ТОП просматриваемых книг сайта:
Դավիթ Բեկ. Րաֆֆի
Читать онлайн.Название Դավիթ Բեկ
Год выпуска 0
isbn 9785000649824
Автор произведения Րաֆֆի
Жанр Зарубежная классика
Серия Столетие геноцида армян
Издательство Автор
– Հաշիվները կա՞ն ձեզ մոտ, – հարցրեց խանը:
– Ինչպես չէ, – պատասխանեց քարտուղարը և դուրս բերեց իր գոտիի միջից թղթերի ահագիին փաթոթը, սկսեց նրանց միջից ջոկել տաթևացիների հաշիվները:
Այդ միջոցին խանի վրանը մտավ ցեղի ընդհանուր հոգևոր գլուխը – իմամը: Բոլորը ոտքի վրա կանգնեցին, նրան գլուխ տվեցին: Խանը հրավիրեց նրան իրանից բարձր նստել, նույն թանկագին օթոցի վրա, ուր առաջ ինքն էր նստած: Քննությունը հայերի հարստահարության մասին ընդհատվեցավ:
Սովորական հարցուբարևներից հետո, խանը ծիծաղելով դարձավ դեպի իմամը, ասաց.
– Ի՞նչ է շինում ձեր դերվիշը, պատրաստե՞ց խոստացած մաջունը:
– Դեռ բոլոր նյութերը ձեռք չեն բերված, – պատասխանեց իմամը լուրջ կերպով. – հարկավոր է դեռևս հարյուր մսխալ մարգարիտ, հարյուր մսխալ խոշոր մարջան, տասն մսխալ ալմաստ, տասն մսխալ յաղութ, տասն մսխալ լալ, հինգ մսխալ մուշք, հարյուր մսխալ չուբի-չին, երկու հարյուր մսխալ յալդուղի ոսկի, և մի քանի ուրիշ նյութեր: Այստեղ անկարելի է բոլորը գտնել, միտք ունեմ գրել Թավրիզ, որ այնտեղից ուղարկեն:
– Ամենևին հարկավոր չէ գրել Թավրիզ, – ասաց խանը իր ծառայությունը ցույց տալու համար իմամին, – բոլորը կգտնվեն ինձ մոտ, դուք կարող եք ստանալ ինձանից այդ բոլոր գոհարները, որքան պետք է ձեզ, միայն այն պայմանով, որ փողի փոխարեն շնորհեք ինձ ձեր սուրբ օրհնությունը:
– Ես առանց այդ ևս ամեն օր իմ նամազների մեջ հիշում եմ ձեզ, – ասաց իմամը իր հատուկ բարեսրտությամբ:
Խանը լուռ գլուխ տվեց ի նշան իր շնորհակալության:
Իմամը վաթսուն տարին անցրած մի չոր ու ցամաք ծերունի էր, ոտքից մինչև գլուխը սպիտակ հագնված, որպես վայել էր այդ նրա բարեպաշտությանը: Նրա գլխի ճերմակ չալման մի ահագին կաղամբի էր նմանում, իսկ մեջքի հաստ գոտին, փրփուրի պես սպիտակ և նուրբ գործվածքից, դիզվել էր փորի վրա: նա տասնևերկու կնիկներ ուներ, իսկ այդ հասակում կամենում էր պսակվել մի դեռահաս, տասնևչորս տարեկան աղջկա հետ, հույս դնելով իր դերվիշի հրաշալի մաջունի վրա, որը պետք է վերադարձներ նրա մանկությունը, և նրան մի առույգ երիտասարդի սիրտ և ուժ պիտի տար: Նա բոլորովին հավատում էր իր վերածնելությանը, թեև հրաշալի մաջունը նրան շատ թանկ պիտի նստեր, թեև բոլոր գոհարեղենները պիտի մտնեին խորամանկ դերվիշի գրպանը, որը բժշկության մեջ իրան մի նոր Լոկման էր ներկայացնում:
– Այդ դերվիշը, – խոսեց իմամը, – սքանչելի բաներ գիտե, նա խոստանում է ինձ համար մի դարման շինել, որը մի անգամ ընդունելուց հետո բոլոր սպիտակ մազերը սև գույն կստանան: Գիտե և մի ուրիշ դարման, որ կյանքը հարյուրավոր տարիներով երկարացնում է:
– Ինչու՞ չեք շինել տալիս, – հարցրեց խանը:
– Նյութերը հազվագյուտ են և ըստ մեծի մասին թանկագին:
– Այսպիդի դարմանները պատրաստվում են գլխավորապես գոհարեղեններից:
– Այո՜, գոհարեղեններից:
Խանը դարձյալ կրկնեց, թե բոլորը իմամը կարող է ստանալ իրանից, և խնդրեց դերվիշին իր մոտ ուղարկել, հայտնելով, թե ինքն էլ նպատակ ունի նույն մաջունները պատրաստել տալ իր համար, և այսպիսով մի օգուտ հասցրած կլինի դերվիշին, որը իմամի թե՜ բժիշկը և թե՜ հյուրն է: Մի խոսքով, խանը աշխատում էր ամեն