ТОП просматриваемых книг сайта:
Դավիթ Բեկ. Րաֆֆի
Читать онлайн.Название Դավիթ Բեկ
Год выпуска 0
isbn 9785000649824
Автор произведения Րաֆֆի
Жанр Зарубежная классика
Серия Столетие геноцида армян
Издательство Автор
– Նրան էլ, նրան էլ… – ասաց հայրը:
Մայրը մյուսին էլ խրատեց իր ապտակով:
Իշխանը տհաճությամբ սպասում էր, որ երեխաները իրանց ձայնը կտրեն, որ կարողանա խոսել տանտիրոջ հետ: Այդ միջոցին մայրը գլուխը խոնարհեց, հայտնի չէ, ինչ փսփսաց երեխաների ականջին, երկուսն էլ իսկույն լռեցին: Նրանք, իրանց երկչոտ աչքերը լայն բացելով, նայեցին օտարական հյուրի երեսին և սատանայի նման մտան վերմակի տակը, կրկին պառկեցին:
– Ես քեզ մոտ գործով եմ եկել, Հարուն, – խոսեց իշխանը:
– Տապանակ ուխտին թող ինձ կուրացնե, եթե սուտ եմ ասում. – մի սև փող էլ չունեմ, – պատասխանեց հրեան, կարծելով, թե եկել է փող խնդրելու:
– Ես եմ բերել փող քեզ տալու համար, – իշխանը կտրեց նրա խոսքը:
Հարունի կնճռած դեմքը պարզվեցավ. նրա աչքերում փայլեց մի տեսակ լույս, որ կարելի է տեսնել քաղցած գայլի աչքերում միայն:
– Ինձ պետք են մի քանի կնիքներ, Հարուն, և դրա համար ես քեզ առատ կվարձատրեմ:
– Հարունը ձեր ծառան է, աղա, Հարունը մի՞թե փող կառնե աղայից կնիքներ շինելու համար, – պատասխանեց հրեան կեղծ բարեմտությամբ:
– Կնիքներ օտար մարդկանց անունով: – Հասկանու՞մ ես… .
– Հասկանում եմ… – կրկնեց հրեան խորհրդավոր ձայնով: – Բայց թող չնեղանա աղան, Հարունը իր մատները կկտրի, ու այդպիսի բան չի շինի:
– Յուրաքանչյուր կնիքի համար կստանաս հինգ ոսկի:
Հրեան բացասական կերպով գլուխը շարժեց:
– Տասը ոսկի, – ավելացրեց իշխանը:
Նա դարձյալ գլուխը շարժեց:
– Տասնևհինգ ոսկի:
– Անկարելի է, աղա, փողի համար չէ իմ խոսքը, ինչքան էլ կուզեք, ավելացրեք: Եթե կարելի լիներ, ես ձեզանից ոչինչ չէի առնի, և, ինչպես ասեցի, առանց փողի կշինեի: Այն էլ բավական էր, որ աղան քաղցր աչքով կնայեր ինձ վրա:
Հետո նա սկսեց երկար ու բարակ պատմել, թե ինչ ուխտ է դրել` երբեք կեղծ կնիքներ չշինել: Թե մի անգամ սատանան մոլորեցրեց նրան և մի այսպիսի մեղք գործեց. այն օրից իր գործերը չեն հաջողվում, երևի, աստված բարկացավ նրա վրա, և նրա խարդախությունը հայտնվեցավ: Դատավորը քիչ էր մնում, որ նրա ձեռքը պիտի կտրել տար: Ստիպվեցավ ահագին կաշառք տալ և ձեռքի փոխարեն կտրեցին մորուքը: Այդ էլ մի հրեայի համար շատ մեղք բան է: Մովսեսը հրամայել է մորուքը չխուզել: Եվ դրա համար հրեաները առանձին հարկ