ТОП просматриваемых книг сайта:
Չհաս է. Մուրացան
Читать онлайн.Название Չհաս է
Год выпуска 0
isbn 9781772467048
Автор произведения Մուրացան
Жанр Зарубежная классика
Издательство Автор
– Եթե դուք ինձ պատվավոր և վճռական խոսք եք տալիս, որ իմ Նատաշին անպատճառ կառնեք Պետրոսի համար, ես էլ ձեզ խոսք եմ տալիս անպատճառ զիջանել ձեզ կապալը, որ, իհարկե, մի շատ մեծ զիջողություն է. ըստ որում դա կնշանակե հրաժարվել տարեկան երեսուն հազար ռուբլի օգուտից… Եվ ես այդ զիջողությունը անում եմ այն մտքով, թե ձեր օգուտն էլ այսուհետև իմն է, որովհետև իմ աղջիկը ձեր տան հարսն է լինելու:
– Իհարկե, իհարկե, և ես դրա համար ձեզ պատվավոր և վճռական խոսք եմ տալիս, իսկ իմ խոսքի գրավականը – ահա, և նա հանելով իր ճկույթից յուր փոքրիկ ադամանդյա մատանին, որ նա մի անգամ նվեր էր ստացել յուր մի բարեկամ հաճախորդից, տվավ Մելքոն-աղային:
Վերջինս ընդունեց այդ գրավականը հոգվո ներքին ուրախությամբ, բայց որպեսզի ճրագը գրվանի տակ չմնար, նա թույլատվություն խնդրեց Թովմասից՝ կանչել և յուր կնոջն ու աղջկանը և նրանց էլ հայտնել այդ բախտավոր նորությունը:
– Որովհետև գործը միայն ինձ ու ձեզ չէ վերաբերում, – ասաց Մելքոն-աղան գործնական մարդու նախատեսությամբ, – լավ է որ մեր այս բարեկամական պայմանադրությունը հաստատվի նաև իմ կնոջ ու աղջկա ներկայությամբ: Աշխարհ է. ո՞վ գիտե, թե վաղը ինչ նորություններ կստեղծվին և գուցե կստիպեն էլ մեզանից մինին դրժել յուր պատվավոր խոստմանը: Բայց որովհետև այդ տեսակ վարմունքը ամոթապարտ պիտի կացուցանե հանցավոր կողմը, գոնե թող մեզ համար վկաներ ունենանք, որ հարկավոր դեպքում մատնացույց անեն նրանք հանցավոր կողմի վերա: Բացի այդ, այս տեսակ ծանրակշիռ բարեկամության խոստում անելուց առաջ դուք կատարյալ իրավունք ունիք ձեր հարսնացուն տեսնելու և ձեր ազատ կարծիքը նրա մասին մեզ հայտնելու: Ո՞վ գիտե. գուցե իմ աղջիկը ձեզ անգամ հավանելի չէ. ինչո՞ւ համար ապագայում ծնվելիք գժտությունները այսօրվանից ևեթ չխափանենք:
– Շատ խելոք խոսք եք ասում, Մելքոն-աղա. դրան ես հակառակվել չեմ կարող, կանչեք այստեղ իմ խնամուն և հարսնացուին. և թող նրանք էլ իմանան մեր որոշումը: Բայց կապալի գործի մասին, խնդրում եմ, դուք ոչինչ չհիշեք նրանց մոտ. մանավանդ իմ հարսնացուն չպետք է իմանա, թե այսպիսի մի գործի շնորհիվ է կայանում մեր մեջ այս բարեկամությունը: Այդ բանը կարող է նրան վշտացնել:
– Իհարկե, իհարկե, ինչ հարկավոր է կնոջ հետ առևտրական գործերի մասին խոսել, այդ կողմից ես ավելի խիստ եմ: – Այդ ասելով Մելքոն-աղան ներողություն խնդրեց Թովմասից և գնաց կնոջն ու աղջկանը կանչելու:
Պ. Թովմասը սկսավ ճեմել պարտեզի սիրուն ճեմելիքներից մինում և զմայլմամբ դիտում էր մերթ այդտեղի գեղեցկությունները, և մերթ Մելքոն-աղայի հոյակապ ապարանքը, որ մի շքեղ պալատի նման ձգվում էր պարտեզի ամբողջ լայնությամբ:
– Տեր աստված, այսքան խելքի ու իմաստության հետ այսքան էլ միամտություն, – մտածում էր ինքն իրեն պ. Թովմասը. – մի մարդ, որ այնքան խելք, շնորհք, ընդունակություն է ունեցել այսքան մեծ հարստություն և փառք ձեռք բերելու, ինչպես չէ հասկանում, որ ինձ նման մարդու համար մեծ պատիվ և մեծ փառք է իրեն հետ բարեկամանալ: Դեռ չեմ հիշում այն ահագին շնորհը,