Скачать книгу

և փիրուզյա քարերով։ Էշը փողոցի քարերից կայծեր էր թռցնում վազելիս։ Ծառան վազում էր նրա հետևից հևիհև, որպեսզի պաշտոնատեղին հասնելուն պես, մի ձեռով սանձը բռնի և մյուս ձեռքով էլ՝ ասպանդակը, որ հայրս ցած իջնի։Ծառան էշը տուն էր բերում առանց նստելու։

      Եվ ոչ ոքի էլ թույլատրված չէր այդ։ Երեկոյան նորից էր տանում, որ հայրս վերադառնա։ Եվ ամեն օր միևնույնը։

      Մենք մի ձի էինք պահում, որպեսզի երբ ազգականներից և բարեկամներից մեկնումեկը գար և ասեր թե՝ «Հայրս բարև ըրավ, ըսավ քի՝ էշը թող տան, տեղ գնամ գամ», էշի փոխարեն՝ ձին տայինք։

      Հայրս չէր սիրում, որ իր էշի վրա ուրիշն էր նստում։ Եվ դժվար թե ինքը՝ էշը թույլ տար, որ, բացի հորիցս, որևէ մեկը նստեր վրան։ Նստողի դիակով անպայման մի փոս կլցներ։

      Հորս արիստոկրատիզմից շատ բան էր անցել էշին, նրա հոգեբանությունը նույնպես զարգացել էր այդ ուղղությամբ։

      Հորս տուն վերադառնալուց առաջ ամբողջ տունը շարժման մեջ էր ընտանիքի ամեն մի անդամը մի բան էր անում, դարսում, սրբում, դասավորում, տեղափոխում։ Տունը պետք է լիներ խստագույն կարգապահության մեջ, կոշիկները դարսված, պահարանների դռները փակ, այգու ծաղիկները ջրված, երեխաները սանրված, ընտանիքի բոլոր անդամների շորերը փոխված, ջրի բաժակը ջրամանի մոտ՝ կոթը ոչ դեպի պատը դարձված, ավելն իր անկյունը, շորերի կախարանի նրա վերարկուի մեխը բոլորովին ազատ։

      Դռան առաջ նա իջնում էր էշից։

      Մի պահ սպասում էր, մի սիգարեթ էր վառում, որպեսզի ամբողջ տունն իմանա, որ եկել է։

      Դրան կարիք էլ չկար, որովհետև փողոցի անկյունից էշը սկսում էր զռալ և հայտարարել ժամանումը։

      Մայրս հանդիպում էր նրան բակում, միասին բարձրանում էին վեր։

      Մեզանից ոչ ոք նրա մոտ չէր գնում, նա ինքը բոլորին կանչում էր հատ֊հատ, համբուրում, շոյում, կշտամբում և ճանապարհ գցում։

***

      Կիրակի օրերը նա գնում էր ագարակ և մինչև կես֊գիշեր մնում այնտեղ։ Մարմարյա ավազանի եզրին օղի էր խմում, տնից հատուկ ուղարկված ընթրիքն անում։ Այդ ընթրիքը մոտավորապես պատրաստված էր լինում տասը մարդու համար – միգուցե հանկարծակի հյուրեր հայտնվեին։

      Կես֊գիշերին վերադառնում էր էշով։

      Եթե երեք օր էլ ուշանար՝ մայրս անքուն պիտի սպասեր նրան, մի քանի խոսք փոխանակեր և ապա գնար քնելու։

      Իմ մանկությունն անցել է այդ ագարակում, մարմարյա այդ ավազանի եզրին, անցել է աղավնու սպիտակ թևերի վրա։

      Գիշերը կապույտ երկնքից այնքա՜ն աստղեր էին թափվում նրա պայծառ, աստղասարսուռ խորության մեջ։

      Ցերեկն արեգակը լողում էր նրա մեջ, կարծես զովանում էր նրա ցուրտ ջրերում, իսկ գիշերը տիեզերական էր, խորհրդավոր, խորի՜ն, խորի՜ն…

      Գիշերը սպիտակ հատակը կապտանում էր, ջուրը մուգանում և աստղե՜ր, բյուրավո՜ր աստղեր։ Լռությո՜ւն, անսահման լռությո՜ւն։ Ուռիները կռանում էին ավազանի վրա, ամբողջ ագարակի ծառերը շշնջում էին, հանկարծ մի ասուպ ճեղքում էր ավազանը և կորչում։ Համատարած, մե՜ծ֊մե՜ծ թևերով գիշեր, երկա՜ր, համասփյո՜ւռ մի երազ, կապույտ, մուգ֊կանաչ և վերևում սպիտակ ամպեր։ Կապույտ երկնքից կարծես կաթկթում էր շիթ առ շիթ, եղնիկի արցունքների նման, անիմանալի մի բան, դողի նման, սարսուռի նման ծայր էր առնում, տարածվո՜ւմ և տիեզերանո՜ւմ։

      Մրգե՜ր, մրգե՜ր, մրգե՜ր, որ գույն էին ճչում, խոտը հրավառ կանաչ, կանաչի մեջ կանաչ կակաչներ։ Սարալանջ, որ ներկվում էր արևային արյունով, սարալանջի ետևը կապույտ լեռներ, այդ լեռների գրկում, բարձր, ջի՜նջ, փիրուզյա մի լիճ, կարծես բյուրավոր մանկական աչքեր էին քթթում։

      Խաղողի

Скачать книгу