ТОП просматриваемых книг сайта:
Առաքյալը. Մուրացան
Читать онлайн.Название Առաքյալը
Год выпуска 0
isbn 9781772468205
Автор произведения Մուրացան
Жанр Зарубежная классика
Издательство Aegitas
Այդ ժամանակ օրիորդը 14 տարեկան էր և թեպետ մարմնով նիհար ու չկազմակերպված, բայց դեմքով գեղեցիկ էր և բնությամբ խիստ աշխույժ: Այդ պատճառով Կամսարյանին դուր էր գալիս այնքան, որ սա նրա մասին գովությամբ էր խոսում միշտ ոչ միայն ընկերների, այլև մոր առաջ: Իսկ եթե մի փոքր էլ տղայի սրտին հավատայինք, կարող էինք ասել թե հենց այդ ժամանակ նա սիրահարված էր փոքրիկ դրացուհուն, որովհետև միշտ մի առանձին փափագով էր հետամտում այն սիրուն ժպիտներին, որոնցով Ադելինան առավոտյան ժամերին հանդիպում էր նրան փողոցում:
Բայց շուտով երիտասարդը ավարտեց գիմնազիոնը և գնաց համալսարան, ուր շատերի հետ միասին մոռացավ նաև Ադելինային, որովհետև համալսարանը նոր զբաղմունքներից զատ տվավ նրան նաև նոր բարեկամներ, որոնք իրենց կողմից ծանոթացրին նրան նոր զգացմունքների և ձգտումների հետ, որոնք գրավեցին նրա բոլոր ուշը: Բացի այդ, մայրաքաղաքում շատ կային Ադելինաներ, այնպես որ եթե Կամսարյանը ցանկանար երբևիցե ժպիտներով զմայլվիլ, ստիպված չէր հիշել յուր նիհար դրացուհուն:
Սակայն անցավ ժամանակ և նա, վերադառնալով հայրենիք, տեսավ նախկին Ադելինային բոլորովին փոխված: Այժմ նա այլևս ոչնչով նման չէր առաջինին: Նրա տասնևիննամյա ծաղկափթիթ հասակն ամփոփում էր յուր մեջ արբունքի հասած մի ազնվական կուսություն` գեղանի դեմքով, գրավիչ աչքերով, արյան ու կաթի խառնուրդն այտերին, վարդը` շուրթերին, որոնք նշան էին կյանքով ու կրակով լի քաջության: Նրա ճկուն հասակն աճել էր սպասածից ավելի, կուրծքը զարգացել վայելուչ չափով, իսկ մարմնի մասերը լցվել, բոլորվել այնպես համաչափ, որ երիտասարդը համեմատելով նրան մայրաքաղաքի ծանոթ գեղեցկուհիների հետ, գտնում էր գրեթե բոլորից գերազանց:
Եվ նա այժմ նայում էր նրան անթարթ աչքերով, հիշում էր մոր առաջարկությունը և ինքնիրեն մտածում. – «իրավ որ արժե ժառանգել այս գանձը»:
Լիդա Պավլովնան, որ աչքի տակով նայելով, տեսնում էր թե ինչպե՛ս որդու հայացքը անշարժ մեխվել է գեղանի օրիորդի վրա, շտապեց օգուտ քաղել դեպքից և խոսքը դարձնելով ամառանոցի վրա, հայտնեց թե ինչպե՞ս ապերախտ Պետյան որոշել է միայնակ թողնել իրեն այս ամառ:
– Ի՞նչպես, մի՞թե կարելի է, – բացականչեց տիկին Մարկոսյանը այնպիսի մի եղանակով, որ կարծես հայտնված նորությունը վերաբերում էր մի մեծ եղեռնագործության:
– Այո՛, միայնակ է թողնում և գնում է ճանապարհորդելու, – ավելացրեց նա տխրությամբ և ընդ նմին սպասելով,որ բարեկամուհին մեղադրական մի ազդու ճառ ուղղե որդուն:
– Այդ ձեզ չի վայելիլ, պարոն Պետրոս, – նկատեց տիկինը լրջությամբ: – Ինչպե՞ս կարելի է, որ այսքան ժամանակ օտարության մեջ մնալուց հետո, չմնաք այժմ ծնողներիդ մոտ գոնե այնքան, որ նրանք իրենց կարոտը առնեն ձեզանից: Ուրիշները նույնիսկ գործերնին թողնելով, գալիս են ծնողների հետ ամառն անցնելու, իսկ դուք, որ այստեղ եք, մի՞թե պիտի թողնեք նրանց ու հեռանաք:
– Բայց երբ հարկը պահանջո՞ւմ է:
– Ի՞նչ հարկ. ամառը հանգստության ժամանակ է և ոչ գործի. ոչ մի հարկ այդ ամիսներում չի կարող ստիպել մարդուն զրկել իրեն ամառանոցի մաքուր ու զով օդից,հանգստությունից… Ա՛յ,