ТОП просматриваемых книг сайта:
Դավիթ Բեկ. Րաֆֆի
Читать онлайн.Название Դավիթ Բեկ
Год выпуска 0
isbn 9785000649824
Автор произведения Րաֆֆի
Жанр Зарубежная классика
Серия Столетие геноцида армян
Издательство Автор
– Տեսնո՞ւմ եք, սուտ չեն ասում, թե հայերի մեջ միաբանություն չի լինի:
– Շների հետ չեն միաբանվում, խան, – պատասխանեց իշխանը փոքր-ինչ բարկացած ձայնով: – Այսպիսի ցած խաբեբաները, այսպիսի անամոթ ստախոսները, այսպիսի անարգ դավաճանները ձեզ մոտ միայն կարող են շնորհ գտնել, իսկ ես նրանց զզվելի երեսը տեսնել չէի ցանկանա:
Որքան և վիրավորական լինեին իշխանի խոսքերը, դարձյալ խանը իրան զսպեց և ոչինչ չպատասխանեց: Նրան ի՞նչ վնաս երկու հայ մելիքների ցած, անամոթ, դավաճան լինելը, երբ նրանց խաբեությունից և դավաճանությունից միշտ օգուտ էր քաղում նա: Բայց ցանկանալով իր հյուրերին, որքան կարելի է, գոհունակ ճանապարհ դնել, նա իր խոսքը հետ առեց: Իշխանը և պատանին հանգստացան, կրկին նստեցին իրանց տեղերը:
Խանը սովորություն չուներ իր կանանոցում ճաշելու. կանանց հասարակությունը կարող էր ստորացնել նրա արժանավորությունները: Բացի դրանից, նրա կարծիքով, կանանց հետ պետք չէր շատ մտերիմ լինել, պետք չէր շատ ընտանեբար վարվել, այդ կարող էր նրանց ավելի համարձակություն տալ, կարող էր, ինչպես ասում են` նրանց «երեսը բաց» անել, լրբացնել: Կնիկներին պետք էր միշտ երկյուղի և սարսափի տակ պահել: Իսկ նրանց հետ ճաշելը գլխավոր պատճառներից մեկն էր մտերմական հարաբերությունների, որը շատ ցանկալի բան չէր: Եվ ո՞ր մեկի մոտ կարելի էր ճաշել: Նրանք թիվ և համար չունեին: Մեկի մոտ հյուր լինելիս, մյուսը անպատճառ կամ կվիրավորվեր կամ կնախանձվեր և կամ մի ուրիշ ղալմաղալ կսարքեր: Կնիկները ընդհանուր սեղանատուն չունեին, այլ յուրաքանչյուրը իր առանձին խոհանոցն ուներ: Այս պատճառով խանը, հետևելով բոլոր մեծ մարդերի սովորությանը, միշտ իր վրանումն էր ճաշում և միշտ ուներ իր մոտ հյուրեր իր ցեղի նշանավոր պետերից: Հացը, առատաձեռնությունը գլխավոր պայմանն էր այդ գիշակերներին իր հետ կապելու: Բայց այս անգամ ոչ ոք չէր կանչված, որովհետև այնտեղ կային քրիստոնյա հյուրեր, որոնց հետ սեղանակից լինելը կարող էր պղծել մահմեդականներին: Չէր կանչված և ցեղի շեյխը, հոգևոր գլուխը, որը խանի սեղանի անպակաս հացկատակն էր: Այնտեղ կային, բացի իշխանից և պատանի Ստեփաննոսից, գլխավոր քարտուղարը (մունշի-բաշին) և բժիշկ-դերվիշը, որին խանի խնդրելով շեյխը ուղարկել էր նրա մոտ, որ հրաշալի մաջունի մասին տեղեկություն ստանա: Այդ տարօրինակ մարդը իր օտարոտի կերպարանքով իր վրա էր դարձնում բոլորի ուշադրությունը: Հունական հին մերկիմաստակների պես, նրա ամբողջ հագուստը բաղկանում էր մի կտորից միայն. դա հասարակ կտավից կարված մի սպիտակ շապիկ էր, հայոց ժամի շապիկների նման, որ իջնում էր մինչև կրունկները: Բացի դրանից ուներ մի վագրի մորթի, որ նստելու ժամանակ իր տակն էր ձգում որպես օթոց, իսկ ման գալու ժամանակ ձգում էր ուսերի վրա որպես թիկնոց: Գլխարկ չուներ. նրա տեղը բռնել էինի գլխի խիտ, խճճված մազերը, որոնք երբեք մկրատի և սանրի երես չտեսնելով, թաղիքի ձև էին ստացել: Մորուքը նույնպես սանրված չէր: Երևում էր այդ դերվիշը պատկանում էր ֆագիրների այն դասակարգին, որոնք ճգնության և իրանց անձը զրկելու ու տանջելու փորձությունների մեջ, մտածում են գտնել մի հոգևոր և գերբնական գոյափոխություն, որ կհեշտացներ նրանց հաղորդակցություն ունենալ անմարմին էակների հետ: Մերկ պարանոցի վրա, կանանց մանյակների նման, անցուցած էին զանազան տեսակ հուլուններ, որոնք կախարդական և թելիսմանական նշանակություն ունեին: Երկու ձեռքերի,