ТОП просматриваемых книг сайта:
Անահիտ. Աղայան Ղազարոս
Читать онлайн.Название Անահիտ
Год выпуска 0
isbn 9781772466829
Автор произведения Աղայան Ղազարոս
Жанр Зарубежные любовные романы
Издательство Автор
Մեկ անգամ Վաչե թագավորի միամոր որդին՝ Վաչագանը, որ մի նորահաս երիտասարդ էր, պալատի պատշգամբի վրա կռթնած նայում էր իրանց այդ ծառաստանին։ Եղանակը գարնանային էր և առավոտյան արևաբացին։ Աշխարհի բոլոր երգեցիկ թռչունները, կարծես խոսք մեկ արած՝ հավաքվել էին այդ ծառերի վրա, որ մի ընդհանուր նվագահանդես սարքեն և իրար հետ մրցեն։ Մինն իր սրինգն էր փչում, մյուսն իր փողը, բայց հաղթանակը խոսողն էր տանում։ Սոխակն էր այդ խոսողը՝ բյուլբյուլն Աղվանից, սիրահար սրտերի միակ մխիթարիչը։ Նա որ սկսում էր նվագել իր բյուրաղի քնարը, իսկույն լռում էին մյուսները և, ականջները սրած՝ նրան էին լսում և նրա դայլայլիկի բյուրավոր ելևէջներից դաս առնում։ Մինը սովորում էր նրա ծլվլոցը, մյուսը՝ նրա կլկլոցը, մինը՝ շվշվալը, մյուսը՝ սուլելը, և մեկ էլ հանկարծ ամենքը միասին, միախառն ձայնով սերտում էին իրանց սովորած եղանակները։
Արդյոք սրա՞նց էր ականջ դնում Վաչագանը այնպես լուռ, այնպես ակնապիշ։ Ոչ… Ուրիշ հոգս, ուրի՛շ ցավ կար նրա սրտումը. սրանք միայն սաստկացնում էին նրա ցավը և խոր տխրության մեջ ձգում նրան։
Այս տխուր մտմտուքից հանեց Վաչագանին նրա մայրը՝ Աշխեն թագուհին, որ այդ պահուն մոտեցավ նրան և, մոտը նստելով, հարցրեց.
– Վաչի՛կ, ես տեսնում եմ, որ դու սրտումդ մի ցավ ունիս, բայց թաքցնում ես մեզանից։ Որդի, ասա՛ ինձ, ինչո՞ւ համար ես այդպես տխուր։
– Մա՛յր, ճշմարիտ ես ասում, – պատասխանեց որդին, – աշխարհիս փառքն ու վայելչությունը աչքիս չեն երևում։ Ուզում եմ հեռանալ աշխարհիցս, գնալ անապատ։ Ասում են՝ Մեսրոպ վարդապետը կրկին եկել է Հացիկ, իր շինած վանքումը միաբանություն է հաստատել, աշակերտներ ժողովել, ուզում եմ ես էլ գնալ այնտեղ։ Մա՛յր, դու չգիտես, թե ինչքա՛ն լավ գյուղ է այդ Հացիկը։ Այնտեղի թե՛ տղերքը և թե՛ աղջկերքը այնպես սրամիտ, այնպես գեղեցիկ են, որ եթե տեսնես՝ կմնաս հիացած։
– Ուրեմն, նրա՞ համար ես գնում Հացիկ, որ այնտեղ տեսնես քո սրամիտ Անահիտին։
– Մա՛յր, դու որտեղի՞ց գիտես նրա անունը։
– Մեր պարտիզի սոխակները բերին ինձ այդ համբավը։ Սիրելի՛ Վաչիկ, ինչո՞ւ ես մոռանում, որ դու Աղվանից թագավորի որդին ես։ Թագավորի որդին կա՛մ թագավորի, կա՛մ մեծ իշխանի աղջիկ կուզի և ոչ թե՝ մի գեղջկուհի։ Վրաց թագավորը երեք աղջիկ ունի, կարող ես ընտրել նրանցից որին կամենաս։ Գուգարաց բդեշխն ունի մի շատ գեղեցիկ աղջիկ, որ իր միակ ժառանգն է, իր հարուստ կալվածների միակ տիրուհին։ Սյունյաց իշխանն ունի դարձյալ մի շատ սիրուն աղջիկ, վերջապես՝ մեր հազարապետի Վարսենիկն ի՞նչ պակաս աղջիկ է. մեր աչքի առջև մեծացած, մեր ձեռքով կրթված…
– Մա՛յր, ես արդեն ասացի, որ պիտի երթամ վանք, բայց եթե դուք ուզում եք, որ ես անպատճառ ամուսնանամ, ապա գիտացեք, որ իմ ուզածը միայն և միայն Անահի՛տն է…
Այս ասաց Վաչագանը և, ամոթից կարմրելով, վազեց դեպի պարտեզ, ինչպես մի ծանր բեռնից ազատված փախստական գերի…
Բ
Վաչագանի քսան տարին նոր էր լրացել։ Նա երկայնացել էր իրանց պարտեզի բարդիների նման, բայց շատ քնքուշ, դժգույն և վատառողջ էր։ Մանկությունից կրոնական կրթություն ստանալով մեծն Մեսրոպի աշակերտների մոտ՝ մտադիր էր իր վարդապետների օրինակին հետևել, քաշվել մի վանք, աշակերտներ պատրաստել և քարոզչության նվիրվիլ։ Բայց նրա այդ ձգտումը հակառակ էր իր ծնողաց կամքին, ըստ որում՝ ի՛նքն էր նրանց միակ զավակը, ի՛նքն էր Աղվանից թագավորության միակ ժառանգը։
«Որդյա՛կ իմ Վաչագան, – ասում էր հայրը շատ անգամ, – դու գիտես, որ իմ հույսը միայն դու ես, դո՛ւ պետք է մեր տան ճրագը վառ պահես, մեր օջախի հիշատակը՝ կենդանի։ Պետք է, ուրեմն, ամուսնանաս, ինչպես որ աշխարհիս օրենքն է»։
Որդին միայն կարմրում էր հոր այդ առաջարկությունը լսելիս և չէր իմանում՝ ի՞նչ պատասխան տա, ըստ որում՝ ամուսնության վրա նա չէր մտածել և չէր էլ ուզում մտածել։ Բայց հայրը նրան հանգիստ չէր տալիս, և նույն առաջարկությունը, ավելի գրավիչ խոսքերով, նա անում էր շաբաթը մի քանի անգամ։ Հոր այդ ստիպմունքներից ազատ մնալու և նրան ուշ-ուշ տեսնելու համար ինքն իրան որսորդության տվավ Վաչագանը, թեև զբոսասեր չէր, այլ՝ ավելի սիրում էր շարունակ տանը նստել և կարդալ։ Այնուհետև առավոտները վեր էր կենում շատ վաղ և ընկնում սար ու ձոր և երեկոները շատ ուշ ետ դառնում։ Երբեմն երեք-չորս օրով ուշանում էր և ծնողացը տարակուսության մեջ ձգում։ Շատ իշխանների որդիք ուզում էին նրան ընկերանալ և նրա հետ միասին ման գալ, բայց ինքը չէր հոժարում։ Նա հետը վերցնում էր միայն իր մտերիմ և քաջ ծառային՝ Վաղինակին, որ մի պնդակազմ և քաջառողջ տղամարդ էր, և իր հավատարիմ շունը՝ Զանգին, որ թեև դեռ լակոտ, բայց արդեն մի ահագին գամփռ էր։ Սրանց հանդիպող մարդիկը չէին իմանում, որ մինը թագավորի որդին է, և մյուսը՝ նրա ծառան, ըստ որում՝ երկուսն էլ միևնույն հասարակ որսորդի հագուստն ունեին հագած, երկուսն էլ՝ միևնույն նետաղեղը ուսներին և լայնաշեղբ դաշույնը կախած գոտիկներից, միայն պաշարի պարկը Վաղինակն էր կրում։ Շատ անգամ իջնում էին զանազան գյուղերում, և Վաչագանը, իբրև մի օտար մարդ, ծանոթանում էր գյուղացոց կյանքին, տեսնում էր նրանց ամենօրյա հոգսերն ու կարիքները, նկատում էր, թե ովքե՛ր են բարություն անում և ովքե՛ր՝ անիրավություն։ Հանկարծ շատ կաշառակեր դատավորներ հեռացվում էին իրանց պաշտոնից, և նրանց տեղ լավերն էին նշանակվում, շատ գողեր բռնվում ու պատժվում էին, շատ նեղության մեջ ընկած տներ ու համայնքներ օգնություն էին ստանում թագավորից՝ առանց իմաց տալու նրան իրանց նեղությունը։ Այսպես մի աներևույթ զորություն ամեն տեղ ամեն բան տեսնում էր և հոգացողություն անում։ Այս տեսնելով՝ ժողովուրդն սկսեց հավատալ, որ Վաչե թագավորը Աստծու պես իմանում է, թե՝ ո՛ւմ ինչ է պետք, և ո՛վ է պատժի կամ վարձատրության արժանի մի բան արել։ Էլ ոչ մի տեղ ո՛չ գողություն էր լինում և ո՛չ մի ուրիշ անարդարություն։ Բայց ոչ ոք չէր