Скачать книгу

իշխանի բերած երկու հարյուր ձիավորները և քսանևհինգ թիկնապահները, որոնց առջև կանգնած են նույն թվով զինված պարսիկներ: Շատ-շատ հայերի և պարսիկների մեջ կռիվ կըկնի, մարդիկ կսպանվեն, բայց դարձյալ Թորոսը կմնա խանի ձեռքում:

      – Դու հաստատ գիտե՞ս, որ խանը հրամայեց գերիներին հանձնել Թորոսի մարդկանց ձեռքը, – հարցրեց նա սպասավորից, չնայելով, որ նա արդեն հաղորդել էր այդ տեղեկությունը:

      – Ինչպես չգիտեմ, – պատասխանեց սպասավորը գործագետ մարդու եղանակով, – ես իմ ականջով լսեցի և իմ աչքով տեսա, երբ բանտապետը խանից հրաման ստանալով, գնաց, բաց արեց բանտի դռները և պատվիրեց իր սպասավորներին մաքրել գերիներին, որ իշխանը նրանց այնպես կեղտոտ չտեսնե:

      Սպասավորը կրկին հեռացավ, պատվեր ստանալով երկու մելիքներից, եթե մի նոր փոփոխություն կամ մի նոր դեպք կպատահե` շուտով իմացում տալ նրանց:

      Սպասավորի հեռանալուց հետո երկու մելիքները, կայծակնահար եղած մարդու նման, եկար մնացին մի սոսկալի շփոթության մեջ: Նրանցից ամեն մեկը խոսք չէր գտնում իր սրտի ցավը և վրդովմունքը արտահայտելու: Մելիք Ֆրանգյուլը մինչև այսօր հույս էր դրած մելիք Դավիթի խորամանկության և բազմափորձության վրա: Նա հավատացած էր, որ այդ բանսարկուն իր ազդեցության տեր դստեր միջնորդությամբ ամեն ինչ կարգի կդնե: Իսկ այժմ մի խուլ զգացմունք նրան համոզում էր, թե Սյուրին խիստ անշնորհակալ գործիք է հոր ձեռքում, թե հայրը այնքան ազդեցություն չունի նրա վրա, որքան ինքը աշխատում է ցույց տալ, և վերջապես Սյուրին հակառակ է գնում հոր ձեռնարկություններին: Այդ կարծիքների մեջ ավելի համոզվեցավ նա սպասավորի այն խոսքով, որով հայտնեց, թե Թորոս իշխանի գալուց առաջ, հարեմի կնիկներից մեկը վրանի գաղտնարանում տեսնվեցավ խանի հետ: Ո՞վ կարող էր լինել այդ կինը, եթե ոչ Սյուրին. և կնիկներից որի՞ն կարող էր հետաքրքրել գերիների վիճակը, եթե ոչ նրան:

      – Դուք չե՞ք կարծում, որ այդ բոլոր գործերը փչացնողը ձեր աղջիկն է, – հարցրեց նա մելիք Դավիթից:

      Թշվառ հոր լեզուն կապվեցավ, չգիտեր, թե ինչ պետք էր պատասխանել. անակնկալ հարցը սարսափեցրեց նրան:

      – Ես չեմ կարծում, – պատասխանեց նա րոպեական մտահուզությունից հետո:

      – Ապա ի՞նչով եք բացատրում Սյուրիի խանի հետ տեսնվելը Թորոսի գալուց առաջ:

      – Ես առավոտյան ձեզ պատմեցի, թե այս գիշեր հարեմի մեջ պատահել է մի անկարգություն, կնիկներից մեկը Սյուրիի քնած ժամանակ կտրել է տվել նրա ծամերը, երևի, այս առիթով դիմել է նա խանին, հայտնելու իր գանգատը:

      Թեև մելիք Դավիթի բացատրությունները հեռու չէին հավանականությունից, այսուամենայնիվ, մելիք Ֆրանգյուլի սրտում մնաց մի խուլ կասկած դստեր և հոր հարաբերությունների մասին, մանավանդ երբ նա մտաբերեց, որ առավոտյան Սյուրին մերժել էր հոր այցելությունը, պատճառ բռնելով իր տկարությունը: Հարազատ հորից ավելի ո՞ւմ կարող էր ընդունել հիվանդ աղջիկը, որ մահմեդականների մեջ ոչ մի ազգական, ոչ մի բարեկամ չուներ: Եվ ի՞նչ հրաշքով այդ հիվանդը այնպես շուտ առողջացավ, որ շտապեց բողոքել իր ծամերի կտրվելու մասին: Այդ բոլորը մելիք Ֆրանգյուլին թվում էին անլուծելի հանելուկներ:

      Բայց մելիք Դավիթի համար ամեն ինչ պարզ էր, թեև նա աշխատում էր խորամանկությամբ ծածկել: Նրան հայտնի էր իր դստեր սերը Գենվազի Շահումյան իշխանների վերջին ժառանգի` Ստեփաննոսի հետ,

Скачать книгу