ТОП просматриваемых книг сайта:
Դավիթ Բեկ. Րաֆֆի
Читать онлайн.Название Դավիթ Բեկ
Год выпуска 0
isbn 9785000649824
Автор произведения Րաֆֆի
Жанр Зарубежная классика
Серия Столетие геноцида армян
Издательство Автор
Հրեան առանց հարցնելու, թե ի՞նչ նպատակով է իշխանը փորագրել տալիս այդ կնիքները, սկսեց բացատրել այն բոլոր վտանգները, այն բոլոր աշխատությունները, որ ինքը հանձն է առնում իշխանի պատվերը կատարելու համար: Նա ասաց, թե ինքը ստիպված կլինի մի ամբողջ ամիս իր խանութը կողպել և տանը աշխատել, որովհետև այսպիսի աշխատությունը բազարում, հրապարակավ չեն կատարում: Եվ այդ ժամանակ նա իրան կձևացնե իբրև հիվանդ, տանը պառկած: Բայց որքան վնաս կկրե, երբ մի ամբողջ ամիս, գուցե ավելի, նրա խանութը կողպված կլինի: Այդ ժամանակ նրա ոսկերչության առևտուրը պիտի դադարի: Բայց այդ բոլոր զոհողությունները հանձն է առնում Հարունը միմիայն աղայի սիրտը շահելու համար, միմիայն աղային մի «լավություն» անելու համար:
– Շնորհակալ եմ, – պատասխանեց իշխանը, – բայց եթե դու կհամարձակվես այդ գաղտնիքը երևան հանել, գիտցած եղիր, որ քեզ, այդ կնոջդ և այն երկու երեխաներիդ անպատճառ կմորթեմ:
– Այդ ես գիտեմ… – պատասխանեց հրեան խորհրդավոր ձայնով:
Սակարկությունը վերջացավ: Իշխանը հանձնեց կնիքների օրինակները և այն գումարը, որ կանխիկ պիտի վճարեր: Փայլուն ոսկիները բոլորովին շլացրին Հարունի և նրա կնոջ աչքերը, որը դեռ նստած երեխաների մոտ, լուռ լսում էր իր ամուսնի և պատվելի հյուրի խոսակցությունը:
Այդ ոսկիները իշխանը այն օր պարտքով էր վեր առել մի ագուլեցի հարուստ վաճառականից, այն պայմանով, երբ կունենա, այն ժամանակ կվճարե: Բայց իշխանի որևիցե ժամանակ փող ունենալը շատ կասկածավոր լինելով, վաճառականը սկզբում չհոժարվեցավ տալ: Բայց երբ իշխանը բռնեց նրա կոկորդից և սպառնացավ գլուխը կտրել, ժլատը իսկույն բաց արեց քսակի բերանը: Հարունը լսելով այդ պատմությունը, ծիծաղելով բացականչեց.
– Ա՛յ, լավ բան եք արել, աստված է վկա, շա՛տ լավ բան է:
– Բայց եթդ մի այսպիսի լավ բան քեզ հետ անեին, դու, կարծեմ, շատ գոհ չէիր լինի:
– Օրհնած, ինձ մոտ ի՞նչ է մնացել. մի քանի շահի ունեի, բոլորը կորցրի, ում տվեցի, չկարողացա հետ առնել. տոկոսն էլ գլխի հետ կերան: Թո՜ղ հառա՛մ լինի, հառա՛մ…
Հրեան շարունակեց գանգատվել իր գրության վրա, թե հազիվ է կարողանում ծայրը ծայրին կպցնել. ժամանակը վատ է, ամեն ինչ թանկ է: Այդ երեխաները նրան իսպառ կողոպտեցին, ուտում են, ուտում և երբեք չեն կշտանում: Այդ պատճառով շատ փոշմանել է իր ամուսնանալու վրա, բայց ինքը մեղ չունի, ամենևին միտք չուներ պսակվելու: Անիծվի՛ն հարևանները, հավաքվեցան զոռով պսակեցին, և ինքը ընկավ կրակ-ցավի մեջ…
Վերջին խոսքերը սաստիկ վիրավորեցին կնոջ սիրտը, և նա մոռանալով իր արևելյան ամոթխածությունը, թե անվայել էր օտարների հետ կամ օտարների մոտ խոսել, – շառագունած դեմքով դարձավ դեպի իշխանը, և կատաղությամբ ասաց.
– Սուտ է խոսում, շան նման սուտ է խոսում… ես գիտեմ, թե ո՜րտեղ են նրա փողերը…
Հետո նա սկսեց լաց լինել և արտասուքը աչքերում պատմել, թե ամբողջ օրերով մնում է տանը քաղցած, երբ ամուսինը խանութից վերադառնում է, հարցնում է, թե ինչու՞ հաց չբերեցիր, նա միշտ պատասխանում է` «մոռացա»: Եվ երբ ինքը շատ է խոսում, նա սկսում է ծեծել:
– Սու՜ս կաց, Եսթեր, քեզ ասում եմ` սու՜ս կաց, – անդադար կրկնում էր բարկացած ամուսինը:
– Չէ՜, սուս չեմ կենա, դու իմ այս տեղը հասցրիր, – և նա մատը դրեց իր կոկորդի վրա:
– Սուտ է խոսում, աղա, ես նրան երբեք չեմ ծեծել. թող աստված իմ ձեռքը չորացնե, եթե մի անգամ գոնե