ТОП просматриваемых книг сайта:
ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн.Название ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ
Год выпуска 0
isbn 9785449061027
Автор произведения ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Жанр Современная русская литература
Издательство Издательские решения
Քո վաղանցուկ կյանքից ոչինչ մի հիշիր դու, ասում են ինձ, ինչ թողել ես այնտեղ վաղուց, միևնույնն է, էլ չես գտնի, հայրենական սար ու ձորեր, հանդեր ու ուրթ` մշուշի մեջ, աղբյուրների խոխոջը մեղմ ու երգեցիկ, հովը գարնան ու նրբագեղ գեղեցկուհուն քո վարդաշուրթ, մի հիշիր դու, ասում են ինձ, մնաս բարով, ասա, արդեն դու ամենքին, ծառ ու ծաղկին, երգող հավքին, լորի կանչին` կակաչազարդ արտից անծիր, ուղիդ անցիր ճամփորդի պես` առանց լացի, ու դիմացի՜ր, ու դիմացի՜ր` որ գեղաչյա ու վարդաշուրթ գեղեցկուհուդ, քեզնից հետո, մեկ ուրիշն է տիրանալու։
Դառն ու անգութ, սին ու նանիր այս աշխարհի կարգն է այդպես, ասում են ինձ, գնա՜ս բարով, քո արևը` մնացողաց, որ շողշողա նրանց վերև` քանի դեռ կան սիրո, լույսի, հույսի ներքո, ու չի եկել ժամը նրանց հրաժեշտի…
ՊԱՏԱՆԵԿԱՆ
Այսքան սիրու՜ն, սքանչելի, գայթակղիչ ու կախարդիչ, չքնաղագեղ ու լուսազարդ, վեհասքա՜նչ ու գեղանի՝ չեմ տեսել ես՝ և ոչ մեկին ու ոչ մի տեղ…
Հանց երազի կապույտ թռչուն՝ քո ծիծաղով կարկաչահունչ, այսքա՛ն սիրուն, վեհատեսիլ, անմատչելի ու նրբիրան ինչպես բարդի՝ կանգնած ես դու միշտ իմ ճամփին։
Այն օրվանից, ինչ քեզ տեսա և այն պահից, երբ սիգանքով նայեցիր ինձ՝ հրացոլ խաժ քո աչքերով, սիրտս դողաց միանգամից, միանգամից կյանքս փոխվեց։
Քաղցրահունչ անուշ ձայնով ու կազմվածքով գեղեցկուհու, քո մատներով՝ հանց սրբատաշ, պարանոցով՝ այնքան ողորկ՝ հանց մարմարյա, քո քայլվածքով՝ սիգաճեմ ու հեզաճկուն, գիրգ շուրթերի արփիաշող ժպիտներով՝ չնաշխարհիկ, ու դնչիկով՝ հրապուրիչ ու էրոտիկ – խելահան ես արել դու ինձ։
Դու իմ կյանքն ես՝ Սուլամիթն իմ, Կիթերուհին, մեր սարերի թեթևասույր եղնիկը իմ, ասա դու ինձ, ի՛նչ անեմ ես, որ հասկանաս դու իմ հոգին։ Հո չե՞ս ուզում՝ սիրուց գերված, ես խենթանամ և ամենուր և ամեն օր, գիշեր ու զօր, նաև պատեհ ու անպատեհ, արցունքն աչքիս անունդ տամ, ճամփադ պահեմ։
Ո՜վ իմ Աստված, այսքան սիրու՜ն, վեհատեսի՜լ, անմատչելի ու նրբիրան ինչպես բարդի՝ սքանչե՜լի, լուսաճաճա՜նչ ու կախարդի՜չ, չքնաղագե՜ղ, չնաշխարհի՜կ, վեհասքանչ ու լուսագե՜ղ՝ չէ, չեմ տեսել ես՝ և ոչ մեկին ու ոչ մի տեղ…
ԳԹԱ ԻՆՁ, ՏԵՐ
Այս էլ քանի՜, քա՜նի անգամ երազներում տեսնում եմ ես գեղեցկատեսք իմ լույս որդուն… Ասես խռով ամեն ինչից ու ամենքից ՝ բարեկամից, չարեկամից, լույս աշխարհից ու աշխարհի նենգ ու դավից, բազմատանջ ու նահատակի իր սուրբ տեսքով Քրիստոսի՝ որդիս հանկարծ հառնում է ինձ մշուշներից, հեռվից – հեռու լռին ու հեգ նայում է ինձ անմեղսունակ թույլ ժպիտով…
Ես հուսահատ ու շընչահատ, հույլ ու անկամ, ամեն անգամ աղերսելով, մըղկըտալով ետ եմ կանչում, իսկ նա ասես չի լսում ինձ, չի ճանաչում, հեռանում է՝ հետ նայելով, ու վերստին միաձուլվում լազուր երկնի լուսաշղարշ մշուշներին… Ողբ ու կական Ռամայի մեջ, Ռաքելը իր որդկանց վրա լաց էր լինում, չէր կարենում մըխիթարվել, որովհետև… չըկա՛ն նրանք։
Տե՜ր իմ, Աստված, եթե դու կաս, իրավ դու կաս ու զորեղ ես, ամենազոր, հըզորազոր, ասա, ինչո՞ւ չես կամենում այս աշխարհից վերացընել վիշտ ու մորմոք։ Եթե դու կաս, իրավ դու կաս ու զորեղ ես, ամենազոր, հըզորազոր, ինչո՞ւ, ասա, չես արել դա մինչև հիմա ու չես անում նաև հիմա… Գոնե գըթա՜, գըթա ինձ, Տեր, մեղմի՜ր ցավը իմ