ТОП просматриваемых книг сайта:
Մեծապատիվ Մուրացկաններ. Հակոբ Պարոնյան
Читать онлайн.Название Մեծապատիվ Մուրացկաններ
Год выпуска 0
isbn 9781772467093
Автор произведения Հակոբ Պարոնյան
Жанр Зарубежная классика
Издательство Автор
– Տիկին, մեր իրավունքը տուր, որ երթանք, պարապ տեղը չսպասենք հոս, – ըսին բեռնակիրները։
– Վաղը եկեք, – պատասխանեց տիկինն․ և բեռնակիրներն, որք վաղը բառն ամեն օր լսելու վարժված էին, տիկնոջ պատասխանին վրա դռնեն դուրս ելան։
– Թաղականի մը ետևեն է ինկեր, – շարունակեց տիկինն դարձյալ, և բնավ չմտմտար, որ ուտելու համար հաց պետք է, միս պետք է, եղ պետք է, բրինձ պետք է․ զանոնք եփելու համար փայտ պետք է, ածուխ պետք է․ ասոնք բնավ չհարցուներ, առտուն լուսը չճեղքված կերթա և իրիկվան մութուն կուգա։ Ահա հյուրերնիս այսօր եկած է և ժամե մը հոս պիտի գա․ հարկավ անոթի է մարդն, առջևը բան մը հանելու է, որ ուտե, և մենք բան մը չունինք, վասն զի իրիկունները տուն եկած ժամանակ կտոր մը միս կամ ձուկ չբերեր, որ տունին մեջ կերակուր գտնվի․․․ թաղականեն ուրիշ բան չունինք տուներնուս մեջ, ամեն իրիկուն թաղական․․․
Տիկինն դեռ դիտողություններն լմնցուցած չէր, և ահա յոթանասունի մոտ մարդ մը, որ բանալիով բացած էր դուռն, ժպիտով ներս մտավ և բարևեց տիկինը։ Այս մարդը տիկնոջ ամուսինն էր։ Յուր խորշոմած կունտ ճակատն չափեն ավելի դուրս ցցված էր և այնպիսի դեմք մը ուներ, որ կարծես, թե մեկն զայն կը խտղտեր։
Այս մարդն հազիվ թե դռան սեմեն ներս ոտք կոխած էր, կինն առջևն ելնելով՝ հարցուց անոր։
– Ո՞ւր էիր մինչև հիմա, մարդ աստուծո։
– Չես ըսեր, կնի՛կ, թաղականին գործն ալ այսօր լմնցուցինք․ կիրակի օրը քվեարկությունը պիտի կատարվի, և բոլոր անդամները պատվավոր մարդիկ պիտի ըլլան։ Թորոս աղան ինծի քանի մը օղի խմցունելով ետևես ինկավ, որ յուր ուզած մարդոցը քվե տամ, բայց ես իմ մարդոցս տվի, վասնզի իմ մարդիկս ինծի ամեն գիշեր օղի կը խմցունեն և շատ բարի և պատվավոր մարդիկ են, ուրիշներուն պես թաղին սնտուկեն ստակ չեն գողնար և դպրոցն ալ․․․
– Այդ խոսքերուն ատենը չէ հիմա, շուտ մը գնա կտոր մը միս առ։
– Թորոս աղան քիչ մը սրդողեցավ, և ասկից վերջը հետս սքամպիլ չպիտի խաղա․ թո՛ղ չխաղա՜․․․։
– Ես քեզի ի՞նչ կըսեմ կոր․․․ շուտ ըրե՛, գնա՛։
– Ես ալ տիրացու Մարտիրոսին հետ տամա կը խաղամ ասկից ետքը․․․
– Այդ խոսքերը վերջն ալ կընենք, Մանուկ աղա, գնա՛ մսավաճառեն քիչ մը միս առ ու բեր։
– Տիրացու Մարտիրոսին գլխուն եկածը չես ըսեր, կնի՛կ․ խեղճին կինն այս գիշեր մազ մնացեր է, որ մեռնի եղեր․․․
– Ինչո՞ւ։
– Մանչ մը բերեր է․ բայց շատ դժվարությամբ․ չորս դայակ և տասնվեց բժիշկ հազիվ կրցած են տղան առնել։
– Խեղճ կնիկ․․․
– Վաղը քիչ մը գնա՛, զինքը տե՛ս։
– Կերթամ, հիմա դուն գնա, սա մսին գործը լմնցուր։
– Այս գիշեր անպատճառ միս պե՞տք է։
– Հապա, Աբիսողոմ աղային անկողինն ու սնդուկները բերին, ինքն ալ հիմա կուգա։
– Իրա՞վ կըսես, կնի՛կ։
– Սուտ ինչո՞ւ պիտի խոսիմ։
– Շատ աղեկ ուրեմն․ երթամ պատվական միս մ՚ առնեմ ու գամ։
Մանուկ աղան անմիջապես տունեն դուրս ելավ և հազիվ թե քանի մը քայլ առած էր, կինը ետևեն պոռալ սկսավ․
– Մա՛նուկ աղա, Մա՛նուկ աղա․․․ Մանուկ աղան ետ դարձավ․
– Միսն ինչո՞վ պիտի եփենք, – հարցուց կինը։
– Կուզես գետնախնձորով եփե՛, կուզես լուբիայով։
– Ատ