ТОП просматриваемых книг сайта:
Չհաս է. Մուրացան
Читать онлайн.Название Չհաս է
Год выпуска 0
isbn 9781772467048
Автор произведения Մուրացան
Жанр Зарубежная классика
Издательство Автор
Երկրորդ անհրաժեշտությունը հագուստն էր, որի համար նույնպես Միկիթը փող չէր վճարում: Երբեմն նա սեղանապետի համար մի արտաքո կարգի գործ էր կատարում և իբրև վարձատրություն ստանում էր նրանից մի հին մունդիր: Երբեմն դատարանի պրիստավին օգնում էր մի քանի աշխատություններ օրինակելով, որի համար ժառանգում էր նրա հին վարտիքը, կամ մի զույգ կարկատած կոշիկներ իրենց լայնաբերան կրկնակոշիկներով: Երբեմն գրագիրներից մինը մի նոր գլխարկ առնելով՝ հինը կատակի համար հագցնում էր Միկիթի գլխին, իսկ սա ամենայն իրավունքով տիրանում էր նրան, առարկելով, թե «ինչ որ իմ գլուխն է մտել, իմն է»:
Գալով արտաքո կարգի ծախքերին, դա միայն ծխախոտի ձախքը պիտի լիներ Միկիթի համար, որովհետև նա յուր ընկերների համահավասար սիրում էր ծխել: Բայg նա ծխախոոտի համար էլ փող չէր վճարում: Նա միայն մշտական մի տուփ լուցկի ուներ յուր գրպանում, որի որտեղից լինելը հայտնի չէր. որից նա մի-մի հատ հոժարակամ նվիրում էր ծխել կամեցողին, իսկ դրա փոխարեն նա նրանից ստանում էր մի գլանակ և կամ մի քաշ ծխախոտ: Եվ որովհետև դատարանում գրագիրներ շատ կային, իսկ խնդրատու հաճախորդներին թիվ չկար, ուստի նրա համար ծխախոտ չէր պակասում: Բայց և այնպես յուր նվիրատուներին չձանձրացնելու համար Միկիթը յուր համար կարգ էր դրել, որ միևնույն մարդուց, միևնույն օրը մի քանի անգամ ծխախոտ չխնդրե, այլ հերթով, այսինքն, առաջին օրը այս երեք գրագրից, երկրորդ օրը մյուս երեք գրագրից, երրորդ օրը խորհրդարանի ծառայողներից և այլն, իսկ դատարանի խնդրառուներից՝ երբ և ինչպես կպատահեր: Այսպիսով Միկիթը ոչ միայն օրվա մեջ յուր ծխելիք ծխախոտն էր հոգում, այլև կյուրակի ու տոն օրերի համար պաշար էր պատրաստում, որպեսզի դատարանը փակված լինելու համար ստիպված չլիներ ծոմ պահելու: Իհարկե պատահում էր ժամանակ, երբ գրագիրները ձանձրանալով նրա անվերջ մուրացկանությունից, հայհոյում և անպատվում էին նրան, բայց Միկիթը բնավ չէր նեղանում նրանց այդ վարմունքից, այլ յուր զվարճախոսությամբ ու կատակներով սկսում էր ամոքել նրանց սիրտը և կրկին շարունակում յուր գործը:
Իսկ եթե պատահում էր, որ գրագիրները վճռում էին անողոք մնալ և Միկիթի կույր բախտից դատարանում ծխող խնդրատու չէր գտնվում, այդ ժամանակ նա դիմում էր դատարանի ծառային, որ հոժարությամբ առաջարկում էր Միկիթին յուր ծխաքարշն ու մախորկայի քսակը: Բայց ինչ վերաբերում էր փող հավաքելուն, այդ բանի համար Միկիթն ուներ ավելի առատ աղբյուրներ: Բացի յուր պաշտոնը, որ նա կատարում էր ամենայն խղճով և ճշտությամբ, նա մյուս կողմից էլ դատարան հաճախողների, կամ այլ անձանց համար պատրաստում էր զանազան խնդրագրեր, զեկուցումներ, պատճեններ և այլ այս տեսակ աշխատություններ, որոնց համար և առատությամբ վարձատրում էին նրան: Միկիթը գնի անհամաձայնության պատճառով երբեք չէր հեռացնում իրենից և ոչ մի խնդրատուի: Նա կանոն էր դրել յուր համար, վերցնել ինչ էլ որ կտային, շատ լիներ այդ տվածը թե քիչ, համապատասխաներ յուր աշխատությանը թե ոչ. որովհետև