ТОП просматриваемых книг сайта:
ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ. ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Читать онлайн.Название ԿՈՐՍՎԱԾ ԲԱՐԴԻՆԵՐ
Год выпуска 1990
isbn
Автор произведения ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ
Жанр Книги о войне
Издательство ЛитРес: Самиздат
–Հըմ, չի երևում, թե նրանք կտոր-կտոր են անում քեզ… Կոստյումդ տեղը, վերնաշապիկդ տեղը, մազերդ նույնպես տեղն են… Մի թեքվիր տեսնեմ՝ շրթներկ չկա՞ վրադ։
–Դու ինչ է, բոլորովին չե՞ս խանդում ինձ,– հանկարծակի կանգ առնելով հարցրեց Ռաֆայելը։
–Ով իսկապես սիրում է, նա չի խանդում։
–Բայց չէ՞ որ, ասում են, խանդը սիրուց է ծնվում։
–Ժանգը նույնպես երկաթից է առաջանում, բայց հետզհետե ուտում է նրան, չափի զգացում ամեն բանում՝ կարևորը դա է,– փիլիսոփայեց Ամալյան։
–Իմ կարծիքով, ամենաուժեղ ատելությունը ամենամեծ սիրո ծնուննդն է։
Նրանք խոսում էին անկարևոր բաներից, բայց ինչպես ռեստորանում՝ երաժշտության, ծխի ու ժխորի մեջ, այնպես էլ հիմա, դրսում, նրանք երկուսն էլ երբեմն առ երբեմն բնազդաբար մտովի վերադառնում էին նույն պատմությանը՝ կապված ինստիտուտի լաբորատորիայում տեղի ունեցած անհաջող փորձարկման, Անտոնյանի մահվան ու Ստեփանի անելանելի վիճակի հետ։
–Ռաֆայել, դու ինչքան էլ ցանկանում ես անհոգ երևալ, միևնույն է, զգացվում է, որ ինչ-որ բան խիստ մտահոգում է քեզ,– առանց ամուսնուն նայելու ի վերջո ուղղակի ասաց Ամալյան։– Դա ի՞նչ բան է… Ես, իհարկե, գիտեմ, որ ընկեր կորցնելը ծանր բան է, և դրա համար ես այդպես մռայլ։
Ռաֆայելը մի առ ժամանակ լուռ քայլում էր։
–Գիտե՞ս ինչ, Ամալյա,– ասես ինքն իր հետ էր խոսում, ցածրաձայն ասաց նա,– դպրոցական ու ուսանողական տարիներն անցնելուց հետո ընկերների թիվը չի ավելանում և բոլոր կորուստներն արդեն դառնում են անվերադարձ։
–Իսկ կարո՞ղ է պատահել, որ Ստեփանին դատի տան,– հարցրեց Ամալյան։
–Ամեն բան հնարավոր է,– պատասխանեց Ռաֆայելը, դարձյալ որոշ ժամանակ լռելուց հետո։– Նրա դեմ շատ հանցանշաններ կան։
–Շատ հանցանշաններ կան,– ակամա կրկնեց Ամալյան։– Դու ինչպե՞ս կարող ես նման ձևով խոսել նրա մասին։
–Ես ոչ թե նրա, այլ գործի մասին եմ խոսում։
–Միևնույն է, դու չպետք է այդպես խոսես։
–Լավ, չեմ խոսի, եթե չես ուզում։
–Ստեփանը դատապարտյալի աթոռին՝ երևակայելն անգամ սարսափելի է։
–Երևի նրա մտքով երբեք չի անցել, որ կարող է նստել մեղադրյալի աթոռին։
–Հըմ, բան ասացիր։ Ես դեռ չեմ հանդիպել որև մարդու, որ երազեր նստել մեղադրյալի աթոռին։ Սակայն ինքդ էլ տեսնում ես, որ այնտեղ ամեն օր նոր մարդիկ են նստում։
–Ռաֆայել, ինչպե՞ս կարող ես այդպես խոսել,– բորբոքվեց Ամալյան։– Դա ցինիզմի է նման։
–Իհարկե,– ասաց Ռաֆայելը։– Ես նույնիսկ ընդունում եմ, որ դա հենց ցինիզմ է։ Ես էլ կարող էի նույնը ասել, բայց ավելի մեղմ ձևով, և դու այն կկոչեիր ճշմարտություն և իրավացի կլինեիր։ Ինչպես տեսնում ես, ճշմարտությունը ևս երբեմն ցինիզմ է հիշեցնում։ Մենք այդ կապակցությամբ կարող ենք վրդովվել ինչքան սրտներս ուզենա և նույնպես իրավացի կլինենք, որովհետև դա խաթարում է մեր օրինավորության զգացմունքը։ Բայց և նույն հաջողությամբ մենք կարող ենք վրդովվել ընդդեմ երկրի ձգողականության ուժի, որն, ինչպես հայտնի է, չի թողնում մեզ ճախրել հավքի նման։ Բայց ես, այնուամենայնիվ, մտածում եմ, որ պետք է քաջություն ունենալ ընդունելու այդ ճշմարտությունը, որը մենք կոչում ենք ցինիզմ։ Ընդունել այնպիսին, ինչպիսին որ