղեցիկ են, բա՛, ըստեղ հլա շատ փայը դյուզ ա (դաշտ), արևը որ աշմիշ ա ըլում (բարձրանում է), էն ղայդի ա էրում, որ ասես թե մարդի կաշին պուկիլ տի, ամադենի ճամփեն չիմ մեշալղով (անտառով) յա անց կենում, ոտով էլ որ գնաս, մեջքդ տաքանալ չի:

      Չնայելով տիրացուի հայտարարության,

Скачать книгу