ТОП просматриваемых книг сайта:
Պատմվածքներ. Մուրացան
Читать онлайн.Название Պատմվածքներ
Год выпуска 0
isbn 9781772467932
Автор произведения Մուրացան
Жанр Современная зарубежная литература
Издательство Автор
Պաստորի խոսքերը խորը ներգործեցին ոսկերիչի վերա, և նա բոլորի վկայությամբ խոստացավ «չարատավորել յուր անբիծ անունը»: Սրանից հետո պաստորը հրավիրեց «եղբայրներին» աստծուն աղոթելու: Այս ընտանեական հանդեսն էլ վերջացնելուց ետ յուրաքանչյուրը քաշվեցավ յուր տունը:
Ճանապարհին քարոզիչ Ավետիքը, Կարոն և Գրիգորը միասին էին գալիս, որովհետև նրանց ճանապարհը մեկ էր:
– Գրիգոր եղբայր, – խոսեց Ավետիքը, – դու լավ ըմբռնեցիր պաստորի միտքը:
– Այո, որքան կարողացա, – պատասխանեց Գրիգորը, – նա ասում էր, որ ես պետք է աշխատեմ իմ ընտանիքն էլ մեր հավատին դարձնելու:
– Ապրիս, ճիշտ այդպես է: Այժմ ի՞նչ ես կարծում, պիտի կարողանաս թե ոչ:
– Մեծ դժվարություն եմ տեսնում այդ ձեռնարկությանս մեջ, հետևապես սկզբից ոչինչ հաստատ բան չեմ կարող խոստանալ:
– Ի՞նչ դժվարություն պետք է լինի, եղբայր, – մեջ մտավ Կարոն, – քո կինը իմ կնոջից ավելի պինդ հայ չէր կարող լինի, բայց ես նրան մոմի պես կակղացրի: Այստեղ հարկավոր է առնական հաստատակամություն: Եթե ունիս ուրեմն կամքդ կատարված է:
– Սխալվում ես, ոչ թե յուր այլ «տիրոջ» կամքը, – նկատեց քարոզիչը: – Իսկ եղբայր Գրիգորը այդ առնական հաստատակամությունը ունի, ես գիտեմ, երբ նա մտադրվեցավ մի բան անելու արգելքները նրա համար նշանակություն չունին:
– Ես միայն իմ ունեցած ուժս գործ կդնեմ, թե ինչպես կհաջողվի աստված գիտե:
– Այո՛, ուժ պետք է գործ դնել, – ավելացրավ Կարոն, – կինը միայն ուժի առաջ է հաղթվում: Ես մի քսան անգամ ծեծել եմ կնոջս մինչև նրան ճանապարհի եմ բերել:
– Ոչ, առաջ քաղցրությամբ և սիրով, – նկատեց քարոզիչը և լռեց, թողնելով որ խոսքի մնացորդ բառերը, «իսկ հետո ուժով և փայտով» իրենք իրանց հասկացվեն, որովհետև քարոզիչը զգուշացնում էր յուր «սեր և խաղաղություն» քարոզող մտքերին դավաճանող բառեր արտասանել, – Իսկ ձեր այդ գործը, – մի փոքր լռությունից հետո շարունակեց նա, – մեծ պարծանք կարող է բերել մեր «եղբայրներին» և գլխավորապես մեր պաստորին, որը յուր բոլոր ճիգը գործ է դնում մեր պատիվը և անունը բարձր պահելու բոլոր Եվրոպայի և Ամերիկայի միսիոներական և ավետարանական ընկերությունների առաջ: Վերջին բառերը առանձին հեշտահարությամբ