ТОП просматриваемых книг сайта:
Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա. Վահան Թոթովենց
Читать онлайн.Название Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա
Год выпуска 0
isbn 9781772468236
Автор произведения Վահան Թոթովենց
Жанр Современная зарубежная литература
Издательство Автор
Գոգոն երկար ժամանակ լսում էր աղմուկը, բայց զսպում էր իրեն, մայրս այդպես էր պատվիրել, բայց երբ զգաց, որ դահլիճը գլխիվայր էր դառնում, բարձրացավ դահլիճը և բոլորին մեկիկ֊մեկիկ դուրս վռնդեց։
Լևոնն ամոթահար և անկարող՝ սկսեց շրթունքներր կծոտել։ Հորս ողջության անպայման կտաներ այս ամոթահա–րությունը, բայց նրա մահից հետո՝ երբեք։
– Այս տանը տերերեն մեկը ես իմ, ծառան իրավունք չունի խառնվելու, – գոռաց Լևոնը, երբ ընկերներն արդեն տնից հեռացել էին։
– Մեկն էլ ե՛ս իմ, – պատասխանեց Գոգոն։
– Դուն չես։
– Ե՛ս իմ։
– Դուրս պիտի ելլաս տունեն, – գոռաց Լևոնը։
Այս առաջին «պետական հարվածն» էր ընդդեմ Գոգոյի իշխանության։
Գոգոն լռեց։ Լռեց ո՛չ թե նրա համար, որ չէր կարող պատասխանել, այլ լցվեց դառն վշտով․ 40 տարի հավատարմությամբ, գերագույն ազնվությամբ, բարձրագույն անկեղծությամբ ծառայել էր այդ տանը, հենց իրեն՝ Լևոնին, մեծացրել էր իր թևերի և ուսերի վրա և հանկարծ այս անլուր կոպտությունը։ Վիշտը կաթիլ առ կաթիլ լցվեց նրա աչքերում, դեմքի ամեն մի խորշոմում, ամեն մի կնճիռում, վիշտ, որ ծովանում է մարդու դեմքի վրա սրտի կոտրվելուց։
Լևոնը շարունակում էր գոռալ․
– Դուրս պիտի ելլա տունեն։
Մեծ եղբայրս՝ Հակոբը, միջամտեց, ուզեց լռեցնել Լևոնին, բայց Լևոնը զգացնել տվեց, որ «Հակոբ, Գևորգ և Լևոն ժառանգորդք են տանս այսորիկ»։
Մայրս այս անգամ միջամտեց, վերին աստիճանի գոհ լինելով, որ Գոգոն լռություն և պաղարյունություն պահպանեց։
Մայրս սկզբում մեղմ սկսեց, ուզեց առանց միջադեպի խաղաղացնել Լևոնին, բայց այդ մեղմությունից Լևոնը թև առավ և շարունակեց խիստ պահանջն ավելի կոպտությամբ։
– Տղա՛ս, Գոգոն այս տան մեջ 23 տարով ավելի է ապրեր, քան դուն, դուն երեկվան տղան ես այս առիքին տակ, եթե այս տան կարգադրությունները գործուդ չեն գար, կրնաս անմիջապես ինքդ հեռանալ այս տունեն։
Լևոնը լռեց։ Մենք բոլորս էլ դժգունեցինք։ Մայրիկը պարզապես իր որդուն տնից դուրս էր վռնդում։ Կատակ չէր։
Լևոնը լռությամբ դուրս եկավ դահլիճից, մայրիկը շարունակեց․
– Այս տան համար Գոգոն մեզմե ավելի է մտածեր, ավելի շատ է չարչարվեր, տան պատերուն ամեն մեկ քարը անոր ձեռքը կճանչնա, որո՞ւ բերնին է ինկեր այդ մարդը դուրս հանել, ամո՛թ։
Այս վերջին բառր մայրիկր կարծես բոլորիս էլ շպրտեց։ Բոլորս էլ գլուխներս կախեցինք։ Մեծ եղբայրս մոտեցքավ մայրիկին, ուզեց Լևոնի համար նրա վճիռը մեղմացնել։
– Ես զինքը դուրս չեմ վռնդեր, – ասաց մայրիկը, – բայց եթե ինքը կպահանջե անոր դուրս ելլալը, ինքը պիտի ելլա։
Այս խոսքերից հետո՝ Գոգոն, արցունքն աչքերին, մոտեցավ մայրիկին, համբուրեց նրա ձեռքը և ասաց․
– Խանըմ, Լևոնը թո՛ղ հոս մնա, ե՛ս կերթամ, քեզմե ըլ շատ ռազի իմ։
– Գոգո, – պատասխանեց մայրիկը կես կշտամբանքով, – տղայի հետ տղա մի ըլլար, ով ինչ կըսե, թող ըսե, դուն ինձի նայիր։
Գոգոն դուրս գնաց լռությամբ և մտնելով խոհանոց՝ սկսեց օջախի կրակը փչել։
Երեկոյան, ընթրիքին, Լևոնը չերևաց։
Մայրիկը մինչև անգամ չհետաքրքրվեց, թե Լևոնը տա՞նն է թե ոչ։ Ընթրեցինք շատ տխուր, ոչ ոք չէր խոսում, ամեն մեկս ջանացինք շուտ վերջացնել և վեր կենալ։ Ընթրիքից հետո Գոգոն մայրիկի համար բերեց մեծ, չինական գավաթով թրքական