ТОП просматриваемых книг сайта:
Առաքյալը. Մուրացան
Читать онлайн.Название Առաքյալը
Год выпуска 0
isbn 9781772468205
Автор произведения Մուրացան
Жанр Зарубежная классика
Издательство Aegitas
– Օ՛հ, ի՞նչ գեղեցիկ և որքան հրաշալի է մեր երկիրը, – բացականչեց Կամսարյանը, հրապուրվելով բնության այդ սիրուն տեսարաններով և ապա ձեռքերն աջ ու ձախ տարածելով, կամենում էր կարծես հորիզոնը գրկել:
– Ըստեղ հլա ի՞նչ գեղեցկութին կա – գեղեցկութին, գեղեցկութին Դիլիջանա դենն ա, Շամլուխի ձորումը, Մայմեխի լանջերին, հրես գնում ենք, կտեսնաս, – նկատեց տիրացու Մոսին:
Կամսարյանը, որ դեռ քննական աչքով չէր նայել ուղեկցին, որովհետև գիշերանց էր ծանոթացել նրան, թավ ձայնով նրա դիտողությունը լսելուց, ետ նայեց մի վայրկյան և տեսավ, որ դա մի մարմնացյալ աններդաշնակություն էր նկատմամբ այն պոեզիայի, որ շրջապատում էր իրեն: Տիրացուի կարճ ու գիրուկ մարմինը, որ նստած լինելու պատճառով կորացել էր, նմանում էր մի տձև մսագնդի, որի վրա գլուխը շարժվում էր կարծես առանց պարանոցի: Նրա թուխ դեմքը, որ արևահարլինելուց ավելի էր սևացել, ծածկված էր խիտ և երբեք չսանրված մորուքով: Վերջինս թեպետ տարածվում էր մինչև նրա այտոսկրները, այսուամենայնիվ, չէր ծածկումտիրոջ մեծ բերանը, որ եզերված էր հաստ լրթագույն շրթունքներով: Խոր ընկած աչքերը, չնայելով իրենց սևության, թավալում էին նեղ կապիճներում առանց կրակի և արտահայտության. իսկ դրանց հովանավորող թավարծի հոնքերը տալիս էին նրա դեմքին մի առանձին գռեհկություն: Հաստ շալի կապան, կեղտոտ օձիքով արխալուղը և մորթե մեծ գդակը, որ նա խնամքով քաշել էր մինչև հաստ բլթակներով լոշի պես կախված ու փոշոտած ականջները, տիրացուին նմանեցնում էին անտառաբնակ խոզարածի, նրան պակասում էր մի մահակ` ձեռքին և մի պարկ` մեջքին:
Պետրոսը ուշի ուշով նայելով ուղեկցի վրա, զգաց այնպիսի մի անհանգստություն, որ պաշարում է մարդուն` զզվանք զգալուց առաջ: Նա զարմացավ յուրանմտության վրա, որ մի առաջնորդ ունենալու պատճառով, նստեցրել էր կողքին այնպիսի մի գռեհկի, որից, մինչև անգամ, կեղտի ու քրտնքի հոտ էր փչում: Այս պատճառով երիտասարդն անզգալի կերպով քաշվեցավ մի կողմ և, որպեսզի տիրացուից ավելի անջատվի, առջևը դրած իրերից մինն առնելով, զետեղեց նրա և յուր մեջտեղը, ասելով.
– Սրա մեջ կոտրելու բան կա, լավ է այստեղ դնենք:
Բայց որովհետև Պետրոսին այնպես թվաց թե Մոսին հասկացավ յուր միտքը, ուստի սկսավ զբաղեցնել նրան:
– Ասում ես թե այն կողմերն ավելի գեղեցիկ են, հա՞:
– Գեղեցիկ են, բա՛, ըստեղ հլա շատ փայը դյուզ ա (դաշտ), արևը որ աշմիշ ա ըլում (բարձրանում է), էն ղայդի ա էրում, որ ասես թե մարդի կաշին պուկիլ տի, ամադենի ճամփեն չիմ մեշալղով (անտառով) յա անց կենում, ոտով էլ որ գնաս, մեջքդ տաքանալ չի:
Չնայելով տիրացուի հայտարարության,