ТОП просматриваемых книг сайта:
Կայծեր Մաս 1. Րաֆֆի
Читать онлайн.Название Կայծեր Մաս 1
Год выпуска 0
isbn 9781772467079
Автор произведения Րաֆֆի
Жанр Зарубежная классика
Издательство Автор
Ֆերրաշները հորս բռնում էին ու կապում մեր խրճիթի սան վրա, այնքան պինդ, որ շարժվել կարող չէր, կարծես ամբողջ մարմնով մեխած լիներ սան հետ: Նրա մոտ դիզվում էր մի ահագին խուրձ դալար ճիպոտների` սկսում էին ծեծել հորս: Նա մորմոքում էր, աղաղակում էր, աղաչանք էր անում – բայց ո՞վ էր նրա ձայնը լսողը…
Ֆերրաշները հարկ էին պահանջում: Եվ եթե մի փոքր ուշանում էր, սկսում էին հորս մերկ ոտների տակ կրակ լցնել, այդ բավական չէր, նրա մարմինը այրում էին տաքացրած շամփուրներով: Այդ սոսկալի տանջանքների ժամանակ ինչ որ իմ մոր դրությունն էր, աստվա՜ծ ազատե, ես անկարող եմ նկարագրել: Նա բոլորովին գժվում էր, նա կտրում էր իր գլխի և պարանոցի զարդերից ամենաթանկագինը և տալիս ֆերրաշներին: Նա աղաչում էր, պաղատում էր, որ չծեծեն հորս, որ չսպանեն նրան, որ սպասեն մինչև առավոտ, մինչև լույսը ծագի, որ հայրս կարողանա մի տեղից պարտք անել և պահանջած հարկը վճարել:
Այս րոպեիս էլ իմ մարմնի վրա դող է ընկնում, երբ մտաբերում եմ այն սարսափելի գիշերները… Ֆերրաշները գալիս էին միշտ գիշերով, ինչպես չար երեխաները միշտ գիշերային մթության ժամանակն են քանդում խեղճ ծտի բույնը, և գիշերով են բռնում նրան, որովհետև գիտեն, որ ողորմելի թռչունը այն ժամանակ մի ուրիշ պատսպարան չունի, բացի իր օթևանը:
Զարհուրելի գիշերներ… Որքա՜ն արտասուքի և որքա՜ն տանջանքների պատճառ էին դառնում նրանք մորս… Նա գիշերային այն մթին խավարի մեջ, մենակ դուրս էր գալիս տունից, առնում էր իր հետ մի պղինձ կամ մի ուրիշ բան, և տանում էր գինետուն, որ գրավ դնե և նրանց համար ըմպելիքներ բերե: Նա մորթում էր մեր հավերը և նրանց համար կերակուրներ էր պատրաստում, բայց անողորմ հյուրերի ուտելուն և խմելուն չափ չկար:
Այսպիսի դեպքերը պատահում էին համարյա միշտ, որովհետև հարկերը վերջ ու սահման չունեին: Ամեն բանի համար պահանջվում էր, թե ցանքի համար, թե անասունների համար և թե մեր ընտանիքը կազմող հոգիների համար: Հաշիվ չկար. հաշիվը կախված էր պահանջողի կամքից միայն: Վերջապես հարկերը կարող էին ծագել հազար ու մեկ հանգամանքներից, և այնքան զանազան միմյանցից, որ շատերի անունները մոռացել եմ: Ո՞րտեղից պետք էր վճարել: – Պետք էր տունից մի բան ծախել, մի բան գրավ դնել: Բայց մեր տանը ոչինչ չէր մնացել. մեր տունը նմանում էր մերկ գերեզմանի: Այդ կարո՞ղ էր հասկանալ ֆերրաշը: Նա ինքն էր ծախել տալիս մեր կովը, մեր եզը և մեր գոմեշը, ամենևին չմտածելով, թե վաղը մեր արորը կդադարե գործելուց և մի ամբողջ ընտանիք կզրկվի ապրուստի միջոցներից:
Հայրս վերջին ժամանակներում բոլորովին թողեց իր հողերի մշակությունը, որովհետև ստացած արդյունքը մինչև անգամ չէր լրացնում հարկերի վճարը: Բայց այսպիսով նա դարձյալ չազատվեցավ ֆերրաշներից, նրանց այցելությունները դարձյալ շարունակվում էին:
Ի՞նչով պետք էր ապրել: – Մնում էր մի բան, որ սոված չմեռնենք` միշտ պա՜րտք և պա՜րտք անել… Բայց որքան ծա՜նր էին տոկոսները… ես այն ժամանակ երեխա էի, իհարկե, հաշիվներ չէի կարող հասկանալ, բայց դեռ չեմ մոռացել մեր անիրավ վաշխառուի վայրենի դեմքը: Նրան կոչում էին Հաջի-Բաբա. դա մի հարուստ մահմեդական էր, բայց հոգեառ հրեշտակը ձեզ օրինակ, երբ հայտնվում էր տոկոսները հավաքելու: Նա գրել-կարդալ