ТОП просматриваемых книг сайта:
Զահրումար. Րաֆֆի
Читать онлайн.Название Զահրումար
Год выпуска 0
isbn 9781772466911
Автор произведения Րաֆֆի
Жанр Зарубежная классика
Издательство Автор
Գ
Տիկին Բարբարեն, – այսպես էր Ճանճուր Իվանիչի կնոջ անունը, – թե յուր մարմնի կազմվածքով և թե բարոյական, մտավոր կողմերից ձևացնում էր բոլորովին ընդդիմադիր ծայրը յուր ամուսնու հետ, որին արդեն ծանոթ է մեր ընթերցողը: Նա էր մոտ քառասունամյա մի կինարմատ, բարձր և ուղիղ հասակով, լիքր և առողջ մարմնով: Նրա դեմքի գծագրությունն ախորժելի էր և կանոնավոր: Նրա մանկական գարունքի գեղեցկությունը տակավին թողել էր տիկնոջ փափուկ թշերի վրա փոքր-ինչ գունատված վարդագույն կարմիրը, բայց սևորակ աչքերը դեռ չէին կորուսած իրանց նախկին փայլողությունը: Նրա գիսակը տակավին սև սաթի պես սև էր, նրանց մեջ անգութ ժամանակը արծաթաջրել էր հազիվ նշմարելի մի քանի մազեր:
Նա հագնված էր բավական մաքուր և պատշաճավոր կերպով: Նրա գլխի սև թավիշյա ծաղկազարդ թասակրավին, քողարկված նուրբ շղարշով և կապած եռանկյունի ծալվածո ատլասյա թաշկինակով, բավական վայելչացնում էր նրա բոլորակ դեմքը: Ոտից ցգլուխ նրա հագուստը համեստ մուգ գույնի էր: Մի այլ գույն նրա հագուստի մեջ բարակ մետաքսեղեն գոտին էր և գլխի զարդարանքը: Նրա կիսաեվրոպական և կիսաասիական տարազները, այնպես նուրբ ճաշակով հարմարված միմյանց, շնորհալի կերպով վայելչացնում էին տիկնոջ տարիքով հասունացած իրանը:
Որպես ասացինք, յուր ամուսնուն բոլորովին հակառակ բնավորություն ուներ տիկին Բարբարեն: Նա թեև Ճանճուր Իվանիչի նման սնահավատ էր և բոբիկ ոտքով մինչև Թելեթ համբուրելու էր գնում, թուրքի մորթած չէր ուտում, պասին մեղրով էր թեյ խմում, յուր զավակները հիվանդացածին պես դիմում էր հմայող և աղոթող պառավներին, երազների, մարմնախաղերի, կախարդության հավատում էր, – բայց տնտեսական կառավարության, ապրուստի և կյանքի ճոխության մեջ նա ավելի բարեկյաց և առատաձեռն էր, քան յուր ամուսինը:
Տիկին Բարբարեն մեծատան դուստր էր: Նա յուր տասնևութ տարեկան հասակում ամուսնացավ արդեն երեսունևհինգամյա Ճանճուր Իվանիչի հետ: Նրանց պսակը չէր կապված սիրո լծորդությամբ: Բայց նրա ծնողները՝ ցանկանալով ունենալ Ճանճուր Իվանիչի նման, իրանց կարծիքով, վաստակավոր և քաղաքագետ անձը փեսա, գեղեցիկ Բարբարեին ձգեցին այն վայրենի գազանի ճանկերի մեջ, որին երբեք չկարողացավ սիրել:
Նրանց առաջին զավակները ծտղիկը տարավ: Բայց աստված դարձյալ պարգևեց նրանց երեք աղջիկ և մի տղա: Աղջիկներից մինը՝ օրիորդ Սոֆին էր տասնևութ տարեկան, մյուսը՝ Լիզան տասն տարեկան, երրորդը՝ Ելենան ութն տարեկան: Իսկ արու զավակը, օրիորդ Սոֆիից փոքրն էր, Գրիգոլ անունով, տասնևվեց տարեկան:
Նրանց զավակներից ո՛չ մեկը նմանություն չուներ Ճանճուր Իվանիչին. նրանց ամեն մինը որոշ գույն և կազմվածք ուներ: Օրիորդ Սոֆին կրում էր յուր մոր գեղեցկությունը և նրա մարմնի քնքշությունը: Լիզան մի գորշ սևլիկ աղջիկ էր, ցամաք մելամաղձական դեմքով, թուխ, փայլուն աչքերով, գանգրահեր գիսակով: Ելենան ձյունի պես սպիտակ դեմքով, շիկահեր և երկնագույն կապույտ աչքերով: Իսկ Գրիգոլը հիվանդոտ մի պատանի էր, տկար կազմվածքով, շագանակագույն մազերով, գունատ դեմքով և նվաղած, սևորակ աչքերով: Այդ բազմազանությունը նրանց զավակների մեջ առիթ էր տալիս զարմանալ, թե ինչո՞ւ Ճանճուր Իվանիչի նման Գողիաթից հառաջ եկավ այդպիսի մանրիկ սերունդ: Բայց ո՞վ գիտե բնության գաղտնիքները: Մինչև այսօր էլ այդ հարցը մնացել է անլուծելի, թե